Լրահոս
Օրվա լրահոսը

Թաթոյանը՝ ԱԺ-ում սեռական հայհոյանքին եւ Տաթեւիկ Ռեւազյանին «սիրուն աղջիկ» ասելուն չարձագանքելու մասին

Մայիս 11,2020 13:15

«Ինչպե՞ս է ստացվում, որ ԱԺ դահլիճում ընդդիմադիր խմբակցության ղեկավարի հնչեցրած սեռական բնույթի հայհոյանքը ձեր կողմից որեւէ արձագանքի չի արժանանում, սակայն հայտարարություն եք տարածում մեկ այլ դրվագի վերաբերյալ եւ մատնանշում կնոջ հանդեպ սեռի հիմքով պայմանավորված վիրավորանքը: Սա պատահականությո՞ւն է, օրինաչափությո՞ւն, թե՞ թերացում»,-ԱԺ նիստում այսօր նկատի ունենալով ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի եւ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի միջեւ հայտնի դեպքը եւ Ալեն Սիմոնյանի՝ ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանին ուղղված արտահայտությունը՝ ՄԻՊ Արման Թաթոյանին նման հարցադրում հղեց «Իմ քայլի» պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը:

Թաթոյանը վստահեցրեց՝ դա ոչ պատահականություն է, ոչ օրինաչափություն եւ ոչ էլ թերացում. «Դա օբյեկտիվ աշխատանք է: Խոսքը կնոջ պաշտպանության մասին է, նրա սեռի թիրախավորմամբ վիրավորանք հասցնելուն: Ինչ վերաբերում է երկու պատգամավորների՝ միմյանց վիրավորանք հնչեցնելուն, իմ հայտարարությունը քաղաքական հիմք կունենար: Հետեւաբար, ես շատ ճիշտ եմ արել, որ հայտարարություն չեմ տարածել: Իսկ կնոջ դեպքն այլ հարթություն է, հարցը զգայուն է եւ այլ չափանիշ ունի»:

Արթուր Հովհաննիսյանը չհամաձայնեց. «Այն սեռական բնույթի հայհոյանքը, որը հնչեցվել է, դրանից ավելի վատ օրինակ չեմ կարող գտնել՝ մարդու արժանապատվությունը նսեմացնելու համար: Իսկ եթե կնոջ սեռի մասին է խոսքը, ապա ասեմ, որ դուք չէք արձագանքել ԼՀԿ ղեկավարի՝ քաղավիացիայի ղեկավարին ուղղված արտահայտությանը, որը եւս սեռի հիմքով էր պայմանավորված եւ վիրավորական էր»: Հիշեցնենք, որ Էդմոն Մարուքյանը Տաթեւիկ Ռեւազյանին «սիրուն աղջիկ» էր անվանել: Արման Թաթոյանը շեշտեց. «Մարդկային առումով ինձ համար տհաճ էր, որ խորհրդարանում նման միջադեպ եղավ: Բայց ՄԻՊ-ը չի կարող քաղաքական նշանակության միջադեպի հետ կապված գնահատականներ տալ մարդկանց առնչությամբ: Դրանից հետո ՄԻՊ-ի աշխատանքը պատկերացնո՞ւմ եք…Ինչ վերաբերում է Տաթեւիկ Ռեւազյանին, երկու կարծրատիպ կոտրեմ. ՄԻՊ-ի գործառույթը ոչ թե պաշտոնատար անձին պաշտպանելն է, այլ քաղաքացուն, իսկ որոշ դեպքերում՝ ընդդիմությանը, եթե հարցն իրավունքներին է վերաբերում: Օրենքը պետական կառավարման մարմիններին եւ ՏԻՄ-երին արգելում է ՄԻՊ-ին դիմել: Ձեր ասած երեւույթը մարդկային առումով տգեղ է: Իհարկե, անընդունելի է հղի աղջկա հանդեպ նման արտահայտությունը, բայց ՄԻՊ-ը չի կարող պաշտպանել պետական կառավարման մարմինների ղեկավարներին»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031