Լրահոս
Օրվա լրահոսը

Քսան տարի առաջ մարտի 14-ին դատավարության ընթացքում դեմ առ դեմ հանդիպեցին դատախազ Աղվան Հովսեփյանն ու Վանո Սիրադեղյանը

Մայիս 10,2020 15:17

Սկիզբը՝ նախորդ համարում

Քսան տարի առաջ մարտի 9-ին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանին գործընկերս հարցրել էր` ԱԱՆ-ի ղեկավարը աչք է փակե՞լ Նաիրի Հունանյանի մասին տեղեկատվության վերաբերյալ: «Չի հանձնարարել ստուգել ստացված տեղեկատվությունը: Ասեմ ավելին` այդ տեղեկատվությունը վերաբերում է Նաիրի Հունանյանի կողմից ազգային կուսակցություն ստեղծելու փաստին»,-պատասխանել էր զինդատախազը: Մարտի 10-ին «Քաղաքական մերկացումներ չեղան» հրապարակմամբ տեղեկացվեց զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի նախորդ օրվա մամուլի ասուլիսում հնչեցրածի վերաբերյալ էլ. ԱԱՆ աշխատակիցը ոչ միայն մեր իմացած պաշտոնատար անձը չէր, այլ`«Նույնիսկ նրա պաշտոնն իջեցրել են, ծառայական քննության արդյունքներով»:

Մարտի 14-ին Հայաստանի ճարտարապետների տանը նշանակվել էր հավաք` ի պաշտպանություն կրթության եւ գիտության նախկին նախարար Աշոտ Բլեյանի: Հաջորդ օրը մեր լրատվամիջոցը մանրամասնեց այդ հավաքի մասին, այդ պահին իրավապաշտպան Միքայել Դանիելյանի կողմից հայտարարվել էր, որ միակ քաղբանտարկյալը Աշոտ Բլեյանն է, իսկ «Արմատ» հասարակական կազմակերպության ղեկավար Բաբկեն Արարքցյանը Բլեյանի գործը «ֆարս» էր համարել:

Նույն օրը նշանակվել էր Վանո Սիրադեղյանի եւ տաս ամբաստանյալների դատավարությունը, որը զուգահեռաբար հայտնի էր նաեւ Արմեն Տեր-Սահակյան եւ նրա խմբի անդամների գործ անվամբ: «Պատմական հանդիպում» խորագրի տակ, տեղեկացրել էինք, որ դեմ առ դեմ հանդիպել էին գլխավոր դատախազի տեղակալ Աղվան Հովսեփյանն ու Վանո Սիրադեղյանը. «Առաջինը ժպտալով ձեռք էր մեկնել Աղվան Հովսեփյանը, եւ հետաքրքրվել Վանո Սիրադեղյանի որպիսությամբ: Վերջինս տեղեկացրել է, որ հիվանդ է եւ խնդրել է դատական նիստն արագ ավարտել: Ինչը, ի դեպ, եղել է»: Այս թեման սկսեց շահարկվել լրատվամիջոցներով, չորս օր հետո «Առավոտը» հարցրեց. «Առաջինը ի՞նքն է ձեռք մեկնել Վանո Սիրադեղյանին: Գլխավոր դատախազի տեղակալ Աղվան Հովսեփյանը պատասխանեց. «Առաքինի մարդիկ միշտ առաջինն են ձեռք մեկնում»:

Դատական գործընթացներին զուգահեռ խոսվում էր «Երդվյալ դատարաններ» ստեղծելու, սահմանադրության մեջ դատարանակազմության վերաբերյալ փոփոխություններ անելու մասին:

Մարտի 17-ին Եզդիների ազգային միության դատն էր Արաբկիր եւ Քանաքեռ համայնքների առաջին ատյանի դատարանում:Արդարադատության նախարարը դիմել էր դատարան, միությունը լուծարելու պահանջով, իսկ այդ միությունը մեկը չէր, քանի որ տեղեկացրել ենք, որ լուծարման պահանջ էր դրվել 2010-ի դեմ:

Մարտի 22-ին Շմայսը`Առաքել Մովսիսյանը  ցուցմունք էր տալու Էրեբունու դատարանում: Այդ գործը հայտնի էր «Ոսպի գործ» անվամբ:

Մարտի 21-ի նիստում ոստիկանության Ներքին զորքերի հրամանատար Վահան Հարությունյանը դատական  նիստին ասել էր իր ուսանողական տարիներին գնած`գժի թղթի մասին. «Մեր նախկին լիդերներից շատերին է նման ախտորոշում տրվել», ինչին դատավոր Ռազմիկ Թովմասյանն արձագանքել էր.«լիդերներից որքան հեռու`այնքան լավ»:

Վանյա Սուքիասյանը ներկայացրել էր դատարանին, ՀՍՍՀ Մինիստրների խորհդի 1990թ. հոկտեմբերի 25-ի 490 որոշումը. «ՀՀ ՆԳՄ կազմում հատուկ ջոկատ ստեղծելու մասին» սեպտեմբերին ընդունված-լրացված 420 որոշումը, որտեղ տրված էր ՄՀՕՋ-ի  ստեղծման խնդիրների, Վահան Հարությունյանի իրավունքների եւ պարտականությունների մասին: Վահան Հարությունյանի մեկ այլ պաշտպանը` Ռուբեն Բալաբանյանը հայտնել էր, թե իր պաշտպանյալը «մեմուարներ» է գրում: Սակայն նույնիսկ ազատության մեջ հայտնվելով այդպես էլ չտեղեկացանք, տպագրվեցին այդ «մեմուարները», թե ոչ:

Մարտի 23-ին Արեշի Պելեին «փախցրած» վարորդի դատն էր Էրեբունու դատարանում: Նույն օրը ԼՂՀ իրավապահ մարմինների կողմից հարցաքննվել էր «Առավոտի» լրագրող Սաթիկ Սեյրանյանը, որի հարցազրույցից հետո ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձ էր տեղի ունեցել: Ձերբակալվել էր յոթանասունից ավելի մարդ: Մարտի 25-ին տեղեկացնում ենք, որ Բաբայանի հետ ձերբակալվել են նրա թիկնապահները:

Երեք օր հետո գնդակոծվում է ԱԺ պատգամավոր Մանուկ Գասպարյանի «Օրիոն» խանութի ցուցափեղկը: Դեպքի վայրում քսաներկու պարկուճ է հայտնաբերվում եւ կրակված երեք գնդակ:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031