Լրահոս
Օրվա լրահոսը

Մեղադրել հարձակման զոհին, թե՝ դո՛ւ ես մեղավոր հարձակման մեջ, շատ հին ու սպառված մտածողություն է. «Այլընտրանքային նախագծեր»

Մայիս 11,2020 16:08

Հարվածը տեղի ունեցավ,- ասաց Օստապը, քորելով վնասված տեղը,- նիստը շարունակվում է

ԱԺ միջադեպը վայրկյաններ անց դադարեց մի երկու հոգու կամ մի քանի խմբակցությունների սեփականությունը լինել։ Դա խորքային դեֆեկտ է։ Դա երկարատև ազդեցության գործոն է։ Դա նաև անսպառ հումորի նյութ է։ Հակասական մեկնաբանությունների հորձանուտից առանձնացնենք երեքը.

Քաղաքական ծաղրանկարչի  մեկնաբանություն

Այս ժանրի Օսկարը, միանշանակ, վարչապետ Փաշինյանինն է։ Իր ոճին համապատասխան՝ փորձեց մեղադրել ուրիշներին։ Բայց դա այնքան արհեստական էր, որ չաշխատեց։ Մեղադրել հարձակման զոհին, թե՝ դո՛ւ ես մեղավոր հարձակման մեջ, շատ հին ու սպառված մտածողություն է։ Բայց ունի ծայրահեղ վտանգավոր ռիսկեր՝ դա ինդուլգենցիա է հաջորդ բռնության դեպքերին։ Միջադեպը պետք է ունենար քաղաքական կոշտ արձագանք։ Փոխարենը՝ ստացվեց քաղաքական ծաղրանկար։ Մի ժանր, որը սրընթաց մտնում է պետության կյանքի  բոլոր ոլորտները։

Մարզական մեկնաբանություն.  չափալախ, քացի, հարված հետևից…

Այստեղ գերբնական հոտառության տեր Պաշա Էմիլևիչը հասկացավ, որ հիմա իրեն ծեծելու են և կարող է պատահել՝ նույնիսկ ոտքերով (Իլֆ և Պետրով):

Միջադեպի գլխավոր մարզական մեկնաբանի դափնին հենց Էդմոն Մարուքյանինն է։ Օրվա վերջում տեղի ունեցածը Էդմոնը այնպիսի նատուրալիստական նրբություններով էր վերապատմում, ինչպես անում են բոքսի, «մարտեր առանց կանոնների» մեկնաբանները.

«Սասուն Միքայելյանը (տեսանյութերից երևում է) ցանկացել էր շիշ նետել ինձ  վրա, ասում էր. «Գլուխդ կցխեմ», ես էլ իրեն էի պատասխանում… Սասուն Միքայելյանը տեղից վեր կացավ եկավ առաջ, մտածեցի՝ ես էլ գնամ առաջ, որովհետև չէի ուզում ամբիոնի մոտ ինձ մոտենա, չնայած՝ չեմ հաշվարկել, որ կխփի, բայց կարծում էի՝ կհրի, ցած կընկնեմ ամբիոնից: Իջա, որ գնամ ընդառաջ, ձեռքերը պահեմ, ասեմ նստի տեղդ, թող ելույթ ունենամ:

Եթե պատկերացնեի, որ կխփի, հեշտությամբ կարող էր ձեռքը պահել: Բայց հանկարծակիի եկա, չհասցրեցի անգամ գլուխս թեքեմ, Սասուն Միքայելյանն ինձ խփեց, որից հետո պատգամավորները մտան մեր արանքը, այդ ընթացքում հասցրեցի ոտքով ես էլ խփեցի և պատգամավոր Արտակ Մանուկյանը մեջքից գլխիս խփեց, դա թույլ հարված էր, Սասուն Միքայելյանի հարվածն էլ ուժեղ չէր, բայց դրանից հետո Վահե Ղալումյանը հարվածեց, որն ամենաուժեղ հարվածն էր: Դրա համար բարձրացա ամբիոն, ասացի՝ հետևից խփում եք և ասացի՝ ինչքան էլ ծեծեք, ես խոսելու եմ»։

Տպավորություն է ստեղծվում, թե Էդմոն Մարուքյանի համար այս պատմության մեջ ամենակարևորը հարվածների ուժգնությունն ու հերթականությունն էին։

Ռազմական մեկնաբանություն. Նիկոլի Չապաևը

 Կենտրոն վարչական շրջանի ղեկավար, իմքայլական Ավետ Պողոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է տեղի ունեցած ծեծկռտուքին։

«Ձեզ թվում է՝ երկու պատգամավորի ծեծկռտո՞ւք տեսանք մենք ԱԺ-ում: Ցավոք, մենք ականատես ենք Հայաստանի անկախության և ինքնիշխանության համար կռվին, որը այդ պահին տեղի էր ունենում Աժ պատերի ներսում: Ու հատկանշական է, որ մայիսյան ապստամբության 100-ամյակի օրերին, Շուշիի ազատագրման օրը: Վստահաբար՝ Հայաստանը հաղթելու է այդ պատերազմում»։

Թե կենտրոնի թաղապետը ինչ նմանություն է տեսել Էդմոն Մարուքյանի և ասենք, Աղդամի, Լաչինի, Ֆիզուլիի միջև դժվար է ասել։ Բայց մեկ դար առաջ գրված անմահ ստեղծագործության մեջ Օստապ Բենդերը, նայելով Շուրա Բալագանովի դատարկ հայացքին, ասում էր. «Զորահանդեսի հրամանատարը ե՛ս եմ, Շուրա»։

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

«Ամենայն անլրջությամբ» բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031