Ապրիլյան դեպքերն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսօր նիստի ավարտից հետո որոշել է մի քանի հարց ուղղել նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին: Այնպիսի հարցեր, որոնք կապ չունեն ապրիլյան դեպքերի հետ: Խոսքը Կարեն Կարապետյանի՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությանն է վերաբերվում:
Ինչպես տեղեկացրել ենք, Կարեն Կարապետյանն այսօր մասնակցում էր 2016-ի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքներին: Լրագրողների հետ նրա ճեպազրույցը խանգարեց, որ Քոչարյանը առանձնազրույց ունենա Կարապետյանի հետ ու իրեն հետաքրքրող հարցերի պատասխանները ստանա:
Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Ինձ համար պարզ չեղավ Անուշավան Դանիելյանի ներկայությունը Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու հարցի մեջ: Անուշավան Դանիելյանն իմ համար այն մարդը չի, որովհետեւ Ղրիմից, իսկ Ղրիմը, հասկանում եք, էապես կապված է Նաիրի Հունանյանի հետ, նրանց կոնտակտների հետ եւ այսօր Արցախի հանրապետության երկու նախագահների միջնորդությունից հետո նորից մտնել այս բանի մեջ եւ դրան մասնակից դարձնել բոլորին…: Բոլորի մասով ինչ-որ չափով ինձ համար գուցե հասկանալի էր: Հասկանալի էր թե՛ Խոսրով Հարությունյանի, թե՛առավել եւս Վազգեն Մանուկյանի քայլը, առավել եւս՝ ռոմանտիկների հետ այդ բաներից հետո: Բայց Կարեն Կարապետյանի մասով ես կուզեի այդ հարցը տալ: Դուք այդ հնարավորությունը չտվեցիք»,- լրագրողներին ասաց Քոչարյանը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ