Ինչպես հայտնել ենք, այսօր «2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի» նիստին մասնակցում էր ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը: Քիչ առաջ նիստն ավարտվեց, որից հետո Կարեն Կարապետյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Ես պատասխանել եմ բոլոր այն հարցերին, որոնք հանձնաժողովն ինձ ուղղել է: Քանի որ հանձնաժողովի նիստը փակ է ու պարունակում է պետական գաղտնիք, այդ իսկ պատճառով ավել բան ասել չեմ կարող»:
Լրագրողները հիշեցրին՝ երբ վարչապետ էիք, դիզվառելիքի մասին էիք ասում, տեխնիկական խնդիրներ էին եղել՝ Կարեն Կարապետյանը պատասխանեց. «Ես բոլոր հարցերին պատասխանել եմ, հանձնաժողովում տեղեկացրել են, որ փակ է, պետական գաղտնիք է, այդ իսկ պատճառով բավարարվեք: Ես այդ հարցին պատասխանել եմ»:
Լրագրողները ճշտեցին՝ 2018-ի ապրիլի 22-ին ի՞նչ եք խոսել, առաջարկե՞լ եք, որ իր հետ միասին գնաք, հարթակ բարձրանաք, բայց ինքը ձեզ պատասխանել է, որ նման բան հնարավոր է, քանի որ տպավորություն կստեղծվի, որ կուլիսային պայմանավորվածություն է ձեռք բերվել Սերժ Սարգսյանին Կարեն Կարապետյանով փոխելու համար: Ի պատասխան՝ Կարեն Կարապետյանը ժպտաց ու ասաց. «Պարոն Փաշինյանի հետ ինչ պայմանավորվել ենք, մեր ներքին պայմանավորվածությունն է»: Նա ասաց, որ պայմանավորվածությունը չի խախտվել:
Հարցին՝ 2018-ին դուք ունեի՞ք ծրագիր մնալու պաշտոնում Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո, այդ հարցե՞րն էիք բանակցում եւ Նիկոլ Փաշինյանը ձեզ մերժեց: Կարեն Կարապետյանը ոչ հերքեց, ոչ հաստատեց՝ միայն կրկնեց. «Նիկոլ Փաշինյանի հետ մեր բանակցությունները մեր ներքին գործն են»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ