Լրահոս
Թեհրանի նուրբ խաղը
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ Արարատ Միրզոյանը չպատժեց «Իմ քայլ»-ական պատգամավորներն, մինչդեռ ԲՀԿ-ականներին պատժել էր

Մայիս 09,2020 19:16

2020 թվականի հունվարի 21-ին Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ ԲՀԿ-ական չորս պատգամավորներ` Ջանիբեկ Հայրապետյանը, Գևորգ Պետրոսյանը, Արթուր Աղաբաբյանը եւ Արթուր Դալլաքյանը հեռացվեցին ԱԺ նիստերի դահլիճից՝ մինչև օրվա ավարտ։ Կարգապահական վարույթ ԱԺ նախագահն ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ կիրառեց «քրեական ենթամշակույթի» վերաբերյալ օրենքի նախագծի քննարկման ժամանակ:

Այս ողջ պատմությունը սկսվեց այն բանից հետո, որ ընդդիմադիր պատգամավոր Գևորգ Պետրոսյանը պնդեց, որ օրենքը թերի է և դիմեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին․ «Լավ եք անում, որ պայքարում եք հանցավորության դեմ, բայց մի հուշում․ էդ «գողական» բառի հետ էլի 3 տառից բաղկացած հասկացություն կա։ Լավ կլիներ՝ դրա դեմ պայքարեիք»:

Սա դուր չեկավ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանին, նա էլ պահանջեց, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից որևէ մեկը ներողություն խնդրի Գևորգ Պետրոսյանի փոխարեն՝ իր թույլ տված արտահայտության համար։ Հետո պատգամավորները սկսեցին հարցեր ճշտել միմյանց հետ, հաշիվ պահանջել միմյանցից, ինչն էլ ավելի ուշ վիճաբանության վերածվեց:

Այս միջադեպն իր մասնակիցներով եւ բովանդակությամբ, իհարկե, զիջում էր այն ծեծկռտուքին, որը տեղի ունեցավ երեկ խորհրդարանում` իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների եւ «Լուսավոր Հայաստան» ընդդիմադիր խմբակցության ղեկավարի միջեւ՝ վարչապետի ներկայությամբ: Լրատվամիջոցները շատ արագ ուսումնասիրեցին տեսանյութերը, գտան մեղավորներին, ԱԺ նախագահը, սակայն, սանկցիաներ չկիրառեց հարազատ խմբակցության կարգազանց պատգամավորների նկատմամբ:

Այս առիթով Aravot.am-ի հետ զրույցում իշխող խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն ասաց. «Վստահ եմ, որ դեռ կանդրադառնանք: Բավականին լարված օր էր եւ, կարծում եմ, որ բոլորիս շոկային վիճակից էր, որ քայլեր չձեռնարկվեցին: Խմբակցության նիստ կլինի, բոլոր հարցերը կքննարկվեն եւ ըստ այդմ, դեռ  քայլեր կլինեն: Այնպես չէ, որ ամեն ինչ վերջացած է կամ ամեն ինչ որոշված է: Հավանաբար պետք է, ճիշտ է, որպեսզի կրքերը հանդարտվեն եւ հետադարձ հայացք գցենք`տեղի ունեցածը հասկանալու եւ գնահատելու համար»:

Առհասարակ, իշխող ուժի պատգամավորի համար դատապարտելի  եւ անընդունելի է բռնության դրսեւորումները: Նա ներողություն է խնդրում մեր քաղաքացիներից կատարվածի համար, ինչին ստիպված եղան ականատես լինել: Նա հորդորում է կատարվածում մեղավորներ չփնտրել. «Եթե մենք ակնարկներին կամ ուղիղ խոսքին հակադարձել ենք էմոցիաներով, կամ եթե եղել է սադրանք, ինչին հակադարձել ենք»: «Սադրանքին» տրվելը իշխող ուժը ներկայացնող պատգամավորը, իհարկե, իրենց մեղավորությունն է համարում. «Որովհետեւ մենք չգիտակցեցինք, կամ չկանխարգելեցինք,  եւ այս օրը եղավ ԱԺ դահլիճում, ԱԺ նախագահի եւ երկրի վարչապետի եւ կառավարության ներկայությամբ»:

Նա սրտահովանք չի համարում այն մեկնաբանությունները, որ այլ խորհրդարաններում էլ են նման միջադեպեր լինում: Կարծում է, որ մենք պետք է բացառենք մեր խորհրդարանում նման միջադեպերը:

Ինչ վերաբերվում է հնարավոր «պատիժներին», Սոֆյա Հովսեփյանի գնահատմամբ` Սասուն Միքայելյանն ինքը պետք է գիտակցի իր արարքի անթույլատրելի լինելը եւ ինքը պետք է որոշի` ինչպե՞ս վարվել` խնդրե՞լ ներողություն, թե՞ ոչ եւ ումի՞ց խնդրել` Էդմոն Մարուքյանի՞ց, թե՞ հանրությունից:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Delea says:

    Ինչպես վստահեմ վախկոտ գերագույն հրամանատարին, մարտում:
    Եթե մի երկիր, ընտրելով պատերազմի և ամոթի միջև, ընտրում է ամոթը, այն ստանում է և՛ պատերազմ, և՛ ամոթ:
    Երկու աքլորների կռվից, մեր երկրի գլխավոր հրամանատարն ԱԺ դահլիճից փախնում է:Պատմության մեջ գրվեց որ,ՀՀ գլխավոր հրամանատար նիկոլ փաշինյանն,նապաստակ է:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031