«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ամբողջ աշխարհում գրանցվում է տնտեսական ակտիվության նվազեցում, բնական է, որ մեր հանրապետության տնտեսությունը չի կարող խուսափել այդ արտաքին ազդեցություններից»,- առցանց ասուլիսի ընթացքում ասաց Արցախի Հանրապետության պարետ, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը։
Նա ընդգծեց, որ համախառն ներքին արդյունքի մասով նվազում չի արձանագրվել. «Այնուամենայնիվ, որոշ ազդակներ մենք գրանցում ենք։ Մասնավորապես՝ շուրջ 350-ից ավելի տնտեսվարող սուբյեկտներ կասեցրել են իրենց գործունեությունը։ Նաև մենք ունենք որոշակի աշխատատեղերի կամ աշխատանքի ժամանակավոր դադարեցման դեպքեր՝ շուրջ չորս տասնյակ հարյուրի չափով։ Այսինքն՝ այսպիսի ազդակներ, այսպիսի հետևանքներ մենք արդեն արձանագրում ենք նաև Արցախի Հանրապետությունում։ Դա նույնպես ազդել է մեր արտաքին առևտրի վրա, գրանցվել է թե ներմուծման, թե արտահանման նվազում։ Եվ այդ բոլոր հանգամանքները խոսում են նրա մասին, որ չենք կարող բացառել առնվազն տնտեսական աճի զսպում կամ անկում այս տարվա ընթացքում»։
Գրիգորի Մարտիրոսյանը հավելեց, որ դեռևս վաղ է թվեր ներկայացնել, քանի որ այս ճգնաժամի տևողությունը և խորությունը դեռ հայտնի չէ. «Հույս ունենք, որ այլ ոլորտների հաշվին, որոնք քիչ են կապված արտաքին տնտեսական ազդեցությունից, մասնավորապես՝ գյուղատնտեսությունը, քաղաքաշինությունը, հնարավորություն կտան մեր տնտեսությանը ամբողջությամբ չընկնել խոր ճգնաժամի մեջ։ Եվ կկարողանանք այս ոլորտների աճի հաշվին ունենալ որոշ փոխհատուցում համախառն ներքին արդյունքի կամ ազգային եկամտի։ Կարծում եմ՝ երկրորդ եռամսյակի ավարտի մոտ կամ ավարտից հետո կառավարությունը ավելի հստակ ցուցանիշներ կարող է արձանագրել և ճշգրտել թե պետական ֆինանսների ոլորտում իրականացնող քաղաքականությունը, թե այլ տնտեսական ծրագրերի բովանդակությունը»։
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ