Aravot.am-ը ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի անունով հարցում էր ուղարկել այն մասին, որ ամիս առաջ ԳԱԱ ինստիտուտները փակ գաղտնի քվեարկություն էին իրականացրել՝ արդյոք մնա՞ն ԳԱԱ կազմում, թե՞ ոչ, եւ արդյունքներն էլ ուղարկել են ԿԳՄՍ նախարարություն: Խնդրել էինք մեկնաբանել՝ ըստ նախարարությանն ուղարկված արդյունքների՝ ԳԱԱ ինստիտուտներից քանիսն են համաձայն դուրս գալ ԳԱԱ կազմից եւ ԿԳՄՍ նախարարությունն ի վերջո ինչ է որոշել, հատկապես, որ երկու ամիս է անցել:
«Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ նոր օրենքի նախագծի շուրջ մասնագիտական և հանրային շրջանակներում ծավալվող քննարկումների առավել արծարծվող հարցերից է Հայաստանի նախագծվող գիտակրթական կառուցվածքում Գիտությունների ազգային ակադեմիայի տեղն ու դերակատարությունը։ Հայաստանի Հանրապետությունում, ինչպես եւ հետխորհրդային տարածքի մի շարք այլ պետություններում, գիտակրթական տարածքի կազմաձևը շարունակում է պահպանել բարձրագույն կրթության և գիտության համակարգերի անջրպետվածությունը. գիտության ոլորտը շարունակում է բաժանված մնալ մի կողմից՝ ակադեմիական և գերատեսչական, մյուս կողմից՝ բուհական, իրարից խիստ տարանջատված հատվածների, դրանով իսկ խոչընդոտելով կրթության և գիտահետազոտական գործունեության արդյունավետ համագործակցության մոդելների ձևավորումը, հետազոտահենք կրթական ծրագրերի իրականացումը բուհերում և գիտության ոլորտում երիտասարդ որակյալ ներուժի ներգրավումը։
Հայաստանի գիտության համակարգն այսօր ընդգրկում է 72 գիտահետազոտական կազմակերպություն, որոնցից 34-ը գործում են ՀՀ ԳԱԱ կազմում։
Օրենքի նախագիծը որևէ կերպ չի կանխորոշում ԳԱԱ կազմում գործող գիտական կազմակերպությունների հետագա կարգավիճակը և ենթակայությանն առնչվող հարցերի լուծումը։ Օրինագիծը նախատեսում է, որ գիտական կազմակերպությունները (իսկ ԳԱԱ կազմում գործող գիտական հաստատություններն ունեն պետական ոչ առևտրային կազմակերպությունների կարգավիճակ) կունենան կառավարման խորհուրդներ, այսինքն՝ ինքնակառավարման ավելի բարձր կարգավիճակ:
Կարդացեք նաև
Իսկ թե ինչպես դրանք կկառուցեն իրենց հարաբերությունները Ակադեմիայի նախագահության հետ, կորոշեն ինքնուրույն։ Օրենքի նախագծում անհրաժեշտ հիմքեր են դրվում գիտահետազոտական կազմակերպությունների և բարձրագույն ուսումնական հաստատությունների տարբեր աստիճանների համագործակցության, ինչպես նաև ինտեգրման համար՝ գիտական կազմակերպությունների համար ինքնուրույն գործելու, հետազոտական ցանցեր և կոնսորցիումներ ձևավորելու կամ բուհերի կազմում որպես գիտահետազոտական ինստիտուտներ ընդգրկվելու իրավական հիմքեր ստեղծելով»,-ասված է ԿԳՄՍ Նախարարության գրավոր պատասխանում:
Ի պատասխան մեր հարցի՝ ԿԳՄՍ-ից ստացված պատասխանում նաեւ նշված է. «Մարտի 11-ին ԳԱԱ-ից էլեկտրոնային փոստով ստացվել է նախորդող շաբաթվա ընթացքում Ակադեմիայի կազմում գործող գիտահետազոտական կազմակերպություններում գումարված ժողովներում ԳԱԱ համակարգում գործունեությունը շարունակելու վերաբերյալ անցկացված փակ (գաղտնի) քվեարկության արդյունքներ ներկայացնող մի փաստաթուղթ, որից բխում էր, որ «գիտական կոլեկտիվների» (տերմինաբանությունը փաստաթղթի հեղինակներինն է) անդամների 88.7 %-ը կողմ է արտահայտվել Ակադեմիայի կազմում գործունեությունը շարունակելու հեռանկարին։
Նախարարությունը տեղեկություն չունի քվեարկության դրված հարցադրման բուն ձևակերպման, մինչ քվեարկությունը գիտական աշխատողներին օրենքի նախագծով նախատեսվող լուծումները ճշգրիտ, անկողմնակալ և ամբողջական ներկայացնելու, ինչպես նաև քննարկման բնույթի և ընթացքի վերաբերյալ, մինչդեռ, ինչպես հասկանում եք, դրանք ամենևին երկրորդական հարցեր չեն արդյունքների արժանահավատության առումով։
Վստահ ենք, սակայն, որ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո, որոշումների կայացման անհրաժեշտ բաց ընթացակարգերի և հավասար պայմանների ապահովման պարագայում, գիտական կազմակերպությունները ի զորու կլինեն ինքնուրույն որոշելու իրենց գործունեության առավել արդյունավետ ձևաչափը»։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ