Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի ընտրությունները եւ մենք

Մայիս 10,2020 12:00

Մինչ ողջ աշխարհը տառապում էր կորոնավիրուսից, Արցախում հերթական նախագահական ընտրություններն անցկացվեցին: Ընդ որում՝ բավական հաջող: Ընդ որում՝ ներքաղաքական միանգամայն բարդ ժամանակաշրջանում: Ներքաղաքական կոնֆլիկտների սիրահարները հույս ունեին, որ Հայաստանի իշխանությունների ակնհայտ համակրանքը վայելող Արայիկ Հարությունյանն ընտրվելու դեպքում կարող է ընդդիմադիր զանազան խոսակցությունների առարկա դառնալ՝ կապված առաջին հերթին ընտրությունների արդարության ու մաքրության հետ: Բայց, ինչպես տեսնում եք, դա տեղի չունեցավ, եւ նույնիսկ Արայիկ Հարությունյանի հակառակորդներից որոշներն այսօր հայտարարում են, որ Արայիկ Հարությունյանը լեգիտիմ նախագահ է:
Արցախի ընտրությունները ցույց տվին, որ մենք, ինչպես միշտ, Արցախի հետ կապված հարցերում միակարծիք ու միասնական ենք եւ, ինչպես միշտ, շարունակում ենք գիտակցել ու հասկանալ, որ Արցախը ներքաղաքական խնդիրներ լուծելու համար առանձնապես հարմար տեղ չէ եւ ոչ էլ հայերիս հեղափոխական տրամադրություններն արտահայտելու համար է հարմար տեղ:

Ավելի պարզ ասած, գրեթե բոլորս մշտապես հասկացել ու հասկանում ենք, որ Արցախի հարցում մենք տարաձայնություններ երբեւէ չենք ունեցել, չունենք եւ չենք կարող ունենալ, եւ դա հրաշալի արտահայտվեց Արցախի այս վերջին նախագահական ընտրություններում, որտեղ, փաստորեն, Արայիկ Հարությունյանը գրեթե միանձնյա առաջատար էր եւ ինքն էլ էր դա հրաշալի գիտակցում եւ միանգամայն պատվով էր կրում առաջատարի իր դերն ու առաքելությունը:

Ինչեւէ. Արցախի երկար սպասված նախագահական ընտրություններն ավարտվեցին՝ սիրով, հաշտությամբ ու խաղաղությամբ, որոնք Արցախի անվտանգության ու կայունության հիմնական երաշխիքն ու գրավականն են: Արայիկ Հարությունյան նախագահացուի պահվածքի շնորհիվ այդ երաշխիքները ոչ միայն պահպանվեցին, այլեւ ավելի կայունացան ու ամրապնդվեցին, եւ մենք, որ հայոց թավշյա հեղափոխությունից հետո Արցախի նախագահական ընտրություններում մաքսիմում լարվածություն ու գերլարված պայքար էինք ակնկալում, հիմա հասկանում ենք, որ դա չէր կարող պատահել ու տեղի ունենալ՝ մանավանդ այս դեպքում, երբ պայքարող կողմերից մեկն ու առաջատարն Արայիկ Հարությունյանն էր:

Քննադատություններ հնչեցին առ այն, որ Արցախի նախագահական ընտրություններն ու հատկապես ընտրությունների երկրորդ փուլն անցկացվեցին այն ժամանակ, երբ կորոնավիրուս կոչվող պատուհասն արդեն գրավել էր աշխարհը եւ չնայած Արցախում նույնպես արտակարգ դրություն էր հայտարարված, այդուհանդերձ, ընտրությունների երկրորդ փուլը հենց արտակարգ դրության պայմաններում անցկացվեցին:

Քննադատողները քննադատում են, ասելով, որ հարկ էր հետաձգել ընտրությունները, սպասելով, մինչեւ կորոնավիրուսն ավարտվի: Մենք այդ կարծիքին չենք՝ մի քանի պատճառով: Նախ՝ կորոնավիրուսի գոյությունը բացարձակապես չանդրադարձավ ընտրությունների որակի վրա: Երկրորդ. մենք չգիտենք եւ ոչ ոք չգիտի, թե երբ կավարտվի կորոնավիրուս կոչվող այս փորձանքը: Բայց մենք մի բան հաստատ գիտենք. այս կորոնավիրուսից ավելի երկար է տեւելու այն մյուս կորոնավիրուսը, որն այլ կերպ կոչվում է Ադրբեջան:

Կարճ ասած՝ շատ ճիշտ արեցին, որ ընտրություններն անցկացրին: Արագ եւ որակով:

Ոսկան ԵՐԵՎԱՆՑԻ

«Առավոտ» օրաթերթ
08.05.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031