Լրահոս
Օրվա լրահոսը

«Մանդատ ե՞ք ուզում, մանդատ չեք ստանալու. որ մեր Նիկոլին տեսնեք, ասեք էլի ուրիշ ձև չգիտե՞ս». Էդմոն Մարուքյան

Մայիս 11,2020 23:55

«Ես գիտեմ, որ Նիկոլ Փաշինյանը ձեզ խնդրել է, որ մի ձև գտնեք՝ մենք մանդատները դնենք: Մեր Նիկոլին որ տեսնեք, ասեք՝ էլ ուրիշ ձև չգիտե՞ս, Նիկո′լ, այդ վերջին ընդդիմախոսներին ես ուզում նեղացնե՞ս»,- անդրադառնալով այսօր ՀՀ ԱԺ-ում իր հասցեին Սասուն Միքայելյանի և Լիլիթ Մակունցի կողմից արված  հայտարարություններին՝  Արցախից ֆեյսբուքյան ուղիղ եթերում արձագանքեց ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Նա ասաց, որ դրանք իրենց թիկունքի հետևում հնչող սպառնալիքներ են:

Հիշեցնենք՝ Լիլիթ Մակունցը հայտարարել էր՝ «մեր երկու պատգամավորները մանդատները վայր կդնեն, եթե նույնն անեն ԼՀԿ երկու պատգամավորներ»: Սասուն Միքայելյանը հայտարարել էր` «Էդմոն, եթե տղա ես, մանդատդ դիր, ես էլ կդնեմ»:

Էդմոն Մարուքյանը հարցրեց՝ մեր մանդատներն ինչի՞ դնենք, ո՞ւմ ենք խփել ու շարունակեց. «Այ, Սասունը պիտի դնի մանդատը, քանի որ նա քաղաքականության հետ սկի կապ չունի: Նա որ խոսում է, մարդիկ չեն հասկանում՝ ինչ է ասում: Էլի մարդիկ կան, որ պիտի դնեն մանդատը՝ հետևից, մեջքից խփողները, վիզ կտրողները: Հայ մարդու վիզ վերջին անգամ կտրել են Բուդապեշտում, մեկ էլ ապրիլյան պատերազմի ժամանակ՝ Թալիշում, մեկ էլ Սասուն Միքայելյանն է սպառնացել վիզ կտրելով: Ուրիշ հայ մարդու վիզ կտրող չեմ ճանաչում: Այ վիզ կտրողներ, ո՞ւր եք, բա վիզս ինչի՞ չեք կտրել: Եկեք կտրեք, հը՞: Ամաչում եմ ձեր փոխարեն, այ  հաց ուրացողներ, այ ճանապարհ անցած ուրացողներ, մանդատ ե՞ք ուզում, մանդատ չեք ստանալու: Մանդատը մենք դնենք որ ի՞նչ: Մենք բռնության զոհն ենք, իսկ դուք բռնության հեղինակներն ու նախաձեռնողները: Մենք մանդատը դնենք որ ի՞նչ, որ ընդհանրապես անսասան դիկտատուրա լինե՞ք երկրում: Դա բացառված է, հանդարտվեք, ձեր հայրերին, մայրերին մի բրդեք առաջ: Ձեր հոր, մոր հետ որևէ խնդիր չունենք: Խոնարհվում ենք նրանց առաջ, համբուրում նրանց գերեզմանները և ողջ հոր ու  մոր ձեռքերը համբուրում: Այնքան մարդ եղեք, որ ինքներդ ձեզ համար, ձեր ինքնասիրության համար պայքարեք»:

Խոսելով իր եղբոր հայտարարությունների մասին՝ Էդմոն Մարուքյանն ասաց. «Իմ եղբայրը հայհոյանք է կերել այն մարդու հասցեին, որն իր եղբոր վիզը կկտրի: Կա՞ ՀՀ-ում եղբայր, որը կհանդուրժի իր եղբոր վիզը կտրելը: Ես չեմ կարող վերահսկել իմ եղբայրներին, քանի որ նրանք իրապես պատրաստ են իմ վիզը կտրելու պարագայում անել իրենց անելիքները: Եկեք, վիզս կտրեք, հետո կտեսնեք հետևանքները: Ոնց հասկանում եմ՝ ՀՀ-ն իրավական պետություն չէ: Սամասուդապետություն եք սարքել, թե բա ես նենց կառույցի ղեկավար եմ, որ եթե ներողություն չխնդրեք, չգիտեմ՝ ինչ կլինի: Ի՞նչ կանեք, Սասուն, ի՞նչ կա, հը՞:  Բա քանի օր անցել է, ո՞ւր եք ապեր, եկեք, ձեզ ենք սպասում,  ապեր, բա հո ամբիոնից խոսալով չէ՞: Դու լավ գիտես չէ՞, որ չեք կարող: Դու լավ գիտես չէ՞, որ ինչքան ռեսուրս ունես, 44 անգամ ավել ռեսուրս ունենք: Հանդարտվեք, ամոթ  ձեզ: Հացը հետներս կիսել, ամբարտավանությամբ ուրացել եք, ամաչում եմ ձեր փոխարեն, աղոթում եմ ձեր մեղքերի համար: Հույս չունենաք, ու դուք կմնաք այս պայքարի մեջ նախկինների հետ կռվի մեջ: Նրանք գնացել են, դուք էլ եք գնալու ու մենք ենք գալու: Ու դուք այսօր գործում եք  շատ հարցերում ավելի վատ, քան նախկինները: Հետևաբար նախկիններ ասելով՝ պետք է գործողություններով դատենք մարդկանց, և ըստ էության՝ դուք ավելի վատն եք, քան նախկինները: Մնացած հարցերով ուզում եմ ասել, խոնարհվում եմ բոլոր մարդկանց հոր, մոր սրբությունների համար»:

Ամփոփելով Էդմոն Մարուքյանն ասաց. «Գիտեք մեր արժեքները: Մի բրդեք ձեր սրբություններին առաջ, ինքներդ մտեք կռվի մեջ: Եղա՞վ, իմացա՞ք, առողջ եղեք: Աստված բոլորիս պահապան, արխային չընկնեք, մենք կանք, թույլ չենք տալու ապականեք որևէ արժեք, որը կապված է մարդու իրավունքների, ազատությունների, ժողովրդավարության, ՀՀ-ի և Արցախի Հանրապետության շահերի և ազգային իղձերի հետ: Լա՞վ: Աստված բոլորիս պահապան: Լավ մնացեք»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031