Ինչպես տեղեկացրել ենք, այսօր առավոտյան Դեմիրճյան փողոցում Ազգային ժողովի մուտքի մոտ բողոքի ցույց էր անցկացվում Լանզարոտի՝ «Սեռական շահագործումից եւ սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» ԵԽ կոնվենցիայի դեմ, որը ենթադրում է, որ դպրոցական տարիքի երեխաներին սեռական շահագործման ու սեռական բնույթի բռնությունների մասին կրթություն են տալու:
Երբ ԱԺ էր փորձում մտնել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանը, ցուցարարները հարցրեցին՝ ՀՀԿ-ին մերժել եք, ՀՀԿ-ի բերած նախագիծն ինչո՞ւ չեք մերժել: Նա պատասխանեց. «ՀՀԿ-ից ամեն ինչ չի, որ մերժել ենք»: Վահե Ղալումյանն ասաց, որ կրթության քաղաքականությունը որոշում է ԿԳՄՍՆ-ն, որի հետ կապված իրենք մտավախություն չունեն: Ըստ ցուցարարների, այս կոնվենցիայով «միասեռականությունն» են վավերացնում:
Իմքայլական Արթուր Հովհանիսյանն ասաց, որ ինքը «կողմ» է քվեարկելու ու մտավ ներս: Ջավախահայ Վահագն Չախալյանը, որը ցուցարարների մեջ էր, բղավեց. «Ուրեմն իմացե՛ք, դավաճանների ցուցակում եք գրվելու»:
«Իմ քայլը» խմբակցությունից Սուրեն Գրիգորյանը պատասխանեց, որ կապ չունի այստեղ ՀՀԿ-ն, ՀՀԿ-ի ժամանակներում մի շարք օրենքներ են ընդունվել, որոնցով մենք այսօր ապրում ենք: Ի պատասխան՝ ցուցարարներն ասացին. «Փաստորեն ՀՀԿ-ն լավ բաներ էլ է արե՞լ, բա ինչի՞ հանրային չեք խոստովանում; Դուք ԼԳԲՏ-ին կո՞ղմ եք»: Տեսնելով, որ իրեն ըստ էության չեն լսում, Սուրեն Գրիգորյանը հեռացավ:
Կարդացեք նաև
Իմքայլական Տաթեւիկ Հայրապետյանն ասաց, որ կոնվենցիան արդեն անցել է ՍԴ-ով, ԱԺ-ում քննարկվել է: Ցուցարարները ճշտեցին՝ այն օրը, երբ ԱԺ-ում կռիվ սարքեցիք, ա՞յդ օրը քվեարկեցիք, ինչո՞ւ: Հայրապետյանն էլ պարզաբանեց, որ ԱԺ օրակարգով քննարկում են. «Ո՞վ սարքեց վիճաբանությունը: Մենք վիճաբանությունից շատ հեռու ենք: Եթե ձեզ թվում է մեզ հաճելի էր վիճաբանությունը, չարաչար սխալվում եք»:
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ժպիտով մտավ ԱԺ, ցուցարարներին լսելով ու պարզապես գլխով անելով: Իսկ ցուցարարները հետեւից բղավում էին, թե՝ «ՀՀԿ-ի գրպանի շարունակությո՞ւնն եք, ինչո՞ւ եք ՀՀԿ-ի բերած կոնվենցիան վավերացնում»:
ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը ցուցարարներին հիշեցրեց, որ ինքը զգուշացրել է այս կոնվենցիայի վտանգի մասին: Նա ասաց. «Այստեղ արհեստական օրակարգ կա ու այդ օրակարգը պետք է դիմակայվի»:
«Իմ քայլից» Գոռ Գեւորգյանին ցուցարարները հարցրեցին՝ մեր օրենսդրությունը բացեր չունի՞, այդ բացերը լրացրեք, ոչ թե միջազգային կոնվենցիա վավերացրեք: Նա պատասխանեց, որ ԱԺ դռների մոտ բանավեճի տեղ չի, կարող են հանդիպել այլ տեղ ու հանգիստ զրուցել:
Ցուցարարներին բորբոքեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը, որը Հերիքնազ Տիգրանյանի հետ շտապում էր ներս մտնել ու մինչ դուռը փակելն ասաց. «Դուք ժողովուրդ չեք»: Հետեւից ցուցարարները բղավում էին. «Ո՞նց ժողովուրդ չենք, արի ստեղ հլը, ա՛յ ջահել… Այսինքն, ժողովուրդը մենակ նրանք են, ովքեր ուզում են այլասերությունը տարածել մեր երկրում»: Ցուցարարները սպառնում էին, որ Վահագն Հովակիմյանի նկարով պաստառները պետք է տարածեն իր թաղամասում, որպեսզի Հովակիմյանի հարեւաններն ու ընտրողներն իմանան, թե ով է Վահագն Հովակիմյանը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ