Լրահոս
Օրվա լրահոսը

«Նախորդների կենացն էիք խմում, նախորդների սեղանի փշուրներն էիք ուտում, մեզ նախորդներին սիրելու մե՞ջ եք մեղադրում». Ցույց՝ ԱԺ-ի մոտ

Մայիս 11,2020 12:01

Այսօր Դեմիրճյան փողոցում Ազգային ժողովի մուտքի մոտ բողոքի ցույց էր իրականացվում Լանզարոտի կոնվենցիայի դեմ: Խոսքը «Սեռական շահագործումից եւ սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի մասին է, որը ենթադրում է, որ դպրոցական տարիքի երեխաներին սեռական շահագործման ու սեռական բնույթի բռնությունների մասին կրթություն են տալու: Նախորդ նիստում ԲՀԿ պատգամավորներն էին այս կոնվենցիայի դեմ ընդվզում,  հատկապես՝ Գեւորգ Պետրոսյանը:

Այսօր ցույցի մասնակիցները պահանջում էին, որ այդ կոնվեցիան չվավերացնեն, քվեարկությունը հետաձգեն ու նորից քննարկեն արտակարգ դրության ավարտից հետո:

Ցուցարարների մեջ էր ջավախահայ Վահագն Չախալյանը: Երբ «Իմ քայլի» պատգամավոր Գայանե Աբրահամյանը փորձում էր ներս մտնել, ցուցարարները կանչեցին, թե՝ «արհամարհո՞ւմ եք»: Նա էլ շրջվեց ու ասաց. «Երբ ձեր սիրելի իշխանության նախկին վարչապետի խորհրդականը Ախթալայում ոտնահարում էր…որտե՞ղ էիք դուք»:

Սա լսելուն պես՝ Չախալյանը սկսեց բղավել. «Ձեր սիրելին է, նախորդի բերածները մեզ նախորդին սիրելու մեջ են մեղադրում: Նախորդների բերած կոնվենցիան վավերացնողները մեզ են մեղադրում: Նախորդները բռնեցին մեզ հանձնեցին: Ու հերիք է խաբեք ժողովրդին, նախորդների գրպանից դո՛ւրս եկեք: Նախորդների կենացն էիք խմում, նախորդների սեղանի փշուրներն էիք ուտում, մեզ նախորդներին սիրելու մե՞ջ եք մեղադրում: Մինչեւ հիմա էլ նախորդներն են ձեզ կառավարում: Ի՞նչ է նշանակում ՀՀԿ-ի բերած կոնվենցիան վավերացնել: Մի հատ էլ՝ ո՞ւր էիք դուք…Բռնեցին հանձնեցին»:

Ըստ Չախալյանի, հիմա ԱԺ-ն հակաազգային կոնվենցիա է ընդունում:

Նշենք, որ ԱԺ-ն կոնվենցիան արդեն վավերացրել է: Ցուցարարները վստահեցնում են, որ չնայած դրան, շարունակելու են իրենց պայքարը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031