«Այս կոնվենցիան, ցավոք, հանրության որոշ խմբերի մոտ թյուրընկալումների եւ անհիմն մտահոգությունների առիթ է տվել: Դուք ի՞նչ տեսակետ ունեք»,-ԱԺ նիստում այսօր ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանին նման հարցադրում հղեց «Իմ քայլի» պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը:
Հիշեցնենք, որ ԱԺ-ն այսօր ընդունեց երեխաներին սեռական բռնությունից պաշտպանելու մասին ԵԽ կոնվենցիան, խորհրդարանի դիմաց էլ քաղաքացիները բողոքի ցույց են անում:
Արման Թաթոյանը նախ նշեց՝ ցավոք, ՀՀ-ում լինում են երեխաների հանդեպ սեռական բռնության դեպքեր՝ օտար մարդկանց եւ ընտանիքի անդամների կողմից. «Եվրոպայի խորհրդի 47 երկրներից այս կոնվենցիան չեն վավերացրել միայն ՀՀ-ն եւ Իռլանդիան: Որեւէ միջազգային կոնվենցիա չի կարող վավերացվել, եթե հակասում է մեր սահմանադրությանը: Հույս ունեմ, որ այս կոնվենցիան կնպաստի քրեական գործերով մեխանիզմների կատարելագործմանը»:
Տիգրանյանն ընդգծեց. «Կուզենայի արձանագրել, որ այս կոնվենցիան դեմ չէ ընտանիքին եւ չի ստեղծում ընտանիքի նոր մոդել, չնայած հանրության մեջ որակումներ եղան անգամ այն մասին, որ այն նպատակ ունի դպրոցներում այլասերություն եւ միասեռականություն քարոզելու: Շատ ափսոս է, որ նման տեսակետ են հայտնում նաեւ մասնագիտական հանրույթի ներկայացուցիչները եւ այն անձը, որն իրավապաշտպան կառույց է ղեկավարում: Ստացվում է, որ մարդիկ, չունենալով բավարար իրավական գիտելիքներ, կուրորեն հավատում են իրավաբանության մեջ հեղինակություն ունեցողի տեսակետներին»:
Կարդացեք նաև
Արման Թաթոյանը շեշտեց. «Ակնհայտ է, որ իրազեկման պակասի խնդիր կա: Այս կոնվենցիան լավագույն օրինակներից է, որ կառավարությունն իրազեկման բավարար գործողություններ չի կատարել, եւ դաշտը լցվում է կեղծ տեղեկատվությամբ: Ճիշտ տեղեկատվությամբ պետք է «խեղդել» կեղծ տեղեկատվությունը: ՄԻՊ-ն իրազեկում է, բայց ՄԻՊ-ը գործադիր իշխանության մաս չէ»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ