Լրահոս
Օրվա լրահոսը

Այս է կյանքը

Մայիս 09,2020 20:10

Այսօր՝ մայիսի 9-ին լրատվամիջոցներում և սոցցանցերում տարբեր գործիչներ կարծիքներ են հայտնում, թե արդյոք  այս օրը պետք է կոչվի Հայրենական Մեծ Պատերազմի հաղթանակի օ՞ր, այն  հայ ժողովրդի համար տո՞ն պետք է լինի, թե՞ ոչ, արդյոք ճի՞շտ չէին այն հայ գերիները, որոնք համալրեցին Դրոյի կողմից կազմակերպված հայկական լեգիոնը։ Ոմանք էլ  հերոսացնում են նրանց։

Ըստ իմ տեղեկությունների՝ Դրոն, համագործակցելով Գերմանիայի հետ, հիմնական նպատակ է ունեցել հայերի  կյանքը փրկել։ Պատահական չի, որ ի տարբերություն այլ ազգային լեգիոնների, հայկականը չի մասնակցել  ռազմական գործողությունների ընդդեմ ԽՍՀՄ-ի։

Հայրս՝ Ռաֆայել Իշխանյանը, մասնակցել է ողջ պատերազմին, զորակոչվել է 1940թ․, զորացրվել՝ 1946թ․։ 1941 թ․ ծանր վիրավորվել և գերի է ընկել։ 1943 թ. ազատվել  է գերությունից, նորից համալրել խորհրդային բանակի շարքերը և հաղթանակի օրը դիմավորել Վիեննայում։ Զորացրվել է 1946թ․։

Պատերազմի և գերության տարիների մասին հայրս բազմաթիվ պատմություններ է պատմել։

Հիշում էր, երբ Լեհաստանում իրենց՝ գերիներին տանում էին դաշտերում աշխատելու, ինչպես մի անգամ տեսավ հայ լեգիոնի «խրոխտ քայլքն ու քայլերգը»․

-Ջախջախենք հրեա բոլշևիկներին։

-Ազատենք գերի մեր ծնողներին։

Գերության տարիներին իրենց ճամբարն է այցելել  Դրոն  և հայ գերիներին առաջարկել զինվորագրվել  լեգիոն։ Շատերը համաձայնվել են։ Հայրս, որ չէր ընդունում ԽՍՀՄ գաղափարախոսությունը, Ստալինին, նաև «ժողովրդի թշնամու» զավակ էր ( հայրը գնդակահարվել էր 1937թ․), առանց մտածելու հրաժարվում է․ «Որքան էլ  չէի ընդունում Ստալինին և բոլշևիզմը, նույնքան էլ, գուցե ավելի Հիտլերին և ֆաշիզմը։ Բացի այդ, ի վերջո չէի կարող դրժել զինվորական երդումս»։ Նա չէր մեղադրում նրանց, ովքեր անդամակցեցին լեգիոնին․ «Կյանքը փրկելու, նաև գլուխ պահելու հարց էր»։

Հետաքրքրական է, որ հետագայում, պատերազմից խուսափած, բայց Կոմունիստական կուսակցության անդամ դարձած շատ գործիչներ հորս մեղադրում էին հակա լինելու մեջ։

Այսօր էլ նախկին կոմունիստները, բայց այժմ ՝ առաջադեմ արևմտամետները  հերոսացնում են հայկական լեգիոնը և դեմ են մայիսի 9-ի տոնակատարությանը։

Ինչպես ասում են ֆրանսիացիները՝ C’EST LA VIE։

Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031