Լրահոս
Թեհրանի նուրբ խաղը
Օրվա լրահոսը

Հայերը կարող են լինել ոչ միայն փայլուն գիտնականներ, քաղաքական գործիչներ, գործարարներ, այլև՝ աշխարհի լավագույն հետախույզները․ Արմեն Սարգսյանը՝ Գոհար և Գևորգ Վարդանյանների մասին

Մայիս 09,2020 11:59

Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին ընդառաջ՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը պատմել է լեգենդար հետախույզներ, Խորհրդային Միության հերոս Գևորգ Վարդանյանի և նրա տիկնոջ՝ Գոհար Վարդանյանի մասին, անդրադարձել նրանց հետ իր վաղեմի բարեկամությանը, հանդիպումներից ու զրույցներից ստացած տպավորություններին:

«Ես բախտ եմ ունեցել անձնապես ճանաչելու Գոհար և Գևորգ Վարդանյաններին, մենք բարեկամներ ենք,-իր խոսքում ասել է Հանրապետության նախագահը: -Մայրս և Գոհարը երկար տարիների ընկերուհիներ էին: Նրանց ընկերությունը սկսվել էր դեռևս Թեհրանից»:

Բարձր գնահատելով լեգենդար հետախույզների գործունեությունը և վաստակը՝ նախագահն ասել է, որ նրանց կյանքը, որն օբյեկտիվ պատճառներով այնքան էլ հրապարակային չէր, գեղեցիկ և հերոսական պատմություն էր, որ լեցուն էր այնպիսի իրական դրվագներով, որոնք երբեմն աներևակայելի էին:

«Հայերը կարող են լինել ոչ միայն փայլուն գիտնականներ, քաղաքական գործիչներ, գործարարներ, այլև՝ աշխարհի լավագույն հետախույզները: Գոհար և Գևորգ Վարդանյաններն ապացուցել են դա,-նշել է Արմեն Սարգսյանը:-Նրանք լավագույն օրինակ են, թե ինչ է նշանակում հայրենիքին ծառայելը, հայրենիքից հեռու ապրելով՝ հայրենիքը սիրելը և երբեք հայրենիքը չմոռանալը, ինչ է նշանակում Հայաստանում այնքան էլ երկար չլինելով՝ Հայաստանն այդքան շատ սիրելն ու հայ մնալը: Հայ-ռուսական հարաբերությունները միշտ էլ կառուցվել են ոչ միայն ընդհանուր մարդկային, պատմական հարաբերությունների, պատմության, այլև առանձին անհատների կյանքի պատմության վրա՝ լինի այդ անհատը Հովհաննես Այվազովսկին, թե Հովհաննես Բաղրամյանը, Վիկտոր Համբարձումյանը, թե Գևորգ և Գոհար Վարդանյանները»:

Նախագահ Սարգսյանի առաջարկությամբ լեգենդար հետախույզների կյանքի և գործունեության մասին խոսել է նաև Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը՝ ընդգծելով ոչ միայն նրանց բարձր պրոֆեսիոնալիզմը, այլև մարդկային լուսավոր կերպարը:

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031