Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը, մշտադիտարկելով COVID 19-ի տարածմամբ պայմանավորված իրավիճակը և գնահատելով դրա հավանական ազդեցությունը Հայաստանի Հանրապետության տնտեսության, ֆինանսական համակարգի, ինչպես նաև ֆինանսական ծառայություններից օգտվողների վրա, իրականացրել և շարունակում է իրականացնել մի շարք միջոցառումներ Հայաստանի Հանրապետությունում գների կայունության, ֆինանսական համակարգի կայունության և անխափան գործունեության ապահովման նպատակով:
Ստորև ներկայացվում է 2020 թվականի մարտ-մայիս ամիսների ընթացքում Կենտրոնական բանկի կողմից իրականացված հիմնական միջոցառումների ամփոփ նկարագիրը․
Կենտրոնական բանկի խորհուրդը նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը երկու փուլով՝ 5.5%-ից իջեցնելով 5.0%: Հաշվի առնելով արտաքին և ներքին ընթացիկ ու կանխատեսվող զարգացումները, թուլացող պահանջարկը և առկա ցածր գնաճային միջավայրը՝ Կենտրոնական բանկի խորհուրդը նպատակահարմար է գտել ավելացնել դրամավարկային պայմանների խթանման չափը՝ նվազեցնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը:
Ֆինանսական շուկայի տատանողականությունը հարթելու, ռիսկերն ու անորոշությունները նվազեցնելու և դրամավարկային քաղաքականության փոխանցումային մեխանիզմի անխափան գործունեությունն ապահովելու նպատակով դրամավարկային քաղաքականության հիմնական ռեպո գործիքի միջոցով տրամադրվել է շուկայի աճող պահանջարկին համահունչ դրամային իրացվելիություն: Այս գործողության արդյունքում միջբանկային կարճաժամկետ տոկոսադրույքը պահպանվել է քաղաքականության նպատակային տոկոսադրույքի շրջանակներում և ապահովվել է պետական արժեթղթերի եկամտաբերության կորի կայունացումը:
Կարդացեք նաև
Կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է կայացրել հիմնական կապիտալի համարժեքության նորմատիվը 10%-ից իջեցնել 9%: Համաձայն որդեգրած երկարաժամկետ քաղաքականության՝ Կենտրոնական բանկը մշտապես ապահովում է բանկային համակարգի կարգավորման սկզբունքների (այդ թվում՝ կապիտալի կառուցվածքի նկատմամբ պահանջների) համապատասխանությունը Բազելյան կոմիտեի կողմից սահմանված ստանդարտներին։ Տնտեսական ակտիվության և դրա հեռանկարի վրա COVID-19-ի տարածմամբ պայմանավորված անորոշությունների բացասական հետևանքները մեղմելու նպատակով որոշում է կայացվել ընդհանուր կապիտալի կառուցվածքում մեծացնել լրացուցիչ կապիտալի տեսակարար կշիռը՝ հնարավորություն տալով բանկերին ստորադաս փոխառություններ և կապիտալի այլ գործիքներ ներգրավելու միջոցով իրականացնել տնտեսության լրացուցիչ վարկավորում։ Որոշումը հանդիսանում է Կենտրոնական բանկի՝ ֆինանսական կայունության երկարաժամկետ քաղաքականության մաս և ապահովում է բանկերի հնարավոր ռիսկերը և վնասները կլանող գործիքների բավարար մակարդակ:
Կենտրոնական բանկը համապատասխան ազդակներ է փոխանցել բանկերին ձևավորված կապիտալի բուֆերները բանկային գործառնությունների իրականացման շարունակականությունն ապահովելու նպատակով օգտագործելու ուղղությամբ։ Կենտրոնական բանկը, առաջնորդվելով միջազգային լավագույն փորձով, Հայաստանի Հանրապետության բանկային համակարգի կարգավորման դաշտում ներդրել է սթրեսային իրավիճակներին դիմակայելու և տնտեսական անկման փուլում վնասները կլանելու տարբեր գործիքներ։ Բանկային համակարգում ներդրված գործիքների առկայությունը հնարավորություն է ստեղծում տնտեսության ժամանակավոր անկման փուլում միջոցներն ուղղել տնտեսվարող սուբյեկտների վարկավորմանը, ինչպես նաև դիմակայել սթրեսային իրավիճակից բխող վնասներին։ Նմանատիպ գործիքներից են կապիտալի բուֆերները, որոնք սահմանված են ի լրումն կապիտալի համարժեքության նորմատիվների և նախատեսված են սթրեսային ժամանակահատվածին հատուկ ռիսկերը (այդ թվում՝ համակարգային) զսպելու համար։
Կենտրոնական բանկի կողմից հետաձգվել է Բազել 3-ով սահմանված իրացվելիության երկու նոր նորմատիվների՝ իրացվելիության ծածկույթի նորմատիվի (LCR) և զուտ կայուն ֆինանսավորման նորմատիվի (NSFR) ներդրման ժամկետը՝ բանկերի կողմից տնտեսության իրական հատվածի ֆինանսավորումն անխափան իրականացնելու նպատակով։ Իրացվելիության նոր նորմատիվներն ուժի մեջ կմտնեն 2021թ․ հունվարի 1-ից։ Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ սովորական ռեժիմով շարունակում են գործել բանկերի իրացվելիության ռիսկը կարգավորող ընդհանուր և ընթացիկ իրացվելիության նորմատիվները։
Երկարաձգվել են ֆինանսական կազմակերպությունների կողմից հաշվետվությունների, այդ թվում՝ Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների, հեռանկարային զարգացման ծրագրերի, վերականգնման ծրագրերի ներկայացման ժամկետները։ Հաշվի առնելով ստեղծված իրավիճակում մի կողմից ֆինանսական կազմակերպություններում մարդկային ռեսուրսների սակավությունը և մյուս կողմից ֆինանսական կազմակերպությունների գործունեության շարունակականության և անընդհատության ապահովման անհրաժեշտությունը՝ Կենտրոնական բանկի կողմից հաշվետվությունների ներկայացման ժամկետների հետաձգումները ֆինանսական կազմակերպություններին հնարավորություն են տվել իրենց գործառնական կարողություններն առավելապես ուղղել հաճախորդների և տնտեսության սպասարկմանը։ Երկարաձգումները կատարվել են՝ ելնելով տարբեր հաշվետվությունների ներկայացման պարբերականությունից, առանձին դեպքերում սահմանելով մինչև 2 ամիս հետաձգման հնարավորություն։ Տարեկան հաշվետվությունների համար վերջնաժամկետ է սահմանվել մայիսի 31-ը։
Կենտրոնական բանկի կողմից արվել են հայտարարություններ՝ հաճախորդների ուղղորդելով օգտվել օնլայն ֆինանսական ծառայություններից, վճարահաշվարկային հավելվածներից և առցանց բանկային ծառայություններից, ինչը ուղղված է նաև ֆինանսական կազմակերպությունների գործառնական կարողությունների մեծացմանը։
Այս ընթացքում Կենտրոնական բանկի Թեժ գիծը աշխատել է արտակարգ ռեժիմով։ Կենտրոնական բանկի մասնագետները պատասխանել են քաղաքացիների կողմից բարձրացված հարցադրումներին, ուղղորդել և տրամադրել են անհրաժեշտ տեղեկատվություն, ուսումնասիրել նրանց կողմից ներկայացված բողոքները:
Կենտրոնական բանկը ամենօրյա ռեժիմով հանդիպումներ և քննարկումներ է ունենում ֆինանսական կազմակերպությունների հետ՝ ուշադրության կենտրոնում պահելով թե՛ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից բանկերի միջոցով իրականացվող տնտեսական և սոցիալական տարբեր ծրագրերով իրականացվող միջոցառումների ընթացքը, և թե՛ ֆինանսական կազմակերպությունների կողմից բարձրացվող այլ հարցերին օպերատիվ և համակարգված լուծումներ տալու գործընթացը։ Հաղորդակցման ընթացքում Կենտրոնական բանկը բազմիցս հայտարարել է բանկերին անհրաժեշտ ծավալի իրացվելի միջոցներ տրամադրելու պատրաստակամության վերաբերյալ։
Վարկային պարտավորությունները պայմանագրերին համապատասխան կատարելու դժվարություններով պայմանավորված՝ վերանայվել են COVID-19 համավարակից առանձնակի տուժած բիզնեսի և ֆիզիկական անձ վարկառուների պայմանագրային պարտավորությունների կատարման ժամկետները։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ստեղծված իրավիճակում մի շարք վարկառուների վարկունակության վատթարացումը պայմանավորված էր COVID-19 համավարակից բխող համակարգային ռիսկով, Կենտրոնական բանկի և վարկատու կազմակերպությունների համագործակցության արդյունքում ձևավորվել են մեխանիզմներ, որոնց կիրառումը հնարավորություն է տվել անհատական մոտեցում ցուցաբերել վարկառուների նկատմամբ, ինչպես նաև խուսափել վարկառուների կողմից վարկային պայմանագրով սահմանված վճարումները չիրականացնելու հետևանքով վարկային պատմության վատթարացումից։
«Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ն, «Բնակարան Երիտասարդներին» ՎՎԿ ՓԲԸ-ն և «Գերմանահայկական հիմնադրամ»-ը, հետևելով ստեղծված իրավիճակին և նպատակ ունենալով աջակցել ֆինանսական դժվարությունների բախված վարկառուներին, հնարավորություն են ստեղծել իրենց ծրագրերի շրջանակներում բանկերի միջոցով հաճախորդներին տրամադրված վարկերի մայր գումարների մարումները հետաձգել մինչև 6 ամսով։
Հաշվի առնելով Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից որդեգրած մոտեցումները և նպատակ ունենալով ապահովել պետության կողմից իրականացվող սոցիալական ծրագրերի արդյունավետ իրականացումը՝ Կենտրոնական բանկը բանկերին ուղղորդել է առաջնորդվել հետևյալ սկզբունքներով․
բռնագանձում չտարածել վարկառուների այն հաշիվների նկատմամբ, որոնց միջոցով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված միջոցառումների շրջանակներում տրամադրվել են ֆիզիկական անձանց օգնությունները և այլ սոցիալական աջակցությունները,
միջոցներ ձեռնարկել, որպեսզի սոցիալական աջակցության միջոցներից չգանձվեն որևէ միջնորդավճարներ։
Կենտրոնական բանկը շարունակում է ուսումնասիրել միջազգային կառույցների, այլ երկրների կենտրոնական բանկերի և քաղաքականություն մշակողների կողմից իրականացվող միջոցառումներն ու համաշխարհային ֆինանսատնտեսական զարգացումները, որպեսզի այդ զարգացումներով պայմանավորված նորանոր ռիսկերի ներքո իր գործիքակազմով կարողանա ապահովել ֆինանսական ինստիտուտների, ենթակառուցվածքների և շուկաների անխափան գործունեությունը, ինչպես նաև սպառողների շահերի պաշտպանությունը:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն