Երեկ` մայիսի 8-ի երեկոյան, Տավուշի մարզի Աչաջուր համայնքում կրակոցներ են հնչել: Ծեծկռտուքի, ապա կրակոցների արդյունքում, մարմնական վնասվածքներ են ստացել Աչաջուր գյուղի բնակիչներ՝ 49-ամյա Վաչիկ Քոքոբելյանը, 29-ամյա Սևադա Քոքոբելյանը և 19-ամյա Յուրի Քոքոբելյանը: Ծեծկռտուքի եւ կրակոցների հեղինակներն են ՀՀ ՊՆ ծառայող Սայադ Նազարյանը եւ երեք այլ զինծառայողներ եւ մեկ քաղաքացիական անձ` Իջևանի բնակիչ 43-ամյա Էդմոնդ Էդիլյանը: Կրակոցներից հետո վերջիններս դիմել են փախուստի: Պարկուճները, սակայն, առգրավված են, փախուստ դիմածներից Սայադ Նազարյանն էլ ձերբակալված է:
Վաչիկ Քոքոբելյանը ԱԺ նախկին պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի եղբայրն է, Սևադա Քոքոբելյանը և Յուրի Քոքոբելյանը`որդին եւ եղբորորդին:
Կուսակցության խոսնակն Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով տեղի ունեցած միջադեպին, որոշ մանրամասներ պատմեց: Ըստ այդմ, ավազակային հարձակում է եղել Քոքոբելյանների ընտանիքին պատկանող ջերմոցային տնտեսության պահակակետի վրա: Անվտանգության աշխատակիցն ահազանգել է եւ ոստիկանություն եւ սեփականատերերին: Վաչիկ, Յուրի եւ Սևադա Քոքոբելյանը դեպքի վայր են հասել այն պահին, եբ հարձակվողները`մի քանի հոգով, անվտանգության աշխատակցին պատուհանից փորձել են դուրս հանել:
Ըստ տեղացիների խոսակցությունների, չորս զինծառայողներն այդ օրը ծառայության մեջ են եղել, ինչ-ինչ պատճառներով թողել են պահակակետը եւ իջել քաղաք: Իսկ արդեն ավելի ուշ, տեղի է ունեցել Աչաջուրի միջադեպը:
Կարդացեք նաև
Ի դեպ, միջադեպի մասնակիցներից Էդմոն Էդիլյանը վերջերս է ազատ արձակվել: 2019 թվականի մայիսի 14-ին նա կրակել էր Տավուշի մարզի Լուսահովիտ գյուղի գյուղապետ Գրիգոր Սարհատյանի վրա։ Գյուղապետը ստացել էր աջ ազդրի հրազենային վնասվածք։ Այս գործով կալանավորվել էր Էդմոն Էդիլյանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ