Լրահոս
Օրվա լրահոսը

Հաճարով եւ բանջարեղենով փլավ

Մայիս 10,2020 14:42

Չգիտեմ՝ ով՝ ինչպես, ես հաճարով փլավի երկու-երեք տեսակ գիտեմ՝ սնկով, տհալով (ղաուրմա) եւ պարզապես սոխեռածով՝ քյուֆթայի հետ: Այս անգամ որոշեցի փորձել հաճարի հետ տարբեր տեսակի բանջարեղեն խառնել, եւ արդյունքը հրաշալի էր: Փորձեք եւ կհամոզվեք ինքներդ:

Անհրաժեշտ մթերքները

Հաճար- 2 բաժակ

Բուսական յուղ- 100 մլ մոտ կես բաժակ

Սոխ-1 գլուխ

Սխտոր-3 պճեղ

Գազար-1 հատ

Սմբուկ-1 հատ

Թարմ պղպեղ- 1 հատ(կարող եք վերցնել ինչպես կանաչ, այնպես էլ՝ կարմիր, կամ յուրաքանչյուրից՝ կես կտոր)

Սունկ- 0.5 կգ

Աղ, սեւ եւ կարմիր պղպեղ – ըստ ճաշակի

Թարմ կանաչիներ- 10-12 ճյուղ (կարող եք վերցնել ձեր նախընտրած կանաչին, ես վերցրեցի անանուխ եւ կանաչ սոխ)

Պատրաստման եղանակը

Հաճարը շատ լավ մաքրեք եւ լավ, մանրամասն լվացեք, որից հետո վրան գոլ ջուր լցրեք այնքան, որ ամբողջությամբ ծածկվի եւ թողեք մնա առնվազն 3 ժամ կամ ողջ գիշեր:

Մաքրեք եւ լվացեք բանջարեղենը:

Կաթսայի մեջ լցրեք հաճարը՝ այն ջրի հետ, որում «հանգստանում էր», ավելացրեք եւս 4 բաժակ ջուր եւ դրեք ուժեղ կրակին եփվելու: Հենց եփը գա, կրակը մի փոքր ցածրացրեք եւ թողեք մոտ 20 րոպե եփվի, վերջում ավելացրեք 1 ճաշի գդալ աղ:

Թավան դրեք կրակին, ավելացրեք բուսական յուղը:Կտրատեք բանջարեղենը՝ միջին խորանարդներով:

Երբ ձեթը տաքանա, ավելացրեք բանջարեղենը՝ հետեւյալ հերթականությամբ՝ սոխը, մեկ րոպեից ավելացրեք սխտորն ու գազարը, եւս երկու րոպեից՝ սմբուկը:

Բանջարեղենի տապակման ընթացքում պարբերաբար խառնեք: Եվս երկու-երեք րոպեից ավելացրեք պղպեղը, ապա՝ սունկը, խառնեք, թողեք տապակվի եւս 5-6 րոպե:

Ավելացրեք մեկ-երկու պտղունց աղ, ցանկության դեպքում նաեւ՝ սեւ եւ կարմիր պղպեղ: Այս ընթացքում հաճարը բավականաչափ եփված կլինի: Ջրքամեք, բայց այնպես, որ մոտավորապես 0,5-1 բաժակ ջուր մնա, եւ ավելացրեք բանջարեղենին, լավ խառնեք: Կրակը ցածրացրեք որքան հնարավոր է, կափարիչով փակեք եւ թողեք մոտ 7-8 րոպե, մինչեւ մնացած ողջ ջուրը քաշի:

Ավելացրեք թարմ կանաչին եւ անջատեք կրակը: Կարող եք ամենավերջում փլավի վրա մեկ-երկու ճաշի գդալ ձիթապտղի յուղ կամ կարագ ավելացնել: Մատուցեք տաք վիճակում:

Բարի ախորժակ:

Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031