Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց ցեղասպանության անկեղծ և ընդունելի հիշատակումը պահանջում է ճշմարտության ընդունում և բարձրաձայնում. բաց նամակ Անդրեա Վիկտորինին

Մայիս 11,2020 16:00

ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի Գրասենյակի բաց նամակը՝ ուղղված Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության դեսպան եւ ԵՄ պատվիրակության ղեկավար տիկին Անդրեա Վիկտորինին՝ Հայոց ցեղասպանության ոգեկոչման առիթով Հայաստանում ԵՄ առաքելության հրապարակման վերաբերյալ:

Ձեզ եմ գրում` որպես համաեվրոպական հասարակական կազմակերպության նախագահ, որը ներկայացնում է Եվրոպայի՝ հայկական ծագում ունեցող քաղաքացիների գլխավոր մի հատված: Նրանցից շատերը Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգներ են:

2020 թվականի ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման օրվա առիթով Հայաստանում ԵՄ առաքելությունը Թվիթերում հրապարակում կատարեց, որում, ի տարբերություն 2019, 2018, 2017, 2016 թվականների, խուսափել էր «Հայոց ցեղասպանություն» եզրն օգտագործելուց՝ փոխարենը ոչ միանշանակորեն հիշատակելով «ողբերգական իրադարձություններ» արտահայտությունը:

Հրապարակման նպատակը, թերևս, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչելն էր: Սակայն, որպես Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգներ` ես և նաև մեր կազմակերպության բազմաթիվ անդամներ ցավով պետք է արձանագրենք, որ Հայաստանում ԵՄ առաքելության այս հրապարակումը հավուր պատշաճի հարգանքի տուրք չի մատուցում ցեղասպանության  1,5 միլիոն անմեղ զոհերին: Ցավոք, ձևակերպումը ճշգրտորեն չի արտացոլում այն ամենը, ինչի միջով Օսմանյան կայսրության հայերը ստիպված էին անցել: Ավելին, այն  վտանգավորության աստիճանի անորոշ և մոլորեցնող ստորադասում է: Հայոց ցեղասպանության անկեղծ և ընդունելի հիշատակումը պահանջում է ճշմարտության ընդունում և բարձրաձայնում:

Ինչպես գիտեք, 2015 թվականին Եվրոպական խորհրդարանը Հայոց ցեղասպանության հարյուրամյա  տարելիցի առիթով բանաձև ընդունեց, որով ամրապնդեց 1987-ի իր դիրքորոշումը և որով կրկին պաշտոնապես ճանաչեց, դատապարտեց Հայոց ցեղասպանությունը և կոչ արեց Թուրքիային առերեսվել իր անցյալի հետ: 2019 թվականի դեկտեմբերի 9-ին՝ Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրը, Արտաքին գործողության եվրոպական ծառայությունը ևս հիշատակեց Հայոց ցեղասպանությունը:

Որպես ԵՄ քաղաքացիներ հավատացած ենք, որ Եվրոպական միության գլխավոր առավելություններից մեկը մարդու իրավունքների և արդարության պահպանման հանձնառությունն է: Ուստի մենք լիահույս ենք, որ Հայոց ցեղասպանությունը վկայակոչելիս Հայաստանում ԵՄ առաքելությունը կօգտագործի կատարվածի իրական մասշտաբն արտացոլող եզր:

Գասպար Կարապետեան

ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի Հանձնախումբի Նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031