Լրահոս
Օրվա լրահոսը

Սոցաշխատողը նպաստ բաժանող չէ. դա կարող է կազմել նրա աշխատանքի մի մասը. մասնագետները՝ սոցիալական աշխատողի ինստիտուտի խնդիրների մասին

Մայիս 11,2020 20:40

«Ասել, որ սոցիալական աշխատողի ինստիտուտ ընդհանրապես չկա, ճիշտ չի լինի: Հայաստանում դրա բոլոր բաղկացուցիչները կան, այլ բան է, որ դրանք որդեգրված չեն պետական սոցիալական ծառայության կողմից և դեռ ընթացքի մեջ են»,- «Մեդիա կենտրոնի» կազմակերպած «Սոցիալական աշխատողի ինստիտուտ, կա՞, թե՞ չկա» թեմայով առցանց քննարկմանը հայտարարեց ՀՕՖ «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի տնօրեն Միրա Անտոնյանը:

Նա նշեց, որ այս ինստիտուտը կսկսի լիարժեք գործել այն դեպքում, երբ լինի այդ գիտակցությունը, որ սոցիալական աշխատողը բժշկի, ոստիկանի նման կարևոր առաջնային օղակ է: Ներկայիս իրավիճակը Միրա Անտոնյանն այսպես բնութագրեց. «Մի տեսակ շատերն են սկսել դրա մասին խոսել, բայց ինստիտուտավորումն այդ գործառույթների չեղավ, չեղավ այն, թե ով է սոցիալական աշխատողը: Ժամանակն է մտածել ոլորտի աշխատուժի պրոֆեսիոնալիզացիայի մասին: Կախված հանձնարարությունների բնույթից պետք է ակնկալենք, որ ունենք տարբեր մակարդակի պատրաստվածության սոցիալական աշխատողներ:

«Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության երեխաների պաշտպանության և կրթական ծրագրերի ղեկավար Աիդա Մուրադյանը նշեց, որ սոցաշխատողի դերի հստակեցման խնդիր ունենք. «Ի սկզբանե սոցաշխատողները եղել են մարդասիրական աջակցություն տրամադրողներ, բայց այդ ծառայությունը զարգացել է,  և այսօր մեր իրականության մեջ պետք է անընդունելի լինի սոցաշխատողին դիտարկել որպես նյութական աջակցություն տրամադրող: Սոցաշխատողը նպաստ բաժանող չէ. դա կարող է կազմել նրա աշխատանքի մի մասը, նա շատ ընդգրկուն և բազմաշերտ խնդիրների հետ առնչվող մասնագետ է: Նա ընտանիքը կապում է լուծումների հետ, որ հզորանա և գտնի իր լուծումները»:

Աիդա Մուրադյանը խոսեց օրենսդրական խնդիրների մասին ու մանրամասնեց. «Քանի որ մասնագիտական կրթությունը պարտադիր չէ, ունենք իրավիճակ, երբ տարբեր մասնագիտությունների տեր կամ անգամ մասնագիտություն չունեցող մարդիկ դառնում են սոցաշխատողներ և մարդկանց կյանքերի մասին որոշումներ կայացնում»:

Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը ևս պնդեց, որ սոցիալական աշխատողի ինստիտուտ կա մեր երկրում, սակայն պետք է դնել քննարկման կայացվածության մակարդակը, թե որքանով է համակարգը կայացած. «Ընտանեկան բռնության ասպարեզում սոցիալական աշխատողն անկյունաքարային դեր է կատարում: Թեժ գծերին պատասխանում են սոցաշխատողները, դեպքը գնահատողը նա է, թե ինչպիսի աջակցություն է անհրաժեշտ անձին, որոշում է հենց սոցիալական աշխատողը հատուկ ընթացակարգով և փաստաթղթավորված կարգով: Նրա հմտություններից է կախված, թե ինչպիսի աջակցություն կստանա ընտանեկան բռնության ենթարկված անձը: Օրինակ՝ հատկապես այս համաճարակի ժամանակահատվածում, երբ մարդիկ մեկուսացված էին տներում, մեկ ամսվա ընթացքում Ընդդեմ կանանց բռնության կոալիցիայի թեժ գծերին ստացվել է 803 զանգ, որոնց մեծ մասը սոցիալական աջակցության հեռախոսազանգերն են»:

Հարցին՝ որքանո՞վ է պետությունը շահագրգռված կայացնել այս ինստիտուտը, Զառա Հովհաննիսյանը պատասխանեց. «Կարծում եմ շահագրգռված է հատկապես վերջին երկու տարիների ընթացքում: Որոշակի քայլերն ինձ հուշում են այդ մասին, օրինակ՝ տարբեր քրեական գործերը, որոնք հարուցվել են սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների աշխատակիցների գործունեության  արդյունքում, որոնք տարիներ շարունակ օգտվել են սոցիալական աջակցության մեխանիզմներից: Այսօր դա հնարավոր չէ: Լրջորեն վերահսկվում է նրանց աշխատանքը: Բայց մենք չունենք համապատասխան մշակված քաղաքականություն, որը կներառի տարբեր պետական մարմինների և համագործակցության արդյունքում ստեղծված առավել արդյունավետ մի քաղաքականություն, որտեղ նաև մեկ առանցքի վրա կդրվի սոցիալական աշխատանքը»:

Միրա Անտոնյանը կարևորեց, որ սոցիալական աշխատողներին տրվի համապատասխան մանդատ, պաշտոնական փաստաթղթերով ձևակերպեն հասարակական պահանջը, թե ում ենք ուզում տեսնել, ինչ ենք ակնկալում այդ մարդու ֆունկցիայից:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031