Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ հրաժարվեցի նյութեր հրապարակել

Մայիս 10,2020 15:48

Մի օր շվեդուհի ծանոթիս հետ, որը Հայաստանում ճամփորդել էր, երկրիս քաղաքական-հասարակական իրավիճակի շուրջ զրույցի բռնվեցի՝ ներկայացնելով առկա խնդիրները։

Նա ի պատասխան ասաց. «Մի մոռացիր, որ Եվրոպան երկու պատերազմից հետո Եվրոպա դարձավ՝ անցնելով բազում դժվարությունների միջով՝ ֆաշիզմ, ծայրահեղություն, ավերածություն… իսկ Հայաստանը դեռ նոր է սկսում ձևավորվել որպես քաղաքացիական հասարակություն, ժամանակ է պետք պարզապես»։
Երբ հուսահատվում եմ՝ հիշում եմ սոցիոլոգ այդ կնոջ խոսքերը և մտածում՝ դեռ երկար ճանապարհ պիտի անցնենք, որպեսզի Հայաստանը Հայաստան դառնա՝ հույս ունենալով, որ մոտ ապագայում երկրում կտիրի փոխադարձ հարգանքի ու այլախոհության մշակույթ։

Մի քանի տարի առաջ սկսեցի նյութեր հրապարակել տարբեր կայքերում։ Երբ այդ մասին առաջակություն ստացա՝ մտածեցի, ինչո՞ւ ոչ, երևի այդպիսով ես էլ իմ փորձը կփոնախանակեմ որպես ուրիշ երկրում երկար տարիներ ապրած քաղաքացի։

Բայց դա երկար չտևեց, մի քանի հոդվածից հետո այլևս չդիմացա, այսինքն կաշիս չհաստացավ։ Հայհոյանքները՝ ամենալկտի մակարդակի, ավելի զորեղ հանդիսացան ու ես հրաժարվեցի այլևս գրել։
Հիշեցի մի դեպք։

Մի քանի տարի առաջ Իրանում մի ծանոթ տղամարդ հակակառավարական ցույցերի էր մասնակցում՝ ժողովրդավարություն պահանջելով, այն դեպքում, երբ իր կինը իրավունք չուներ տանից դուրս գալ առանց իր թույլտվության։ Մի օր էլ նրան ասացի՝ այդ ինչպե՞ս է, որ դու քո շահերի դեմ ես պայքարում։ Վիճեցինք երկար, նա փորձում էր արդարանալ, բայց արդյունքը այն եղավ, որ էլ չմասնակցեց ցույցերին։ Շատ պարզ պատճառով։ Դժվար էր համակերպվել այն մտքի հետ, որ ժողովրդավարությունը սկսվում է մեզնից, մեր տնից, ընտանիքից, մեր բակից։

Պատահել է մի քանի անգամ, որ «փոստ» եմ դրել ֆեյսբուքյան էջիս պատին, բայց հայհոյանքներ լսելուց հետո ջնջել եմ դրանք շատ պարզ պատճառով ՝ ինձ դուր չի գալիս հայհոյանքներ լսել կամ հայհոյել։ Ավելին ասեմ, նույնիսկ ընկերներիցս են երես թեքել ինձնից՝ «փոստերիս» պատճառով։

Մայիսի 6-ին հրապարակվեց միջազգային մի զեկույց, որտեղ նշվել է, որ Հայաստանը լուրջ առաջընթաց է արձանագրել նախևառաջ կոռուպցիայի դեմ պայքարի և ընտրությունների ոլորտներում․ խիստ ուրախալի փաստ։ Բայց միևնույն ժամանակ զեկույցի հեղինակներն ահազանգում են՝ վստահեցնելով, որ ժողովրդավարությունն ու բազմակարծությունը վտանգված են ամբողջ աշխարհում։

Բազմակարծություն․ հենց դա է այսօր մեզ անհրաժեշտ, որպեսզի ազատ արտահայտվենք ու
կաշկանդված չլինենք նրանով, որ մեր տեսակետը չկիսողները հայհոյանքների տարափ են տեղալու մեր գլխին։ Այդ ժամանակ այլևս մեր երկիրը չի համարվի մասնակիորեն ազատ երկիր։ Իսկ այս իրավիճակին հասնելու համար առաջին հերթին պետք է լինենք այլախոհ, խոսենք ազատ և հակադարձենք իրար առանց մատ թափահարելու, հայհոյելու, ատելության, պիտակավորելու, սպառնալու, շանտաժի դիմելու, շիշ շպրտելու կամ գլուխ ու քիթ ջարդելու։

Ժորժ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031