Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) Դիարբեքիրից ընտրված հայ պատգամավոր Կարո Փայլանն անդրադարձել է Թուրքիայում կորոնավիրուսի իրական պատկերն արտացոլող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և բանվորների լուսանկարին։
Այդ լուսանկարը սոցցանցերում և Թուրքիայի քաղաքական գործիչների շրջանում լայն քննարկումների առիթ է դարձել։
Նշենք, որ Թուրքիայում կորոնավիրուսի դեմ իրականացվող միջոցառումների շրջանակում Ստամբուլում 3 հիվանդանոց է կառուցվում, որոնցից մեկը Աթաթուրքի օդանավակայանի տարածքում։
Աշխատանքների ընթացքին ծանոթանալու համար Էրդողանը այցելել է շինարարներին։ Ինչպես երևում է լուսանկարում, Էրդողանը ձեռքով ողջունել է ժապավենից այն կողմ հավաքված շինարարներին, որոնց մեծ մասը չի պահպանել սոցիալական հեռավորությունը և չի կրել համավարակից պաշտպանվելու անհրաժեշտ միջոցները։ Մինչդեռ Էրդողանը նրանցից հեռու լինելու համար կանգնել է այդ բաժանարար գծի հակառակ կողմում։
Կարդացեք նաև
Կարո Փայլանը Twitter միկրոբլոգի իր պաշտոնական էջում այդ լուսանկարը Էրդողանի կողմից անխղճություն է որակել։
«Հարյուրավոր բանվորների սպասեցնում են իրար կողքի։
Էրդողանը ժապավենի հետևում հեռվից ողջունում է բանվորներին։ Մինչ այս գիշեր այդ բանվորները կպառկեն նույն հիվանդասենյակում, Էրդողանը կշարունակի վայելքը իր 1000 սենյականոց պալատում»,- գրել է Փայլանը։