Լրահոս
Օրվա լրահոսը

Այդ պատերազմը հայ ժողովրդի համար Հայրենական էր ոչ թե պատմագիտական, այլ հենց գոյաբանական իմաստով․ ՀՀԿ

Մայիս 09,2020 15:11

ՀՀԿ գործադիր մարմնի ուղերձը Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ

Հարգելի՛ հայրենակիցներ,

Սիրելի՛ վետերաններ,

Շնորհավորում ենք ձեզ մայիսյան եռատոնի՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի, Արցախի պաշտպանության բանակի կազմավորման եւ Շուշիի ազատագրման օրվա առթիվ:

Այս տարի լրացավ Հայրենական մեծ պատերազմի հաղթական ավարտի 75-ամյակը: Այս օրն ագրեսորին ջախջախող եւ աշխարհը ֆաշիզմի ու այլատյացության վտանգից ազատող միլիոնավոր զինվորների արիության եւ խիզախության խորհրդանիշն է, և այս նշանակալի իրադարձության կարևորությունն ու արժեքը չի կարող խամրել աշխարհը ցնցած համավարակի ընթացքում:

Մեծագույն հպարտությամբ ենք հիշում, որ հայ ժողովուրդն իր ծանրակշիռ ներդրումն է ունեցել ֆաշիզմի դեմ պայքարում. 1941-1945 թթ. միայն Հայաստանից, որի բնակչությունը 1941 թ․-ի տվյալներով 1,5 միլիոնից պակաս էր, ռազմաճակատ է մեկնել 300 հազար քաղաքացի, իսկ ԽՍՀՄ մյուս հանրապետություններից և դաշնակից բանակների շարքերում ևս 300 հազար մեր հայրենակիցներ են պայքարել համամարդկային այդ չարիքի դեմ:

Հայրենական մեծ պատերազմում Խորհրդային բանակի շարքերում անձնվիրաբար մարտնչած եւ անօրինակ սխրանքներ գործած հարյուր հազարավոր մեր հայրենակիցներ իրենց անունները փառքով են պսակել` 107 հայորդիներ արժանացել են Խորհրդային Միության հերոսի կոչման, նրանցից 2-ը` կրկնակի հերոսի կոչման, 27-ը Փառքի 3 աստիճանի շքանշանակիր են, 63 հայ գեներալներ ղեկավարել են խոշոր զորամիավորումներ` դիվիզիաներ, կորպուսներ, բանակներ: Նրանցից 4-ը հետագայում արժանացել են մարշալի կոչման, ունեցել ենք` մեկ ծովակալ, 70 հազար հայ մարտիկներ և հրամանատարներ պարգևատրվել են շքանշաններով ու մեդալներով:

Հայաստանում ձևավորվել էր վեց ազգային դիվիզիա:

Փառք Մեծ Հայրենականի ռազմաճակատում հերոսաբար ընկած քաջորդիներին եւ խոնարհում նրանց անմահ հիշատակին:

Փառք ֆաշիզմի դեմ հաղթանակ տարած բոլոր հերոսներին:

Հայ ժողովուրդը, ցավոք, մինչև Հայրենական մեծ պատերազմը լավ գիտեր, թե ինչ են այլատյացությունը, էթնիկ զտումները եւ կրոնական հողի վրա կատարվող սպանությունները: Ֆաշիստական Գերմանիան երիտթուրքերի գաղափարախոսության շարունակողն էր, և Լեհաստան ներխուժելու նախօրեին Հիտլերը, վկայակոչելով է 1915 թվականի հայերի ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում, հնչեցրեց պատմության մեջ արձանագրված հարցը. «Ի վերջո, ո՞վ է հիմա հիշում հայերի բնաջնջումը»:

Ուստի, այդ պատերազմը հայ ժողովրդի համար Հայրենական էր ոչ թե պատմագիտական, այլ հենց գոյաբանական իմաստով, քանզի 1941-1945թթ. կրկին կանգնած էր իր պատմական հայրենիքում հայության ապրել-չապրելու, լինելության հարցը:

Հայրենական մեծ պատերազմում Խորհրդային Միության ժողովուրդների համատեղ հաղթանակի 75-ամյակին չմոռանանք անցյալի դասերը և մարդկության դեմ գործված հանցագործությունները, դասեր քաղենք պատմությունից` երբևէ այդ ոճրագործությունների կրկնությունը թույլ չտալու նպատակով:

1992 թվականից մայիսի 9-ը մեզ համար կրկնակի խորհուրդ ունի: Արցախի բերդաքաղաք Շուշիի ազատագրմամբ հայորդիների նոր սերունդն ապացուցեց, որ իր նախնիների հերոսական անցյալի արժանի ժառանգորդն է: Շուշին դարձավ հայոց ազատասիրության եւ անկոտրում կամքի խորհրդանիշ: Այս տոնական օրը մենք գլուխ ենք խոնարհում և հպարտությամբ հիշում նրանց, ովքեր իրենց կյանքը դրեցին Հայրենիքի զոհասեղանին: Մենք միշտ վառ ենք պահելու մեր հերոսների հիշատակը:

Կրկին շնորհավորելով մայիսյան եռատոնի առթիվ՝ մաղթում ենք խաղաղություն, ազգային միասնականություն հանուն մեր պետականության հարատևման և մեր հերոսական ժողովրդի արժանավայել ապագայի: Մեծ Հայրենականի և Արցախյան ազատամարտի մեր վետերաններին` ամուր առողջություն:

Աստված պահապան Հայաստանին և հայ ժողովրդին:

ՀՀԿ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031