Վրաստանը պատրաստվում է զբոսաշրջիկներ ընդունել՝ չնայած կորոնավիրուսի համավարակին: Հուլիսի 1-ից, երբ կբացվեն սահմանները, Վրաստանը պատրաստ կլինի ընդունել արտասահմանցի զբոսաշրջիկների, այդ թվում՝ Ռուսաստանից: Ինչպես հաղորդում է Deutsche Welle-ն, այս մասին հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի նախարար Նատիա Տուրնավան մամուլի ասուլիսի ժամանակ: «Ռուս զբոսաշրջիկները եղել են մեր զբոսաշրջության կարևոր մասը, այդ պատճառով պատրաստ ենք ընդունել նրանց, ինչպես նախկինում»,-ասել է Տուրնավան:
Աջարիայի կառավարության ներկայացուցիչ Թոռնիկե Ռիժվաձեն իր հերթին հայտարարել է, որ հունիսին կբացվեն հանրային լողափերը: Նա միևնույն ժամանակ նշել է, որ հանգստացողները պետք է հետևեն բժիշկների խորհուրդներին և սոցիալական հեռավորություն պահպանեն:
Վրաստանի Առողջապահության նախարարության տվյալներով՝ երկրում պաշտոնապես գրանցված է կորոնավիրուսի 615 դեպք, ապաքինվել է 275 մարդ, մահացել՝ 9-ը: Ռուսաստանում կորոնավիրուսվ հիվանդների թիվը հասել է 221 հազար 344-ի:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ