Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Վրաստան մշտապես հանգստի մեկնողներին պիտի ուղղորդել Գյումրի»․ հյուրանոցատերը՝ զբոսաշրջությունը փրկելու մասին

Մայիս 11,2020 18:35

Գյումրու պատմական կենտրոնում գտնվող «Արաքս» հյուրանոցի գործադիր տնօրեն Վարդան Սրտաշյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ արտակարգ դրության պայմաններում իրենց հյուրանոցը երբևէ դռները չի փակել, այս պահին էլ հյուրեր ունեն, թեև քիչ քանակությամբ են։

«Մենք երբևէ փակ չենք էլ եղել, հյուրանոցային գործունեությունը պարետի որոշմամբ արգելված չի եղել։ Հյուրանոցային ոլորտում սննդի մատակարարման կազմակերպություն կար, այն չի աշխատում, սնունդ չենք տալիս․ գիտեք, երբ հյուրանոց են գալիս, սովորաբար նախաճաշ են առավոտյան պատվիրում։ Հիմա սննդի պահը հանած՝ մեր ծառայությունները մատուցում ենք։ Ճիշտ է՝ շատ քիչ են մարդիկ, բայց գալիս են, Շիրակի մարզից դուրս գտնվող հյուրերը սկսեցին գալ, երբ միջմարզային տեղաշարժի սահմանափակումները վերացան։

Մինչ այդ բացարձակ մարդ չկար։ Դրանից հետո որոշակի շարժ սկսվեց, եթե ներքին տրանսպորտն աշխատի, ներքին տուրիզմով մենք կկարողանանք ինչ-որ բան անել, որովհետև չեմ կարծում, որ ամառը ծով հանգստանալու մեկնող մարդիկ այս տարի հրաժարվեն հանգստից։ Շատ հնարավոր է, որ գան տեղի հյուրանոցներում մնան՝ առանց ծովի, ճիշտ է՝ երկարաժամկետ կտրվածքով չեն հանգստանա, բայց միևնույն է, հանգիստ է, առավել ևս, որ Գյումրին ինքն իրենով բրենդ է։ Իհարկե, խոսքը միայն Գյումրիի մասին չէ, մարդիկ կարող են հանգստանալ Հայաստանի բոլոր բնակավայրերում։

Թող այս տարի էլ Վրաստան գնացող հոսքը, գիտեք ինչ մեծ թվի մասին է խոսքը, այցելեն Հայաստանի հանգստյան գոտիներ։ Եթե դրա հաշվին կարողանանք ներքին տուրիզմն ակտիվ պահել, գոնե այս ճգնաժամից դուրս կգանք, եթե դա էլ չեղավ, մշուշոտ է մեր ապագան»,- ասաց Վարդան Սրտաշյանը։

Մեր զրուցակիցն ասաց, որ հյուրանոցում մնացողները հիմնականում Գյումրի գործուղման եկողներն են, իսկ վերջին օրերին կան նաև հյուրեր Հայաստանի տարբեր մարզերից։

Վարդան Սրտաշյանը նաև փաստեց, որ իր աշխատակիցները կառավարության՝ հակաճգնաժամային միջոցառումների 8-րդ փաթեթով ստացել են գումար մեկ ամսվա նվազագույն աշխատավարձի՝ 68 հազար դրամի չափով, սակայն, ըստ նրա, իրենցը միշտ եղել է պահանջված հյուրանոցներից մեկը, ուստիև հույս ունեն, որ ներքին տուրիզմի զարգացման առումով կառավարությունն ինչ-որ բան կձեռնարկի։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031