Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանուշ Խառատյան. «Իմ հանդեպ սպառնալիքները ավելի վաղ են սկսել, նաեւ ֆիզիկապես զանազան ձեւով հայտնվում էին մոտակա տարածքում»

Մայիս 11,2020 18:55

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանի եւ նրա ընտանիքի նկատմամբ սպառնալիքներն, ինչպես ինքն է ասում, սկսվել են դեռ երկու եւ ավելի ամիս առաջ:

Այդ սպառնալիքների մասին Խառատյանը ֆեյսբուքի իր էջում որպես հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Ոստիկանությանը, ԱԱԾ-ին եւ Գլխավոր դատախազությանը:

Aravot.am-ի հետ զրույցում Խառատյանն ասաց՝ առայժմ իրավապահ մարմիններից արձագանք չի ստացել:

«Հայտնում եմ, որ ֆեյսբուքի օգտատեր «Narek Malian»/Նարեկ Մալյանը, 2020 թվականի մայիսի 10-ին ֆեյսբուքյան ստատուս/հայտարարություն է տարածել, որտեղ վերջնագիր է ներկայացրել «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Harutyun Marutyan-ին, Երեւան քաղաքի ավագանու անդամ Արփենիկ Մարության-ին և ինձ՝ Հրանուշ Խառատյանիս: Կարծում եմ, որ հայտարարության մեջ մեր կյանքի համար վտանգավոր բռնության իրական սպառնալիք կա։ Խնդրում եմ, օրենքով սահմանված կարգով, ընթացք տալ եւ ապահովել մեր անվտանգությունը»,-գրել է Խառատյանը։

Մեզ հետ զրույցում տիկին Խառատյանն ասաց, որ  սպառնալիքներ անընդհատ են եղել՝ տարբեր գրառումներով, նույնիսկ հեռուստացույցով նրան աղբամանը նետելու կոչեր են եղել. «Հիմա Խառատյան ընտանիք թիրախի նոր միավոր է առաջացել: Մենք զուսպ էինք, չէի կարծում եւ չեմ կարծում դրա նկատմամբ պետք է արտահայտվեմ, որովհետեւ իմ կարծիքով, թույլ եմ տալիս այս բառն ասել՝ դա այնքան ստորակարգ բան է: Բառերի հեղեղ է՝ ես դավաճան եմ, թուրքի վիժվածք, ու ամեն օր նման բաներ: Բայց լավ, այս ամենն ասելիս գոնե հղում տան, թե ի՞նչն է ասելիքի հիմքում, ի՞նչ եմ արել, որ այդպիսին եմ: Թեեւ, հասկանում եմ նաեւ, որ խնդրով մարդկանց ամենազգայուն լարերին են դիպչում, մարդկանց մեծ մասը տեղյակ չէ՝ ով՝ ում դեմ է, ինչո՞ւ համար է խոսում: Իսկ այս վերջինը՝ մերումանուկ (նկատի ունի Ադեկվատ խմբի անդամ Նարեկ Մալյանի սպառնալիքը՝ մերումանուկ եմ անելու առանց խղճի խայթի Ն.Բ.), բոլորիս ոչնչացնելու են եւ խիղճները հանգիստ է, որ դա իրենց սրբազան պարտքն է հայրենիքի համար»:

Խառատյանի կարծիքով՝ սա արդեն իրավապահ մարմիների լուծելու խնդիրն է, եւ իրավապահները պետք է հանրությանը ներկայացնեն, Խառատյանի խոսքերով ասած՝ որ կա այդպիսի դավաճան, որը պետք է պատիժ կրի. «Կամ պետք է ցույց տան, որ այս բռնության կոչերով եւ դրսեւորումներով մարդկանց զգայուն լարերի վրա խաղալով եւ աղմուկ առաջացնելով՝ դրա տակ ինչ-որ խոշոր այլ երեւույթներ թաքցնելու համար չեն: Իրավապահները պետք համոզվեն եւ ցույց տան իրականությունը: Ի վերջո, մարդկանց մեջ իսկապես վախեր են առաջանում՝ երկրում կան դավաճաններ, որոնք ազատ, անարգել, ինչպես ես եմ, կործանում եմ երկիրը, Ադրբեջանին եմ ծախում, Թուրքիային եմ ծախում, Ցեղասպանության թանգարանի արխիվն եմ բաժանում աջուձախ: Այդ ցածրորակ բաները հասել են մի հանգրվանի, որ մենք պետք է ոչ թե զսպվենք, այլ պետք է օրենքը խոսի, ի վերջո երկիրը պետք մի նորմալ հարաբերությունների հունի  վերադառնա»:

Հրանուշ Խառատյանը վստահեցրեց. «Մալյանական խումբն գրում ու մատնացույց էր անում մեզ, Մալյանն անընդհատ խոսում էր, դա միայն սոցիալական ցանցերի տարածքում չէր, միայն հեռուստացույցը չէր, դա նաեւ ֆիզիկապես զանազան ձեւով հայտնվելն էր մեզ մոտակա տարածքում, եւ սպառնալի խոսքերը…»:

Մեր հարցին՝ արդյոք խնդիրը ծագել է Հրանուշ Խառատյանի՝ հայ-թուրքական հարաբերությունների, ցեղասպանության մասին որեւէ հրատարակությունից հետո, վերջինս պատասխանեց.«Ես ուրախ կլինեի, եթե այդպես լիներ, դա գոնե կլիներ մի բանական երեւույթ, որի շուրջ կպիտակավորվեի, կամ կքննարկեին, դրա շուրջ հանրային կարծիք  ձեւավորեին եւ այլն:

Ես տաս տարի առաջ, երբ Թուրքայի մտավորականները ներողություն խնդրեցին, անդրադարձա դրան. հրատարակել եմ հայերեն, անգլերեն եւ թուրքերեն լեզուներով, որ ներումը տվյալ դեպքում քաղաքական ակցիա է: Ես անդրադարձել էի, որ նույնիսկ Թուրքիայի լավագույն մտավորականները ներման բանաձեւ էին առաջ քաշում, նրանք քաղաքական գործընթաց էին սկսում՝ ներում բառի տակ խնդիրը փակելու հեռանկար դնելով: Իսկ ներումն, իրականում իր հետեւից գործողություններ է, հանցագործության իրական ընդունումը, հանցագործության համար պատիժ կրելը, դրա հետ նաեւ  հասկանալն ու հասարակությունը վերափոխելը: Եվ այդ ընթացքում գիրք եմ  հրատարակել, թե ինչպես է ամբողջ Թուրքիան կառուցվել ու կառուցվում հայատյացության վրա, ատելության գործոնի վրա կառուցված հասարակությունը չի կարող ներման միջոցով որեւէ  հարց լուծել:

Այդ հասարակությունը նույնիսկ չի հասկանում ինչը պիտի ների, այն հանցագործությունը, որն այդ ծավալի կատարել է, ինչին է տեղյակ այդ հասարակությունը»: Բայց, այս հարցերը, ինչպես Խառատյանն ասաց, այս սպառնալիքների տեղալու ընթացքում մեջտեղ չեկան: Խառատյանն ասաց, որ իր գրքից հատվածներ է հրապարակում ֆեյսբուքի իր պատին,  եւ այդ գրառման տակ կրկին սպառնալիքներով մեկնաբանությունն են գրվում.«Ես կարդում եմ դրանք՝ «վիժվածք, սպասիր, թրի վրա եմ երդում կերել, քեզ վերացնելու ենք» եւ այլն: Ես լավ չեմ հասկանում սրա տրամաբանությունը, բայց հասկանում եմ նաեւ, որ իսկապես, լուրջ խնդիր է, մեր տրավմատիկ ամբողջ անցյալը,մեր հասարակությունը շատ զգայուն է այս թեմայի նկատմամբ, եւ դա միակը չէ: Ցեղասպանությունից հետո մեր հասարակայնությունը ոչ էլ ուշքի է եկել, նույնիսկ առավել Հայաստանում, քան Սփյուռքում: Սփյուռքում գոնե բարձր արտահայտվելու հնարավորություն են ունեցել: Հայաստանում լռեցվել է, թաքցրած թեմա է եղել, որը տագնապներն ու տրավման խորացրել են: Հետո եկել է Ստալինյան շրջանը, որը թիրախավորել էր հենց Արեւմտահայ հատվածին, հատկապես Խանջյանի սպանությունից հետո:

Ես հիմա էլ աշխատում եմ այդ թեմայի վրա: Ես հասկանում եմ, տրամաբանական է, նորմալ է եւ այլ կերպ լինել չէր կարող, որ մեր հասարակությունը շատ զգայուն է, մարդիկ այդ ներել բառը վերցրել են ու դրա շուրջ հանրային որոշակի կարծիք են ձեւավորում: Չգիտեմ՝ արդյոք իրենք տեղյակ են, թե իրականում ես ինչ եմ գրել ու գրում»:

Հրանուշ Խառատյանի կարծիքով՝ իր եւ իր ընտանիքի հասցեին այս սպառնալիքները, իր խոսքերով ասած՝ ստրատեգիական գործընթացի տակտիկական մի մաս է. «Եվ կարծում եմ, հիմա այդպիսի զգայուն թեմայի վրա հանրային ուշադրությունը բորբոքելու, գլխավոր խնդիրներից ուշադրությունը շեղելու գործընթաց է: Բայց արդեն երեւույթների ընթացքի վերաբերյալ իմ մասնակցությունը զրոյական է, սա ինձանից դուրս մի գործընթաց է, որտեղ ինձ մնում է ասել՝ ես գործակալ չեմ (ծիծաղում է, Ն.Բ.)»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031