Ալբերտ Ազատյանի անվան ՕՀ մարմնամարզության ՄԴ-ում սպորտային մարմնամարզության Հայաստանի ազգային, երիտասարդական եւ պատանեկան հավաքականները վերսկսել են մարզումները: Գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը ՀԱՕԿ պաշտոնական կայքի հետ զրույցում ասել է, որ մարզումների ընթացքում պահպանվում են հիգիենայի կանոնները: Նա նաեւ նշել է, որ նոր կորոնավիրուսի պատճառով սահմանված սահմանափակումների ընթացքում մարզիկները տանը մարզավիճակ պահպանելու ուղղությամբ որոշակի աշխատանք կատարել են, սակայն հիմա իրենք աշխատում են որակները աստիճանաբար վերականգնելու վրա: Մարզչի խոսքով, տղաները հաճույքով են մասնակցում օրական 3-3,5 ժամ տեւող մարզումներին, որոնց ընթացքում առայժմ ձեռնպահ են մնում բարդ վարժություններ կատարելու գայթակղությունից:
Խոսելով հավաքականի ծրագրերի մասին՝ Հակոբ Սերոբյանը տեղեկացրել է, որ նախատեսում են ամռանը ուսումնամարզական հավաք անցկացնել Թբիլիսիում՝ նախապատրաստվելով արդեն հաստատված Բաթումի միջազգային մրցաշարին, իսկ աշնանը հանդես կգան աշխարհի գավաթի խաղարկությունում: Սակայն այս ամենը կապված է լինելու իրավիճակի կայունացման հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ