Լրահոս
Օրվա լրահոսը

«Լավ բան չի սպասվի քեզ». Սասուն Միքայելյանը Մարուքյանից եւ նրա եղբորից ներողություն է սպասում

Մայիս 11,2020 16:05

«Մի քիչ հեռվից գամ: Ծնողներս եղեռնի ծնունդ են՝ 1912-15թթ. են ծնվել: Հայրս վիրավոր եկել է բանակից: Այդ ժամանակ մայրս ինձ երգեր էր երգում այն մասին, թե եղեռնի ժամանակ ինչ է կատարվել: Պապերս գաղթել են Մուշից: Ես մորս խոսքերով եմ հասկացել, ինչ է եղեռնը»,-ԱԺ նիստում այսօր հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր, «Սասուն» ջոկատի հրամանատար, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը:

Ապա նա մի դեպք պատմեց Խոջալուի իրադարձություններից. «Ազատագրման ժամանակ, երբ լույսը բացվեց, մեր ուղղությամբ 78 գերի ենք վերցրել, այդ թվում՝ կանանց, երեխաների, տարեցների: Ասել եմ՝ որեւէ մեկին մատով չենք կպնելու: Մեր կռիվը նրանց հետ չէր, մենք մեր կռիվն արել ենք: Ես մորս պատմածով եմ հասկացել, թե ինչ դաժանություն են ունեցել թուրքերը: Իմ ջոկատի լուսահոգի Արշավիրին ասեցի՝ տար այս ուղղությամբ մեր այն շինությունը, մեր գոմի տակ, ոչ մեկին չկպնեք: Ու տարավ: Երեկոյան եկավ լուսահոգի գեներալ Դալիբալթայանը ու ասաց՝ «պլեննիկներին» կթողնե՞ս տանեն: Ասացի՝ տարեք, տանում եք՝ ի՞նչ անեք: Տարան Ստեփանակերտ»:

Ապա Միքայելյանը դարձավ ընտանիքին. «Մենք յոթ երեխա էինք: Քույրս պատմել էր՝ երբ ես Ղարաբաղում էի, մայրս ասել էր՝ երեխեք, աստված չանի՝ Սասունը «պլեն» ընկնի, ճիշտ կլինի՝ զոհվի…դա ասել է իմ մայրը…»: Այս խոսքերից հետո Սասուն Միքայելյանը մի պահ լռեց, ապա ասաց. «Ժողովուրդ ջան, այսօր իմ համար սուրբ է եւ Էդմոնի մայրը, եւ այստեղ նստած յուրաքանչյուրիդ մայրը: Այն, ինչ Էդմոնն այս ամբիոնից առանց ամաչելու անվանել է Ալենին, նույն բանը Էդմոնի՝ Էդուա՞րդ, եղբայրը գրել է իմ մասին: Ես նրան չեմ հակադարձի իր բառերով, բայց, երիտասարդ, քո մայրն ինձ համար սուրբ է, բայց եթե դու քո խոսքերի համար ներողություն չխնդրես, իմ անցած ուղին գիտեք…լավ բան չի սպասվի քեզ: Խորհուրդ կտամ, որպես մեծ, աղերսաբար իմ ծնողից ներողություն խնդրես: Ես մի կառույց եմ ղեկավարում, որի տղաները Ղարաբաղում փրկել են հազարավոր մայրերի»:

Էդուարդ Մարուքյանի եղբոր՝ Սասուն Միքայելյանին ուղղված գրառումը՝ այստեղ: Հիշեցնենք, որ Սասուն Միքայելյանի եւ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի միջեւ վերջերս ԱԺ-ում ձեռնամարտ էր եղել:

«Կուզեի, որ Էդմոնի ընտանիքը հասկանա, թե մայրն ինչ սրբություն է: Նորից եմ ասում՝ լավագույն տարբերակը ներողություն խնդրելն է: Երկու եղբայրով պետք է ներողություն խնդրեն ինձանից եւ Ալենից»,-հավելեց Սասուն Միքայելյանը:

Ապա նա անդրադարձավ ԼՀԿ մեկ այլ պատգամավոր Անի Սամսոնյանին. «Նա գրել է, թե Սասուն Միքայելյանի կարողությունները պետք է վերանայել: Ժողովուրդ ջան, անցած տարի ես ինչ ունեմ՝ նկարել գցել եմ: Ես անգամ սեփական մեքենա չունեմ: Շատերը գիտեն, թե ես ժողովրդին ինչպես եմ օգնում»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031