Լրահոս
Օրվա լրահոսը

«Էդվարդ Նալբանդյանը Մոսկվայում հիմա շատ էլիտար բնակարան ունի, հիմա բնակվում է Մոսկվայի մարզի իր ամառանոցում, ասում են՝ բավականին ապահով». Անդրանիկ Քոչարյան

Մայիս 11,2020 15:52

«Հարցեր ենք տվել, թե իր վարչապետության ժամանակ ինչ աշխատանքներ են կատարվել 2018-ին: Եթե այդ աշխատանքները կատարված լինեին, այսօր քննիչ հանձնաժողովի կարիքը չէր լինի: Այսօր քննարկել ենք, թե ինչու այդ հարցերը Հովիկ Աբրահամյանից հետո ձեւավորած կառավարությունը չի դարձրել իր առաջնահերթությունը: Կարեն Կարապետյանը պատասխանեց մեր բոլոր հնչեցրած հարցերին»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի» նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Հիշեցնենք, որ այսօր հանձնաժողովի նիստին մասնակցում էր ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ հանձնաժողովում Կարեն Կարապետյանը պնդե՞ց իր այն արտահայտությունը, որ դիզվառելիքի, անորակ վառելիքի պատճառով սպառազինությունը չի աշխատել: Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Հանձնաժողովի փակ նիստում տրվեց մեզ հետաքրքրող հարցի պատասխանը, ուրիշ բան, որ հանձնաժողովը միայն Կարեն Կարապետյանի պատասխանի վրա չի հենվում: Հանձնաժողովն ունի մեկ տարվա ընթացքում տրված պատասխաններ զինվորականներից, փաստաթղթերի բազան: Ես հենվում եմ այն զինվորականների պատասխանների վրա, որոնք եղել են մինչեւ Կարեն Կարապետյանը եւ շատ կարեւոր եմ համարել ՊԲ հրամանատարի բացատրությունները: ՊԲ սպայակազմի հետ կապված գնահատական տամ, այս պահին վստահաբար կարող եմ ասել, որ ՊԲ սպայակազմը իր ձեռքի տակ եղած հնարավորությունը փորձել է օգտագործել մաքսիմալ»:

Հարցին՝ չե՞ք պատրաստվում հրավիրել նաեւ գլխավոր դատախազին, որը Կարեն Կարապետյանի հայտարարությանը արձագանքել էր՝ Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց, որ Արթուր Դավթյանին կհրավիրեին, եթե իրենց տեղեկատվության բազային ավելացնելու բան ունենային:

Ինչ վերաբերում է Հովիկ Աբրահամյանին հրավիրելուն, Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ ցանկի մեջ նա կար, բայց այսօր գտնում են, որ այն ժամանակվա կառավարության գործողությունները լրացուցիչ մի բան չեն ավելացնելու. «Հովիկ Աբրահամյանի մասով որոշում չունենք»:

Իսկ Յուրի Խաչատուրովին այլեւս չեն էլ դիմելու, կուզի՝ կգա հանձնաժողով, կուզի՝ թող չգա: Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ նրա ենթակայության տակ գտնվող բոլոր զինվորականները եկել են. «Եթե հասցնի պարոն Խաչատուրովը դա գիտակցի մինչեւ ամսի 4-ը, առաջին հերթին լավ իր համար, որովհետեւ եթե ինքը մի շարք հարցերի չի պատասխանում, իր փոխարեն պատասխանողներ շատ են եղել: Ես ուզում եմ, որպեսզի հենց իրենից հանձնաժողովը լսի: Ես հարգում եմ մինչեւ 1999-ի հոկտեմբերի 27-ը նրա անցած ուղին եւ այն, ինչը Յուրի Խաչատուրովն արել է զինված ուժերի համար»:

Անդրանիկ Քոչարյանը տեղեկացրեց, որ հաջորդը հանձնաժողով հրավիրել են նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին: Շատ հնարավոր է, որ այդ նիստը լինի տեսակապով. «Ինքը Մոսկվայում հիմա շատ էլիտար բնակարան ունի, հիմա բնակվում է Մոսկվայի մարզի իր ամառանոցում, ասում են՝ բավականին ապահով: Բայց դա ոչ մի նշանակություն չունի, մենք հրավերն ուղարկել ենք: Դեսպանատունը պարոն Նալբանդյանին փոխանցած կլինի մեր կոնտակտները, ամենակարճ ճանապարհը դեսպանն է, դեսպանատան աշխատակիցները: Մենք հարցեր ունենք արտաքին գործերի նախարարին»:

Բակո Սահակյանը տվել է համաձայնություն մասնակցելու հանձնաժողովի նիստին, Անդրանիկ Քոչարյանը չբացառեց, որ կհրավիրվի նաեւ նա:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031