Մայիսի 12-ից Ռուսաստանում ոչ աշխատանքային օրերն ավարտվում են: Այս մասին տեսաուղերձի ժամանակ հայտարարել է ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը և հավելել, որ երկրում ինքնամեկուսացման ռեժիմն, ընդհանուր առմամբ, տևել է 6 շաբաթ, ինչն օգնել է կանխել առողջապահական համակարգի գերբեռնվածությունը:
Նա միևնույն ժամանակ շեշտել է, որ կորոնավիրուսի դեմ պայքարը շարունակվում է: Նախագահի խոսքով՝ առանձին շրջանների ղեկավարները՝ կախված կորոնավիրուսի հետևանքով ստեղված իրավիճակից, կարող են թուլացնել կամ խստացնել սահմանափակումները, իսկ նահանգապետերը իրավունք կունենան դադարեցնել այն ձեռնարկությունների գործունեությունը, որոնք կխախտեն սանիտարական նորմերը:
Պուտինը նաև ասել է, որ մայիսի կեսերից կորոնավիրուսի թեստավորումը փաստացի կկրկնապատկվի՝ օրական հասնելով մինչև 300 հազարի:
Ռուսաստանի նախագահն ընդգծել է, որ 65 տարեկանից բարձր և խրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց համար սահմանափակումների ռեժիմը շարունակվում է: Պուտինը խոստացել է նաև պահպանել համավարակի հետևանքով տուժած ձեռնարկություններին ցուցաբերվող աջակցությունը:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ