Լրահոս
Թեհրանի նուրբ խաղը
Օրվա լրահոսը

Տաթևիկ Հայրապետյան. «Մենք զիջելու բան չունենք, Ադրբեջանի առկա իշխանության պայմաններում՝ առավել ևս»

Մայիս 09,2020 14:49

«Իրականում, որևէ փաստաթուղթ չի քննարկվում»,- Մեդիա կենտրոնի կազմակերպած առցանց քննարկման ընթացքում անդրադառնալով Արցախյան խնդրի շուրջ բանակցություններին՝ ասաց ԱԺ պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը։ 

Նա հավելեց, որ փուլային տարբերակը հայկական կողմի համար քննարկելի չէ. «Երբ խոսում են ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու, լրագրողների փոխայցերի, հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի նվազեցման մասին, դրանք պատահական չեն։ Դրանք կարևոր են, որովհետև կրկին փորձենք նայել պատմականության տեսանկյունից, բանակցային գործընթացի տեսանկյունից, տարբեր շրջաններում տարբեր լուծումներ են քննարկվել։ Մի կողմ ենք թողնում վերաբերմունքը դրա հանդեպ։ Բայց փաստը մնում է փաստ, որ լուծումներից որևէ մեկը չի կարողանում դառնալ աշխատող, որովհետև կա մի պարզ ճշմարտություն՝ Ադրբեջանը ունի մաքսիմալիստական դիրքորոշում, և այն մտածելակերպը, որն առկա է այնտեղ, ուղղակի խնդիր է առաջացնում ընդհանուր առմամբ։ Այսինքն՝ եթե մարդիկ կոչ են անում պատերազմի և ոչ՝ խաղաղության, այստեղ հարց է առաջանում՝ այդ դեպքում ի՞նչ լուծման մասին կարող է խոսք գնալ»։ 

Տաթևիկ Հայրապետյանը կարծում է, որ բարձրաձայնվող օրակարգը կարևոր է և համապատասխան հող պետք է նախապատրաստի հետագայում ավելի լայն և առարկայական քննարկումների համար։ 

Անդրադառնալով այս հարցով Հայաստանի նախկին և ներկա իշխանությունների քաղաքականությանը՝ Տաթևիկ Հայրապետյանը ասաց. «Նույն Սերժ Սարգսյանի քաղաքականության տեսանկյունից՝ ես հակված եմ մտածել, որ որևէ մեկը երբևիցե չի ցանկացել գնալ հողերի հանձնման։ Այլ բան է, թե ինչ դիվանագիտություն է վարվել։ Ես կարծում եմ, որ նրանք ուղղակի միշտ հույս են ունեցել և վստահել են, որ ցանկացած լուծման Ադրբեջանը ասելու է ոչ, և Ադրբեջանը դառնալու է, այսպես ասած, չակերտավոր վատամարդը բանակցային գործընթացում։ Բայց մյուս կողմից երբ որ լուծումներին, որոնք այսօր ակտիվորեն քննարկում են, նախկինում ասվել է՝ այո՝ մտածելով, իհարկե, որ Ադրբեջանը ոչ է ասելու, դա նշանակում է արձակել Ադրբեջանի մաքսիմալիստական ախորժակը։

Եվ մեր իշխանության տարբերությունը, հաշվի առնելով նաև լեգիտիմության գործոնը, իսկ դա շատ կարևոր է հատկապես այս գործընթացում, այն է, որ մենք ինքներս կարող ենք ասել՝ ոչ։ Այսինքն՝ այստեղ խնդիրը մեր կենսական անվտանգության մասին է, և դա կատակ չէ, գոյության մասին։ Եվ անհասկանալի զիջումների քաղաքականություն վարելը կամ անընդհատ դա շահարկելը անիմաստ եմ համարում»։  

Նա հավելեց, որ անիմաստ է համարում տարբեր քննարկումները շրջանների մասին, քանի որ երբևիցե Ադրբեջանում չի քննարկվել Արցախի անկախությունը ճանաչելու հարցը. «Ստացվում է, որ մենք միայնակ քննարկում ենք մեր զիջումների սահմանները։ Ես դա սխալ եմ համարում, որովհետև մենք այստեղ զիջելու բան չունենք, Ադրբեջանի առկա իշխանության պայմաններում՝ առավել ևս, և ընդհանուր առմամբ մենք պետք է մեր հստակ դիրքորոշումներն ունենանք, և դրանք առաջ պահենք բանակցային գործընթացում, և որևէ կերպ չդառնանք չորրորդ համանախագահ»։ 

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031