«Թեհրանում 7 մագնիտուդով երկրաշարժի դեպքում ավելի քան երեք միլիոն մարդ տուժելու է և տեղի է ունենալու միջազգային մակարդակի աղետ»։
Այս մասին Իրանի ճգնաժամերի կառավարման պետական կազմակերպության ղեկավար Էսմայիլ Նաջարն է երեկ հայտարարել։
Հատկանշական է, որ մայիսի 7-ի երեկոյան Իրանում տեղի ունեցել է երկրաշարժ:
Ըստ իրանցի սեյսմոլոգների՝ 5.1 բալ ուժգնությամբ ցնցումները գրանցվել են Թեհրանի և Մազանդարան նահանգների սահմանին: Օջախը գտնվել է 7 կիլոմետր խորության վրա:
Կարդացեք նաև
Հաղորդվում է երկու մահացածի մասին, ավելի քան 10-ը վիրավորվել են:
Մահացածներից մեկը կաթվածահար է եղել, մյուսն էլ մահացել է տանից փախչելիս գլխուղեղային վնասվածք ստանալու պատճառով։
Իրանի ճգնաժամերի կառավարման պետական կազմակերպության ղեկավար Էսմայիլ Նաջարիի ասելով Թեհրանում ապրում է ավելի քան 10 միլիոն մարդ բարձրահարկ շենքերում, որոնք կառուցված են երկրաշարժի մի քանի օջախների վրա և եթե կանխարգելիչ միջոցներ չձեռնարկվեն, երկիրը հայտնվելու է աղետալի իրավիճակում։
Նաջարը ավելացրել է. «Թեհրանի պես մեգապոլիսում 7 մագնիտուդով երկրաշարժի դեպքում շատ դժվար կլինի փրկարար ծառայությունների արդյունավետ աշխատանքը, ուստի պետք է ամեն ինչ անենք, որպեսզի այդպիսի իրավիճակում չհայտնվի քաղաքը»։
Նա, խոսելով կանխարգելիչ միջոցների մասին, նշել է, որ մի քանի տարի է՝ ինչ իր ղեկավարած կազմակերպությունը զգուշացնում է, որ պետք է ավելի խիստ վերահսկողություն լինի մայրաքաղաքում կառուցապատման վրա, իսկ կառուցապատող ընկերությունները պետք է որակյալ շինանյութ օգտագործեն շենքեր կառուցելու ժամանակ՝ ահա ամենակարևոր կանխարգելիչ միջոցը։
Նա ավելացրել է, որ ներկա դրությամբ երկրի հնարավորությունները միայն 20 տոկոսով են բավարար ճգնաժամային իրավիճակներում փրկարար ծառայություններ մատուցելու համար։
Հատկանշական է, որ ըստ Իրանի կառավարության որոշման՝ երկրի 30 նահանգներից յուրաքանչյուրն ունի որոշակի պարտականություն Թեհրանում երկրաշարժի ժամանակ։ Ըստ այդ որոշման՝ Նահանգների փրկարար ուժերը պետք է տեղաբաշխվեն արդեն իսկ որոշված տեղերում և փրկարար աշխատանքով զբաղվեն։
Ըստ փորձագետների՝ ամենաշատը ներկա դրությամբ Թեհրանի հյուսիսային քաղաքամասերն են վտանգված, այն իմաստով, որ այս շրջանում գոյություն ունի երկրաշարժի երկու խոշոր օջախ, որոնց վրա էլ կառուցվել են բարձահարկ շենքեր, և երկրաշարժի դեպքում մեծ աղետ է լինելու այդ շրջաններում։
Իրանը մեծ երկիր է և շուրջ 40 տեսակի աղետներ սպառնում են նրան, ինչպես երկրաշարժը, ինչի պատճառով 150 դաշտային հիվանդանոցների կառուցման համար արդեն իսկ տեղեր են հատկացվել։
Այդուհանդերձ Թեհրանի քաղաքապետարանի արտակարգ իրավիճակների կառավարման կոմիտեի նախագահ Ռեզա Քարամիի ասելով Թեհրանում 7 մագնիտուդից բարձր երկրաշարժի դեպքում պետք է հույսը դնել միջազգային օգնությունների վրա։
Հատկանշական է, որ ըստ այս պաշտոնյայի՝ վերջին երկրաշարժից հետո քաղաքի բոլոր զբոսայգիների դռները բաց են առաջիկա 72 ժամերի ընթացքում, որպեսզի մարդիկ կարողանան գիշերել այս վայրերում երկրաշարժի վտանգից խույս տալու համար։
Վերջերս Թեհրանի քաղաքպետարանը նաև ստեղծել է մի հավելված, որը երկրաշարժի դեպքում ցույց է տալիս քաղաքի որ մասում պետք է լինել և ինչպիսի գործողություններ պիտի կատարել։
Թեհրանի քաղաքապետարանը քաղաքացիներին հորդորում է իրենց հեռախոսներում ներբեռնել այս հավելվածը։
Հատկանշական է, որ Թեհրանի հայկական թաղամասերը գտնվում են քաղաքի կենտրոնում և արևելյան մասում։ Մի խումբ իրանահայերի ասելով՝ այդ թաղամասերում խնդիրներ չկան։
Ժորժ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ