ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր, նկատի ունենալով «Իմ քայլի» պատգամավոր Սասուն Միքայելյանի եւ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի մասնակցությամբ միջադեպը, հայտարարել էր՝ միջադեպի մասնակիցներ «Իմ քայլից» Արտակ Մանուկյանն ու Վահե Ղալումյանը պատրաստ են Սասուն Միքայելյանի պես մանդատները վայր դնել, եթե նույնը միաժամանակ կանեն ԼՀԿ-ից Սարգիս Ալեքսանյանն ու Հրանտ Այվազյանը:
Սարգիս Ալեքսանյանն Aravot.am-ի հետ զրույցում արձագանքելով այս հանգամանքին՝ ասաց. «Ինչպես հասկանում եմ՝ իշխանության ներկայացուցիչն իր առաջարկով փորձ է անում կրկին եղելությունը աղավաղելու, խեղաթյուրելու և դավադրության վրա հիմնված քաղաքականությունը տանելու իրենց ձեռնտու ուղղությամբ: Կարծես շախմատային տրամաբանությամբ են առաջնորդվում, և իրենց հաշվարկով՝ մի քայլով երկու խնդիր են ուզում լուծել, մի դեպքում, շախմատային լեզվով ասած, «ժերտվա» տալ՝ իրենց համար անցանկալի իրավիճակում հայտնված անձանցից ազատվելու համար, իսկ մյուս դեպքում՝ պառակտում առաջացնելու քաղաքական հակառակորդի դաշտում: Բայց այս մարդիկ չեն գիտակցում, որ պատի են հանդիպել, չեն գիտակցում, որ այս ամոթալի միջադեպը ոչ մեկիս հաղթանակը կամ պարտությունը չի, սա բոլորիս պարտությունն է՝ երկրի, պետականության, մասնավորապես՝ ԱԺ-ի հեղինակության հարցն է»:
Սարգիս Ալեքսանյանը շեշտեց. «Ես այդ խայտառակ միջադեպից ամաչում եմ, ամաչում եմ նաև իրենց փոխարեն, մինչև հիմա մտքիս մեջ դաջվել է այդ օրվա նիստի ընդմիջումից հետո որոշ պատգամավորների հաղթական կեցվածքը, հրճվանքը, մաղձը, զզվանք հարուցող դեմքերը: Իսկապես խղճահարություն առաջացավ իմ մեջ, չգիտեմ… ո՞ւմ հաղթեցին, ի՞նչ հաղթեցին…Իսկ հիմա այդ կատարվածից դասեր քաղելու փոխարեն խորացնում են լարվածությունը: Կոնկրետ տիկին Մակունցի հնչեցրած միտքը՝ իմ և պարոն Այվազյանի համատեքստում, ես այսպես եմ հասկանում.
պարոն Ղալումյանի արարքը փորձում է համարժեք հարթության մեջ դնել մեր՝ երկուսիս գործողությունների հետ, բայց եթե հասարակության մի հատվածի մոտ կարող է խաբկանք ստեղծվել, ու հնարավոր է՝ կուրորեն կհավատան, ապա մի՞թե սա վիրավորանք չէ ամբողջ հանրության հանդեպ: Որքա՞ն պետք է ցածրանալ, ի՞նչ հաշվարկներ են անում:
Կարդացեք նաև
Հույս եմ հայտնում, որ պարոն Ղալումյանը և ականատեսները ազնվորեն կասեն ճշմարտությունը, որ ես բացի հետ քաշելուց, որի ընթացքում նա ընկավ, իրեն ոչ մի հարված չեմ հասցրել, ամեն դեպքում՝ մենք գոնե հաց ենք կիսել իրար հետ, և ինձ ճանաչողները գիտեն, որ ես ընկածին չեմ հարվածի:
Իսկ տիկին Մակունցի պայմանը համարում եմ անարդար և քաղաքական առումով անիմաստ քայլ: Կրկին ներողություն եմ խնդրում մեր հանրությունից՝ բոլոր պատգամավորների փոխարեն. սա չպիտի լիներ»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Հ. Գ. ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանը չի հիշում, թե ԼՀ պատգամավորներից որեւէ մեկն իրեն հարվածած լինի։ Այս մասին պատգամավորը հայտնել է NEWS.am-ի հետ զրույցում. «Ես չեմ պնդում, որ իրենք ինձ հարվածել են, ոչ էլ կարող եմ հերքել դա։ Այնտեղ քաշքշուք էր, ամբողջությամբ չեմ կարող իրավիճակը պարզաբանել, իրական ներկայացնել։ Քաշքշուք է եղել, կադրերն էլ ասում են՝ քաշել, գցել են»: