Լրահոս
Թեհրանի նուրբ խաղը
Օրվա լրահոսը

Երուսաղեմի Հայոց ցեղասպանության արխիվը Օսմանյան Կայսրության ցեղասպան քաղաքականության մի վկայական է․ «Ասպարեզ»

Մայիս 09,2020 16:34

«Ասպարեզ»– Հարցազրույց բանասիրական գիտությունների թեկնածու, թուրքագետ Լուսինե Սահակյանի հետ։

 -Տիկի՛ն Սահակյան, վերջերս Երուսաղեմի Հայոց պատրիարքության 2019 թ. հոկտեմբերի 16-ին հաղորդագրությունից տեղեկացանք, որ Դուք և օսմանագետ Անի Սարգսյանը գիտահետազոտական ուսումնասիրություններ եք կատարել պատրիարքության Հայոց ցեղասպանության արխիվում։ Խնդրում եմ նախ ասել, թե ե՞րբ է ստեղծվել այդ արխիվը։

– Երուսաղեմի Հայոց պատրիարքության Հայոց ցեղասպանության արխիվում պահվում է իր ծավալով թերևս ամենամեծ հավաքածուն։ Այն ստեղծվել է 1919 թ. Կ. Պոլսում՝ Տ. Զավեն արք. Եղիայան պատրիարքի անմիջական ջանքերով և վերահսկողությամբ։

Զավեն Եղիայանը հայ ժողովրդի համար ծանրագույն և ճակատագրական շրջանում`1914-1916 և 1918-1922 թթ., ստանձնել է Կ.Պոլսի պատրիարքական աթոռը։ Ինչպես իր հուշերում գրում է նա. «Կ. Պոլսո Պատրիարքներուն մէջ չէ եղած ուրիշ մը, որ ինձ նման փոփոխական բախտ մը ունեցած եւ փառքի ու անկման օրեր տեսած ըլլայ»։ Այդ տարիներին պատրիարքը գրեթե ամեն օր Արևմտյան Հայաստանի տարբեր գավառներից, նաև կայսրության մյուս հայաբնակ շրջաններից ու Կիլիկիայից ստացել է նամակներ, խնդրագրեր` լի ողբերգական պատմություններով։ Նամակագիրներն աղերսագին օգնություն էին խնդրում։

Զավեն պատրիարքը բազմաթիվ դիմումներ է գրել երիտթուրքական իշխանություններին, ուղիներ է փնտրել` փրկելու հայ ժողովրդին անխուսափելի բնաջնջումից։ Սակայն հայ մտավորականների՝ 1915 թ. ապրիլյան սպանդից հետո Զավեն պատրիարքին մեկուսացրել են. 1916 թ. օսմանյան իշխանությունները լուծարել են Կ. Պոլսի պատրիարքությունը և նրան աքսորել Բաղդադ։

Զավեն պատրիարքը Հայոց ցեղասպանության ականատեսներից էր: Այնքան մեծ էր նրա ողբերգությունը, որ իր բազմաթիվ նամակներ նա ստորագրել է` «Դժբախտ պատրիարք Հայոց Թուրքիոյ», «Վշտակիր պատրիարք Հայոց»։

1919 թ. աքսորից վերադառնալով Կ. Պոլիս` պատրիարքը կրկին ստանձնել է իր պարտականությունները։ Նրա անձնուրաց ջանքերի շնորհիվ պատրիարքարանին կից հիմնադրվել են «Հայ որբախնամ», «Հայ Տարագրելոց» և այլ ընկերություններ` Հայոց ցեղասպանությունից փրկված հայ կանանց ու որբերին որոնելու, ազատագրելու նպատակով։ Այդ շրջանում էլ պատրիարքի հովանու ներքո ձևավորվել է Տեղեկատու դիվանը, որը պետք է հավաքեր Հայոց ցեղասպանությանը և Հայկական հարցին վերաբերող վավերագրեր։

Այս արխիվն ստեղծվել է պատմական ու աշխարհաքաղաքական առճակատումների շրջանում, որի կործանարար հորձանուտում հայտնվել էր հայ ժողովուրդը, իսկ այդպիսի բարդ ու վտանգավոր պայմաններում նման հսկայածավալ վավերագրերի հավաքչական աշխատանքն իրոք հերոսություն էր։

Դիվանի պատասխանատուների` Գրիգոր Դավիդյանի, Արշակ Ալպոյաճյանի, Կարապետ Նուրյանի, Զորա Զորայանի, Ասատուր Նավարյանի, Առաքել Չաքրյանի օրնիբուն հետևողական և համառ աշխատանքի շնորհիվ է ստեղծվել այս բացառիկ հավաքածուն։ Զավեն պատրիարքը, կանխատեսելով քեմալականների մուտքը Կ. Պոլիս, արխիվում հավաքված նյութերը 1922 թ. նոյեմբերին թղթածրարներով գաղտնի ուղարկում է Մանչեստր` ի պահ Գրիգորիս եպս. Պալաքյանին, և նույն թվականին նա ստիպված, թողնելով պատրիարքական աթոռը, հեռանում է Թուրքիայից։

1927 թ. Գրիգորիս Պալաքյանը, ընտր­վե­լով Մար­սե­լի Հայոց հոգևոր առաջնորդ, ար­խի­վն իր հետ տա­նում է Ֆրանսիա: 1938 թ. Զա­վեն պատ­րիար­քի խնդրանքով Պա­լա­քյան սրբա­զա­նն այս թղթածրարներն ու­ղար­կում է Ե­րու­սա­ղեմի Հայոց պատրիարք Տ. Թոր­գոմ արք. Գու­շա­կյանին: Նույն թվականին Զա­վեն պատ­րիար­քը մեկնում է Երուսաղեմ: Ինչպես նա գրել է իր հուշերում, մեծ ոգևորություն է ապրում՝ տեսնելով արխիվի բազմալեզու, հազարավոր էջերից բաղկացած թղթածրարներն անվնաս։ 1938 թ. ի վեր Հայոց ցե­ղաս­պա­նու­թյան ար­խի­վը պահ­վում է Ե­րու­սա­ղե­մի Հա­յոց պատ­րիար­քա­րա­նում։

-Ի՞նչ ուսումնասիրություններ եք կատարել այդ արխիվում, և այժմ ի՞նչ փուլում են Ձեր աշխատանքները։

– Նախ ասեմ, որ շուրջ ութ տասնամյակ այս արխիվը փակ է եղել, և միայն սակավաթիվ մասնագետներ են կարողացել մասնակի ուսումնասիրություններ անել այնտեղ։

Արխիվի ստեղծումից շուրջ հարյուր տարի անց Ամենապատիվ Տ. Նուրհան արք. Մանուկյան պատրիարքի նախաձեռնությամբ, բարձր հովանավորությամբ և օրհնությամբ, ինչպես նաև Երևանի պետական համալսարանի ղեկավարության և ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի (ՀՀԻ) տնօրինության համաձայնությամբ ես՝ որպես նույն ինստիտուտի հայ-օսմանական առընչություների բաժնի ղեկավար, և իմ գործընկերը՝ օսմանգետ-թուրքագետ Անի Սարգսյանը, սկսած 2017 թ., չորս այցելությունների ընթացքում կարողացել ենք դասակարգել 11 տուփ կազմող արխիվի խառնիխուռն էջերը և լուսապատճենել շուրջ 25 հազար էջ։ Ի դեպ, վավերագրերի մեծ մասը ձեռագիր է` գրված արևմտահայերեն, հայատառ թուրքերեն, օսմաներեն, անգլերեն, ֆրանսերեն և գերմաներեն։ Սա բավական բարդ և ժամանակատար աշխատանք է, քանի որ գրությունները տարբեր ձեռագրերով են, և երբեմն համառոտ նկարագրություն կազմելու համար անհրաժեշտ է լինում կարդալ 30-40 էջանոց վավերագիր։ Մեր խմբում ընդգրկված են նաև այլ մասնագետներ, որոնց հետ քննարկում ենք մեր աշխատանքները և խորհրդակցում։

Այժմ ընթանում են այդ թղթածրարների ցուցակագրման աշխատանքները։ Ցուցակների ժողովածուները հրատարակելու համար արդեն ձևավորվել է խմբագրական խորհուրդ։

-Իսկ ինչո՞վ են կարևոր ցուցակագրման աշխատանքները։

-Առանց ցուցակագրման հնարավոր չէ հստակ տեղեկություն տալ վավերագրերի քանակի և բովանդակության մասին։ Մենք նկարագրում ենք յուրաքանչյուր վավերագիրը՝ արձանագրելով թղթապանակի համարը, ստեղծման տարեթիվը, բովանդակությունը, ուղարկողի և ստացողի կամ հեղինակի տվյալները, թղթի տեսակը, վիճակն ու լեզուն և այլ մանրամասներ` ըստ փաստաթղթի տեսակի։ Այսինքն՝ յուրաքանչյուր վավերագրի համար ստեղծվում է առանձին գիտական անձնագիր, որն էլ օրենքով ամրագրում է նրա գոյությունը և իսկությունը՝ բացառելով վավերագրերի կեղծումը։ Ցուցակագրումն առաջին հերթին պաշտպանում է վավերագրերը անհետացումից կամ գողությունից, քանի որ համապատասխան ժողովածուի մեջ համարագրվում է դրանց քանակությունը։

Ըստ արխիվային վավերագրերի ցուցակագրման ընդունված կարգի՝ մեր մասնագիտական խումբն արդեն կազմել է առաջին երեք տուփերի ժողովածուները։ Առաջին հատորում նկարագրված է 2182 էջ վավերագիր, երկրորդում`2581 էջ, երրորդում` 960 էջ՝ ներառյալ համապատասխան ծանոթագրությունները, տեղանվանական և անվանական ցանկերը։ Դրանք այժմ վերջնական խմբագրման փուլում են։ Յուրաքանչյուր հատոր հրատարակվելու է առանձին առաջաբանով։

Բացի վավերագրերի ցուցակագրումից` այս ժողովածուների ստեղծումը կդյուրացնի ապագա ուսումնասիրողների աշխատանքը. համապատասխան ցանկերի միջոցով նրանք կկարողանան գտնել անհրաժեշտ վավերագիրը։

Համավարակի պատճառով ստեղծված տեղաշարժի արգելքից հետո ձեռնամուխ կլինենք մեր կազմած հատորների հրատարակմանը։ Մենք աշխատանքները հիմնականում իրականացնում ենք Պատրիարքարանում։

-Տիկին Սահակյան, կարո՞ղ եք որոշակի պատկերացում տալ հատորներում նկարագրված վավերագրերի բովանդակության մասին։

-Արխիվի ամբողջական պատկերը կներկայացնենք համալիր քննությունից հետո, երբ ավարտվեն ցուցակագրման աշխատանքները, իսկ առաջին երեք տուփերի թղթածրարների մասին շուտով լույս կտեսնի մեր պատրաստած ծավալուն հոդվածը։

Եթե ընդհանուր գծերով բնութագրենք արխիվը, կարելի է ասել, որ այն Հայոց ցեղասպանության և Հայկական հարցի բացառիկ մի ժամանակագրություն է, որն ընդգրկում է 1911-1922 թթ.։ Այն իր ամբողջությամբ Օսմանյան կայսրության համակարգված ցեղասպան քաղաքականության վկայարան է` ամրագրված կնիքներով, համարակալումներով և ստորագրություններով։ Տեղեկատու դիվանի անխոնջ աշխատանքի արդյունքում հավաքվել են վավերագրեր Հայոց ցե­ղաս­պա­նու­թյան մանրամասների՝ գլխա­վոր կազ­մա­կեր­պիչ­նե­րի, հայերի կոտորածների, թալանի, ունեզրկման, մարդկանց առևանգումների, դատական հայցադիմումների և Օսմանյան կայսրության ներքին գործերի նախարարության արձագանքների ու համապատասխան հանձնարարականների և այլնի մասին։ Բազմաթիվ էջեր են կազմում ա­կա­նա­տես­նե­րի վկա­յու­թյուն­ները: Կան արևմտյան պաշտոնյաներին ուղղված տե­ղե­կա­գրեր, վիճակագրական զանազան ցանկեր, զեկույցներ, որոնք մանրամասնորեն ներկայացնում են հայ ժողովրդի ծանր կացությունը Հայոց ցեղասպանությունից առաջ և հետո:

Տե­ղե­կա­տու դի­վա­նը ձեռք է բերել նաև օսմանյան դատարաններում մե­ղադ­րվող կող­մի թղթա­պա­նակ­նե­րը և դատական նյու­թե­րը: Դի­վա­նի ան­դամ­նե­րը կարողացել են պատ­ճե­նա­հա­նել դա­տա­րա­նի փաստաթղթերը՝ ձեռք բերելով շատ կա­րևոր պաշ­տո­նա­կան վավերագրեր։

Արխիվում տեղ են գտել նաև եզակի տպագիր նյութեր, որոնք լուսաբանում են 19-րդ դարի վերջում Հայկական հարցին վերաբերող խնդիրները, հայության ծանր վիճակը, ինչպես նաև 1911-1914 թթ. հայկական նահանգների բարենորոգումներին վերաբերող տեղեկագրեր, շրջաբերականներ, նամակներ՝ տարբեր թեմերի առաջնորդարաններից։ Չափազանց կարևոր են Տ. Հովհաննես արք. Արշարունի և Տ. Զավեն արք. Տեր-Եղիայան պատրիարքներին հասցեագրված տարաբնույթ նամակները։

Արխիվում պահվող բազմալեզու այս վավերագրերն արժեքավոր սկզբնաղբյուրներ են Արևմտյան Հայաստանի, Կիլիկիայի և կայսրության մյուս հայաբնակ շրջանների իրավատնտեսական վիճակի, հայկական ջարդերի վերաբերյալ, հավելյալ մանրամասնություններ են պարունակում տեղահանությունների մասին։ Բազմաթիվ վավերագրեր և արձանագրություններ ներկայացնում են 1912-1914 թթ. և 1918-1922 թթ. միջազգային ատյաններում հայկական պատվիրակությունների ծավալած աշխատանքները։

Այս փաստաթղթերը ժամանակագրական կարգով ցույց են տալիս Օսմանյան կայսրության և գերտերությունների ու Ռուսաստանի դիրքորոշումները Հայկական հարցի լուծումների ուղղությամբ։ Տասնյակ էջեր պատմում են հայ որբերի, առևանգված կանանց, իսլամացված հայերի և նաև նրանց դարձի բերելու, հայկական իրականություն վերադարձնելու նպատակով կատարված աշխատանքների մասին։ Պահպանվել են վկայություններ Հայոց ցեղասպանությունից առաջ և հետո հայկական դպրոցների, եկեղեցիների, սեփականության և լքյալ գույքի վերաբերյալ։ Բազմաթիվ տեղեկագրեր ներկայացնում են հայերի հասարակական ու քաղաքական կյանքը։

Այս բոլոր նյութերը Դիվանում հավաքվել են այն ակնկալիքով, այն սպասումով, որ երիտթուրք պարագլուխները կկանգնեն արդարադատության առջև, կլինի անկանխակալ դատ, և նրանք կստանան արժանի պատիժ՝ կանխամտածված ցեղասպանություն իրագործելու համար:

Այսինքն՝ արխիվների մշակումն ու ժողովածուների հրատարակումն ունի ոչ միայն բարոյական, այլև իրավական արժեք ու նշանակություն:

-Որքանո՞վ են կարևոր այս և նման արխիվները Հայոց ցեղասպանության ճանաչման և փոխհատուցման գործընթացների համար։

-Հայոց ցեղասպանությունը կատարված իրողություն է և վեր է որևէ կասկածից, սակայն թուրքական պետական ժխտողական մեքենան աշխատում է ամեն օր՝ անխափան և անվրեպ` կիրառելով նաև ավելի ճկուն մեթոդներ, դիմելով հնարավոր ու անհնար միջոցների, իր գայթակղիչ ծուղակների մեջ գցելով նաև հայ մասնագետների։ Ուստի մենք պետք է լինենք զգոն և մեր արխիվներին վերաբերվենք շատ խնամքով ու ամենայն պատասխանատվությամբ։ Հայ դատը ճշմարիտ դատ է, իսկ նման արխիվները չափազանց կարևոր են Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման և փոխհատուցման գործընթացներում։

Երուսաղեմի արխիվի վավերագրերը, պատրիարքության և ԵՊՀ ՀՀԻ համաձայնությամբ, շրջանառության մեջ են դրվելու ցուցակագրելուց և համապատասխան մասնագիտական վերլուծությունից հետո, որի մասին մենք նաև ստորագրել ենք պարտավորագիր։

Զաւէն արք. Տէր Եղիայեան Պատրիարք

-Իսկ ի՞նչ նյութական աջակցությամբ եք իրականացնում այս ահռելի աշխատանքը։

-Այս աշխատանքները, ինչպես արդեն նշեցի, իրականացվում են Ամենապատիվ Տ. Նուրհան արք. Մանուկյան պատրիարքի բարձր հովանու ներքո։ Մեր գործուղումներին օժանդակել է նաև Երևանի պետական համալսարանը։ Որևէ այլ ֆինանսական աղբյուր չունենք, որը, փաստորեն, մեր աշխատանքների օբյեկտիվորեն հապաղման պատճառ է։ Մենք այս սուրբ գործին լծվել ենք բացառապես խնդրի գերկարևորության գիտակցումով ու նվիրումով` ամբողջ հոգով-սրտով և ամենայն պատասխանատվությամբ` ներդնելով մեր մասնագիտական ողջ կարողությունները և ժամանակը։ Հայոց ցեղասպանության այս արխիվի ցուցակագրման աշխատանքներում մենք բացառում ենք ֆինանսավորման օտար աղբյուրները։ Սա համահայկական գործ է և պետք է կյանքի կոչվի բացառապես մեր հայրենակիցների օժանդակությամբ։ Չպետք է թույլ տալ, որ առհասարակ Հայոց ցեղասպանության արխիվները դառնան ֆինանսական օտար հիմնադրամներից սնվող և կասկածելի նպատակներ հետապնդող ծրագրերի ուսումնասիրության նյութ։ Սա ուղղակի անթույլատրելի է, և չի բխում մեր համազգային նպատակներից ու շահերից…

Պատրիարքությունից բացի, ինչպես արդեն ասացի, մեր աշխատանքներում մեզ աջակցել է Երևանի պետական համալսարանը, նաև ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեն։ Ի դեպ, անցյալ տարի զեկուցմամբ հանդես եմ եկել Երևանի պետական համալսարանի գիտխորհրդում, նաև Լոս Անջելեսում` Բրբենկի Հայ դատի գրասենյակում։

Այս ողջ աշխատանքների ընթացքում աննկարագրելի էին նաև մեր ապրումները։ Անհնար է խոսել այն ցնցումի ու հուզմունքի մասին, երբ աշխատելու ընթացքում արխիվում ձեռքս անցավ կարդացի ալաշկերտցի իմ հայրական պապի ընտանիքի անդամների սպանդի մասին պատմող մի վավերագիր…

Եվ վերջում մեր փոքրիկ աշխատանքային խումբը խորին շնորհակալություն է հայտնում Ամենապատիվ Տ. Նուրհան արք. Մանուկյան պատրիարքին այս ազգանվեր գործը նախաձեռնելու և իր հովանավորության ու վերահսկողության ներքո առնելու համար։ Շնորհակալ ենք նաև ողջ պատրիարքությանը, բոլոր հայրերին, սարկավագներին և բոլոր նրանց, ովքեր իրենց նպաստն են բերել և շահագրգիռ են այս արխիվի նյութերը վերակենդանացնելու հարցում։ Այս ժողովածուների պատրաստումն ու հրատարակումը կդառնա յուրատեսակ կոթող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031