«Մուլտի գրուպ կոնցեռն» ընկերության գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանի`«ապօրինի շինարարության» գործով դատական նիստն այսօր չկայացավ: Պատճառն այն է, որ Սեդրակ Առուստամյանը կալանավորված է մեկ այլ` փողերի լվացման մեղադրանքով եւ այս գործով նիստին չէր կարող ներկայանալ:
Սեդրակ Առուստամյանի շահերի պաշտպան, փաստաբան Հովիկ Սուքիասյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ նիստը հետաձգվել է: Նիստի օր է նշանակվել հունիսի 19-ը: Պաշտպանն ասաց` հույս ունեն, որ այդ ժամանակ Սեդրակ Առուստամյանն արդեն ազատության մեջ կլինի:
Դեռ 2017-ին և 2018-ին Երևանի քաղաքապետարանը մայրաքաղաքի Աբովյան փողոցում հյուրանոց կառուցելու թույլտվություն էր տվել: Շինարարության մեկնարկից հետո՝ այդ տարածքում բիզնես ծավալող ընկերության ներկայացուցիչը դիմել է դատարան իր իրավունքների խախտման հայցով: Ապագա հյուրանոցի հատվածում բողոքից հետո Առուստամյանը չի դադարեցրել շինարարությունը, քանի որ ունեցել է թույլտվություններ։ Քաղաքապետարանը երկու անգամ տուգանել է «Մուլտի գրուպին»՝ ընդհանուր առմամբ 2.5 միլիոն դրամով։ Առուստամյանը սակայն չի վճարել տուգանքը և դիմել է դատարան։ Ընդ որում, առաջին ատյանի դատարանը որոշել է, որ տույժերն ապօրինի են։ Երևանի քաղաքապետարանն այս որոշումը բողոքարկել է վերաքննիչ ատյանում։ Քաղաքապետարանի ներկայացուցիչը դատարանում պնդել է, որ քաղաքային իշխանությունը «Մուլտի գրուպին» կենտրոնում հյուրանոց կառուցելու թույլտվություն չի տվել։ Նրանց է տրվել նախագծման առաջարկ միայն, բայց քանի որ բողոք է եղել, ընկերությունը պարտավոր էր սպասել, մինչև հարցերը կպարզվեին։
Ի դեպ, այս առիթով 2019-ի դեկտեմբերի 4-ին, խորհրդարանում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց`քաղաքապետ Հայկ Մարությանը չի տիրապետում տեղեկատվությանը եւ ցույց տվեց մի փաստաթուղթ, որը հաստատում էր շինարարության թույլտվությունը. «ԱՊԶ-ն տված է 11 հարկի, հետին մասը՝ շարունակելի»,- ասել էր Ծառուկյանը։
Կարդացեք նաև
Քաղաքապետարանից այդ ժամանակ պնդեցին, որ դա նախագծման փաստաթուղթն է:
Իսկ «փողերի լվացման» գործով, Հովիկ Սուքիասյանն Aravot.am-ին փոխանցեց, որ վերաքննիչ բողոքը դեռ չի քննարկվել: Պաշտպանը հույս ունի, որ այս շաբաթ կքննարկվի:
Հիշեցնենք, այս գործը կապվում է «Հյուսիս-հարավի» շինարարական ծրագրի հետ։ Սեդրակ Առուստամյանը մեղադրվում է կեղծ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու, առանձնապես խոշոր չափերի հարկերից խուսափելու, ինչպես նաև փողերի լվացման համար։ Ըստ Քննչական կոմիտեի՝ 2008-2010 թվականներին տրանսպորտի և կապի նախարարի պաշտոնը զբաղեցրած Գուրգեն Սարգսյանը Առուստամյանի և այլ անձանց գործակցությամբ «Սթոնս» ընկերությանը իբր մատուցված ծառայությունների համար դուրս է գրել ընդհանուր 177 միլիոն դրամի կեղծ հարկային հաշիվներ։ Գումարի մեծ մասը փոխանցվել է Սեդրակ Առուստամյանին: Նա այժմ կալանավորված է:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ