Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Թուրքիայի Հայոց պատրիարքարանը դատապարտել է թուրքական ամսագրի՝ Շնորհք պատրիարքին վարկաբեկող հոդվածը

Մայիս 11,2020 16:52

Թուրքական «Gerçek Hayat» ամսագրում հրապարակված «FETÖ-ի ճյուղերը» հոդվածում թիրախավորվել են կրոնական փոքրամասնությունների հոգևոր առաջնորդները։ Թուրքիայի հունական, հրեական և հայկական համայնքները գրավոր հայտարարությամբ դատապարտել են «խոսքի ազատության» անվան տակ խտրականության այդօրինակ դրսևորումը։

«Ցավով տեղեկացանք, որ «Gerçek Hayat» անվամբ ամսագրում տպագրվել է հերյուրանքներով լի վարկաբեկիչ մի հոդված, որտեղ շոշափվել է նաև երջանկահիշատակ Շնորհք պատրիարքի անունը։

Նույն հոդվածում թիրախավորվել են նաև Թուրքիայի հունական և հրեական համայնքների հոգևոր առաջնորդները։ Այսպիսով, Թուրքիայի տարբեր կրոնական խմբերի դեմ  ուղղված անարդար ու  անհիմն հերյուրանքներ են հնչեցվել և այդ քայլով հրապարակայնորեն թիրախավորվել են կրոնական առաջնորդներն ու այդ կերպ նաև նրանց ներկայացրած համայնքները։

Թուրքիայի Հայոց պատրիարքարանը և հայ համայնքը ծայրաստիճան մտահոգիչ են համարում այդ անպատասխանատու պահվածքը և իրականությանը չհամապատասխանող պնդումները, քանի որ խոսքի ազատության անվան տակ հնչեցված այդ արտահայտությունները և շատ ցավալի են, և շատ սարսափելի հետևանքների կարող են հանգեցնել»- ասված է պատրիարքարանի կողմից հրապարակված հայտարարության մեջ։

Հայտարարությամբ ընդգծվել է, որ նման խտրական հայտարարություններն անխուսափելիորեն հանգեցնում են բացասական հետևանքների։ Որպես օրինակ հիշեցվել է օրեր առաջ հայկական եկեղեցիներից մեկի դուռը հրկիզելու փորձի մասին․ ռասիստական հայտարարություններից ոգևորված մի տղամարդ նախօրեին բենզին էր լցրել և փորձել այրել Ստամբուլի Բաքըրքյոյի հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցու դուռը։

Հայոց պատրիարքարանը նաև հույս է հայտնել, որ թուրքական պետական կառույցները կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ քայլերը՝ ցանկացած անարդար, այլատյաց գործողություն հնարավորինս արագ կանխելու և երկրի բազմազգ բնակչության միությունն ու ներդաշնակությունն ապահովելու համար։

Աղբյուր` Ակոս/Էրմենիհաբեր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031