Լրահոս
Օրվա լրահոսը

«Միջինն ամեն հոգեբանի բաժին է ընկնում 150 ազատազրկված անձ». ինքնավնասումների թեմայով հետազոտության արդյունքները ՔԿՀ-ներում հուսադրող չեն

Մայիս 11,2020 18:25

«Մեդիա կենտրոնի» առցանց հարթակում ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի հրավիրած  «Ինքնավնասումների դրսևորումները ՔԿՀ-ներում և ազատազրկված անձանց հետ տարվող հոգեբանական աշխատանքների առանձնահատկությունները» թեմայով քննարկմանը խմբի անդամները ներկայացրին Արմավիր և Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկներում կատարված հետազոտության արդյունքները:

Վիճակագրությամբ ամենաշատ ինքնավնասման դեպքերն այս երկու քրեակատարողական հիմնարկներում են գրանցվել:

ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի նախագահ Հասմիկ Հարությունյանը տեղեկացրեց՝ ահազանգերը ցույց են տվել, որ նշված երկու քրեակատարողական հիմնարկներում բազմաթիվ ինքնավնասման դեպքեր են գրանցվել և հավելեց. «Խմբի դիտարկումները ցույց էին տալիս, որ 2019-ին միայն, երբ արձանագրվել էր 604 ինքնավնասման դեպք, կատարվել էր շուրջ 182 անձանց կողմից, և նույն անձանց կողմից շարունակաբար ինքնավնասման դեպքեր են տեղի ունենում: Ուստի պետք էր պատճառները վերհանել և հասկանալ, թե ինչ աշխատանքներ են տարվում այս խնդիրները լուծելու համար: Ուստի ընտրեցինք առավել խնդրահարույց քրեակատարողական հիմնարկները»:

Դիտորդների խմբի փորձագետ Սիրանուշ Դավթյանն ասաց, որ իրենց թիրախ խումբը եղել են աշխատակիցները, ոչ թե ինքնավնասում կատարած անձինք: Նա մանրամասնեց. «Մեր նպատակն էր պարզել, թե ինչպես են աշխատում հոգեբանները և սոցիալական աշխատողները: Մեր աշխատանքը եղել է այս անձանց հետ»:

Դիտորդների խմբի փորձագետ Տիգրան Դովլաթյանը փաստեց՝ հոգեկան առողջության խնդիր ունեցող կամ ինքնավնասում կատարած անձանց ի սկզբանե քրեակատարողական հիմնարկներում հաշվառում են որպես բացահայտ հակում ունեցողներ: Այս հանգամանքը հետագայում ինքնավնասումը բացահայտելու խոչընդոտ է դառնում»:

Մյուս խնդիրը հոգեբանների և սոցիալական աշխատողների թվի և քրեակատարողական հիմնարկներում ազատազրկված անձանց թվի անհամապատասխանությունն է: Այս առիթով Տիգրան Դովլաթյանն ասաց. «Միջինն ամեն հոգեբան աշխատում է 150 անձի հետ, ինչի պատճառով աշխատանքն արդյունավետ լինել չի կարող: Հոգեբանները մեզ հետ զրույցներում նշում էին, որ իրենց վրա մեծ պարտականություն է դրված փաստաթղթավորման հարցով, ու բուն աշխատանքը դուրս է մնում. չեն հասցնում: Խնդիր է նաև աշխատանքային պայմանները: Օրինակ՝ ազատազրկված անձի հետ անհատական աշխատանքի ժամանակ կարող են դուռը բացել, մի բան հարցնել, ինչը հակասում է  գաղտնապահության սկզբունքներին, խոչընդոտում է հոգեբան-դատապարտյալ փոխվստահելի հարաբերությունների ձևավորմանը: Խեղաթյուրվել է  հոգեբանի դերի ընկալումը: Հաճախ նա ընկալվում է մասնագետ, որը կօգնի դիմում լրացնել, կօգնի սոցիալական հարցեր լուծել: Համակարգում իրենց վրա գործ տալու աշխատանք են երբեմն ընկալում, երբ հոգեթերապեվտի աշխատանք է կատարում հոգեբանը»:

Դիտորդների խմբի փորձագետ Անուշ Դանոյանի կարծիքով՝ լուրջ խնդիր է այն, որ սոցիալ-հոգեբանական, իրավական բաժնի աշխատակիցները վերջին վերապատրաստումներն անցել են երկու տարի առաջ:

Բարձրացված մտահոգությունների առիթով ՀՀ ԱՆ հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետ Արփի Սարգսյանն ասաց. «2019-2023 թվականների ռազմավարությամբ մենք թիրախավորել ենք այս հարցը՝ որպես առանձին ռազմավարական կարևոր ուղղություն: Սոցիալ- հոգեբանական, իրավական աշխատանքներ տանող ստորաբաժանման դերի բարձրացումը և պատշաճ գործիքակազմով հարցեր լուծելը ռազմավարության կարգավորումների հարց է: Վերանայելու ենք նախարարի հրամանը ևս»: Արփի Սարգսյանը նաև տեղեկացրեց, որ կկատարվեն օրենսդրական փոփոխություններ ու մանրամասնեց. «Երբ անձը վերցված է հաշվառման, միևնույն է, չենք կարող բացառել նրա մոտ ինչ-ինչ իրերի առկայությունը, որը կարող է հանգեցնել ինքնավնասման: Սակայն չունենք սրա համար համապատասխան օրենսդրական հիմքերը: Բայց կարևոր է նաև այն, որ անձինք, որոնք ունեն հակում ինքնավնասման, պետք է վերցվեն հաշվառման, հակառակ դեպքում չենք ունենա այն անձանց շրջանակը, ինքնավնասման դեպքերի շրջանակը»:

Արփի Սարգսյանն ասաց, որ հաստիքների սակավության հարցը ևս թիրախավորվել է, իրենք էլ են ընդունում, որ ոչ բավարար հաստիքների թվի առկայությունը դժվարացնում է բաժնի աշխատակիցների աշխատանքը: Նա վստահեցրեց՝ հաստիքների վերանայում անպայման լինելու է: Խոսելով սոցիալական երաշխիքների մասին՝ հավաստիացրեց՝ հոգեբաններն ու սոցիալական աշխատողներն օգտվում են բավականին մեծ փաթեթով սոցիալական երաշխիքներից, նաև հիշեցրեց՝ քրեակատարողական հիմնարկների աշխատակիցների աշխատավարձը 30 տոկոսով բարձրացվել է:

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի գլխավոր մասնագետ /հոգեբան/ – Հայկանուշ Ճենտերեճյանը, կրկին անդրադառնալով հաստիքների և դատապարտյալների թվի անհամապատասխանությանը, նշեց. «Գիտակցում ենք, որ սոցիալական աշխատողների և հոգեբանների թիվը հարկ լինի և լավ կլինի լրացված լինի: Մենք ունենք լուրջ խնդիր՝ ինչու հոգեբանները չեն գալիս քրեակատարողական հիմնարկ աշխատելու: Ունենք թափուր տեղեր, բայց չենք կարողանում ունենալ այն հոգեբանները, որոնք կկարողանան նեղ մասնագիտական տեսանկյունից այդ ծառայությունը մատուցել: Պատճառներից է նաև այն, որ քրեակատարողական հիմնարկներից շատերը մարզերում են և բավականին բարդ է ներգրավել այդ բարդ աշխատանքում մարզերում աշխատակիցների: Հիմա ամեն ինչ անում ենք այդ ուղղությամբ, բայց դա ժամանակի խնդիր է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031