Լրահոս
Օրվա լրահոսը

Մայիսի 9-ի նվիրական հիշատակներն ու հաղթանակները միշտ պիտի զորացնեն մեզ, քաջալերեն դիմակայելու ծանր իրավիճակներին․ Ամենայն հայոց կաթողիկոսի շնորհավորական ուղերձը

Մայիս 09,2020 10:35

Ն.Ս.Օ․Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի շնորհավորական ուղերձը Հաղթանակի և Խաղաղության, Շուշիի ազատագրության և Պաշտպանության բանակի օրվա առիթով

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հոգու բերկրությամբ Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում սիրեցյալ համայն մեր ժողովրդին` Հաղթանակի և խաղաղության, Շուշիի ազատագրության և Պաշտպանության բանակի օրվա առիթով:

Այսօր, երբ նշում ենք պանծալի Հաղթանակի 75-ամյա հոբելյանը, առանձնակի ջերմությամբ շնորհավորում և Մեր բարեմաղթանքներն ենք բերում Երկրորդ աշխարհամարտի և Հայրենական մեծ պատերազմի վետերաններին: Ջերմորեն ողջունում և շնորհավորում ենք Արցախի ազատամարտին մասնակցած մեր ժողովրդի զավակներին և այսօր մեր հայրենիքի սահմանները անառիկ պահպանող մեր բանակի քաջարի սպաներին ու զինվորներին:

Հայրենիքի պաշտպանության, ազատության, խաղաղության նվիրական խորհուրդն ունի մեզ համար Մայիսի 9-ը: Երկրորդ աշխարհամարտում ձեռք բերված հաղթանակի կերտման և աշխարհում խաղաղության հաստատման գործում մեր փոքրաթիվ ժողովուրդը ունեցել է հերոսական մասնակցություն և արժանի ներդրում: Հայկական դիվիզիաների, ռազմական խմբավորումներ գլխավորող հայ զորահրամանատարների, հայ սպաների ու զինվորների սխրանքներն ու անցած փառապանծ ուղին մեր պատմության նշանակալի էջերից են, որոնց մեր ժողովուրդը միշտ հպարտությամբ է անդրադառնալու: Հայրենիքի ազատ, ապահով և խաղաղ կյանքի նույն ձգտումով ու նվիրումով մեր ժողովուրդը հաղթանակեց նաև Արցախյան ազատամարտում: Հաղթանակեց  հավատով, միահամուռ ջանքերով, բոլոր մարտահրավերներին դիմակայելու նախանձախնդրությամբ ու հանձնառությամբ և հայրենի Արցախում շեն ու բարօր նոր կյանք կառուցելու պայծառ տեսլականով:

Մայիսի 9-ի նվիրական հիշատակներն ու հաղթանակները միշտ պիտի զորացնեն մեզ, քաջալերեն դիմակայելու ծանր իրավիճակներին, հատկապես այսօր, երբ աշխարհը համակված է համընդհանուր նոր տագնապով, համավարակի բերած բազմաթիվ մտահոգություններով ու խնդիրներով, որոնք հուզում են նաև մեր կյանքը:

Աղոթում ենք, որ մեր ժողովուրդը առ Աստված ապավինությամբ, համախմբված ու միմյանց աջակից հաղթահարի մեր երկրի առջև ծառացած ներկա մարտահրավերները և միշտ ապրի հայրենիքին, ազգային կյանքին նվիրվածությամբ,  նոր ձեռքբերումների հավատով ու վստահությամբ: Եվ թող հարուցյալ մեր Տիրոջ և Փրկչի` Հիսուս Քրիստոսի հույսի, սիրո ու հավատի շնորհներն առաջնորդեն մեզ  հաջողելու ամեն բարի գործի մեջ:

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031