ԱԺ նիստում այսօր քվեարկվեց «Սեռական շահագործումից եւ սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» ԵԽ կոնվենցիան վավերացնելու մասին հարցը:
Մինչեւ քվեարկությունը ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը հայտարարեց. «Որեւէ մեկին նպատակ չունենալով մեղադրել որեւէ բանում՝ վերահաստատում ենք մտավախությունը, որ կոնվենցիայի որոշ դրույթներ ողջամտորեն սպառնալիքի տակ են դնում երեխաների դաստիարակության շահերը: Կասկածողները կարող են համոզվել՝ այսօր Դեմիրճյան փողոցի ԱԺ մուտքի մոտ քաղաքացիական ցույց էր: Երեկ ստացել եմ Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչներից բազմաթիվ ահազանգեր: Բոլորը դեմ են արտահայտվում այս կոնվենցիային: Կան դրույթներ, որոնք հույս են ներշնչում մարդու իրավունքների պաշտպանությունն ավելի համակողմանի դարձնելու առումով, բայց վտանգ են պարունակում: Սա չի բխում երեխայի լավագույն շահերից»:
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն էլ իր հերթին ասաց. «Պարոն Պետրոսյանի խոսքերից տպավորություն է, որ ԲՀԿ-ն ի սկզբանե դեմ է եղել: Հիշեցնեմ հանձնաժողովում եղած քվեարկությունը, երբ այդ թվում ԲՀԿ-ն «կողմ« է քվեարկել: Ցավում եմ, որ առանձին մարդիկ առավոտյան կարողանում են ազդել եւ փոխել ձեր դիրքորոշումը, բայց այս կոնվենցիան բխում է երեխաների շահերից, այն մանկապղծության դեմ կոնվենցիա է, որը կանխելու է մանկապղծությունը ՀՀ-ում»:
Կարդացեք նաև
ԲՀԿ մեկ այլ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը պարզաբանեց. «Խնդրահարույց դրվագներ կան, որոնք մատնանշել է Գեւորգ Պետրոսյանը: Առաջարկել ենք լսումներ կազմակերպել: Իսկ հանձնաժողովում քննարկվողը վերջնական տեսակետ չէ: Դրական է քվեարկվում, որպեսզի մտցվի ԱԺ օրակարգ եւ հանգամանալից քննարկվի»:
«Իմ քայլից» Համազասպ Դանիելյանը հակադարձեց. «Հանձնաժողովներն ունեին լսումներ կազմակերպելու իրավունք»:
Ի վերջո, «կողմ» քվեարկեց 79, իսկ «դեմ»՝ 12 պատգամավոր:
Անկուսակցական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն էլ հավելեց՝ «դեմ» է քվեարկել. «Ցանկացած բռնություն դատապարտելի է, հատկապես՝ երեխաների նկատմամբ: Լեզուս էլ չի պտտվում այդ արտահայտությունն անել, բայց կոնվենցիայում կա հնարավորություն, որը շուռ է տալիս…կարծես թե ունենք առկա դեպքեր»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ