2020 թվականի շրջանավարտների բախտը չբերեց` ո’չ «Վերջին զանգ», ո’չ ավարտական հանդիսություններ ու երեկույթ. 12 տարի սովորելուց հետո մի կարգին հրաժեշտ էլ չկարողացան տալ դպրոցին: Թվում է` դիմորդների բախտը բերեց` ընդամենը մեկ քննություն, սակայն ժամանակից շուտ ուրախանալ ու ոգեւորվել պետք չէ:
Լեզվաբանական, հումանիտար մասնագիտություններում անգլերենն է քննական առարկա, իսկ գաղտնիք չէ, որ այսօր երիտասարդներն ավելի լավ անգլերեն գիտեն, քան հայերեն: Ուրեմն եւ սպասելի է, որ այդ ֆակուլտետներում թեժ մրցույթ կլինի, մանավանդ որ հայոց լեզվի քննություն չի լինելու, որով հնարավոր կլիներ մրցույթը կանոնակարգել ու համաչափության սահմաններ գծել: Հավանականությունը մեծ է, որ հատկապես անգլերեն քննության դեպքում անցողիկ կլինեն միայն շատ բարձր միավորները: Այստեղ կարող էր պատկերը փոխել հայոց լեզուն. նախ` դիմորդի գրագիտության, մայրենիի իմացության վերաբերյալ պատկերացում կտար, երկրորդ` մրցակցության օբյեկտիվությանը կնպաստեր:
Երբ երկու-երեք քննություններից դիմորդը միայն մեկն է հանձնում, ռիսկերը մեծանում են, ոչ օբյեկտիվ մրցակցության վտանգն անխուսափելի է դառնում: Երկու-երեք քննություն հանձնելու դեպքում ցածր գնահատականը մյուս քննության բարձր գնահատականով կարելի է հավասարակշռել, իսկ մեկ քննությունը դիմորդի պատրաստվածությունը, գիտելիքների մակարդակի մասին պատկերացումը մերկապարանոց է դարձնում: Համավարակի տարածումը կանխելու նպատակով է ԿԳՄՍ նախարարությունը որոշել մեկ քննություն անցկացնել: Ի վերջո, մեկ օրվա տարբերությամբ կարելի էր նույն կերպ երկրորդ քննությունն անցկացնել: Աստված մի արասցե, վարակակիրը մեկ քննության ժամանակ էլ վարակը կտարածի: Բայց գոնե այս տարվա դիմորդների ճակատագիրը խաղուպարի չէր վերածվի:
ՆԱԻՐ ՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում