ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան ուղիղ միացման ժամանակ անդրադարձավ ԱԺ-ում կատարված ծեծկռտուքին եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին: Ասաց՝ ցավում է, որ այսօրվա տոնական տրամադրությունը չստացվեց առաջ տանել:
«Ուղիղ տարիուկես առաջ իրավիճակ էր, որ կամ կարող եք ընտրել հեղափոխության ուժին, կամ նախկիններն են այլընտրանքները, 80000 մարդ չտրվեց այդ տեռորին եւ ձայն տվեց «Լուսավոր Հայաստանին»,-ասաց Էդմոն Մարուքյանը: Ապա ցավակցեց այն ընտրողներին, որոնք հեղափոխական ուժին ձայն են տվել: «Վերջին դեպքերը ապացուցեցին, որ Նիկոլ Փաշինյանը դարձավ ուղղակի կուսակցության լիդեր»,-ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը, ապա ներկայացրեց, թե ինչ է եղել դահլիճում, ինչպես էր պատասխանում Բաբկեն Թունյանին, ինչպես Սասուն Միքայելյանը վիրավորանքներ տեղաց իր հասցեին՝ ընդհուպ «գլուխը ցխել» ու «վիզը կտրել»:
«Այդպես մեզ հետ խոսելը նշանակում է ութսուն հազար մարդու հետ նման կերպ խոսել, դա խորհրդարանական մշակույթ չէ»,-շեշտեց նա: Ապա հավելեց, որ ամբիոնից իջել է ոչ թե կռվելու կամ խփելու համար, այլ այն պատճառով, որ չէր ցանկանում Սասուն Միքայելյանն ամբիոնին մոտենա. «Ուզեցի ընդառաջ գնամ, ձեռքերը պահեմ, ասեմ Սասուն ջան, Միքայելյան ջան, թեեւ ջանի տեղ չէր մնացել, ասեմ նստիր, թող ելույթ ունենամ, եթե ես զգայի, որ ինքը ինձ կխփի….Ես հանկարծակի եկա, չհասցրի երեսս թեքել, պատգամավորները եկան մեզ ազատելու, այդ ընթացքում Արտակ Մանուկյանը հասցրեց մեջքից գլխիս խփել, երեսիս կպավ, իսկ Վահեն Ղալումյան խփեց գլխիս»:
Էդմոն Մարուքյանը պատմեց, որ ընդմիջում հայտարարելուց հետո Արարատ Միրզոյանն առաջարկել է գնալ իր աշխատասենյակ, որտեղ նաեւ Նիկոլ Փաշինյանն էր: Ու իրենք միասին Փաշինյանի հեռախոսով նայել են տեսանյութը, հանգիստ զրուցել:
Կարդացեք նաև
Մարուքյանն ասում է, որ աշխատասենյակում նստած Փաշինյանն ու ամբիոնից խոսող Փաշինյանը տարբեր էին, իսկ խորհրդարանում կատարվածը որակում է արատավոր երեւույթ: Ասում է՝ հույս էին փայփայում, որ կատարվածին քաղաքական գնահատական կտրվի, մինչդեռ վարչապետը, որ ողջ ծեծկռտուքի ժամանակ դահլիճում էր, չսաստեց «Իմ քայլ»-ականներին, այդպես էլ համարժեք գնահատական չտվեց:
«Խորհրդարանը օրենք է ընդունել բռնության հայտարարությունների վերաբերյալ, ու պատգամավորն ասում է՝ «վիզդ կկտրեմ», «գլուխդ կցխեմ»»,-տարակուսանք հայտնեց Էդմոն Մարուքյանն ու ասաց, որ փաստորեն այդ ամենը խրախուսվում է վարչապետի մակարդակով:
Նիկոլ Փաշինյանի հետ խմած սուրճին ու զրույցին էլ անդրադարձ եղավ: Մարուքյանը նշեց, որ Լավրովի հայտարարության եւ Արցախի հարցի վերաբերյալ մի ընդմիջման ժամանակ զրուցել էր ԱԳ նախարար Զոհրապ Մնացականյանի հետ, մի զրույց էլ եղել է Փաշինյանի հետ: Հավելեց, որ Փաշինյանին ասել է, թե նրա կուսակիցներն իրենց մեղադրում են նախորդ իշխանության հետ կապ ունենալու մեջ, վարչապետն էլ հաստատել է, ինքն էլ նրա աչքերի մեջ նայելով պատասխանել է. «Բացառվում է, որ մեր վստահության կրեդիտը որեւէ մեկի ոտքերի տակ մատաղ անենք, ես ասեցի, որ մենք լինելու ենք հաջորդ իշխանությունը»:
Էդմոն Մարուքյանը կարծում է, որ հենց այդ հայտարարությունը Փաշինյանին դուր չի եկել. «Հենց իշխանությունն իմացել է, որ մենք ենք այլընտրանքը, ասում են՝ մեզ քշեք, թող Սերժն ու Խաչատրյան Գագոն գան: Ես ասել եմ՝ մենք ենք այլընտրանքը, մենք ենք գալիս… Եվ թաքցնելու բան որեւէ մեկից չունենք ու հենց էստեղ է թաղված շան գլուխը….Ինչ վերաբերվում է Փաշինյանի ելույթին, դա վարչապետական ելույթ չէր, իրենց վերջի ժամացույցը այս ելույթով դրվել է»:
Ելույթում հնչած վիրավորանքներին «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը չանդրադարձավ. «Ես չեմ կարող այնքան ընկնել, որ թուլափայ-մուլափային արձագանքեմ… Ապօրինի գույքի բռնազավթումը ամենօրյա ռեժիմով շահարկվում է… Օրենքի տառը պահեք, դատեք, մենք չկանք էդտեղ, ու եթե սխալ դատեք, ձեր դեմ է շրջվելու»:
Նաեւ Փաշինյանի ելույթի այն հատվածն առանձնացրեց, որտեղ վարչապետն ասել էր, թե տեսեք՝ ինչպես է ընդդիմությունը խոսում լեգիտիմ իշխանության հետ. «Ժողովուրդը մենակ ձե՞զ է ընտրել, ընտրել է մեզ, ընտրել է ԲՀԿ-ին, ո՞նց եղավ, որ մենակ դուք եք լեգիտիմ… Ինքը հիմք է դրել Հայաստանում բռնությամբ հարցեր լուծելու, դա միանշանակ է»:
Ապա հավելեց. «Ժողովուրդ, ձեզ անդադար խաբում են, նախորդ իշխանությունները շանս չունեն վերադառնալու, գործող իշխանությունը ապաշնորհ իշխանություն է, որն այս ձեւով ապականելու է ամեն ինչ եւ մսխելու է ձեր լավատեսությունը… Մենք նոր սերնդի քաղաքական ուժ ենք, մեր ամեն ինչը միտված է Հայաստանի եւ Արցախի հզորացմանը, մեր կադրերը ամբարտավան չեն լինելու, եւ մենք կարծում ենք, որ հաջորդ իշխանության՝ նոր քաղաքական ուժ պետք է գա, ինչը խորը մտահոգել է մեր գործընկեր Նիկոլ Փաշինյանին… Հայաստանը լակոտապետություն չի դառնալու, խուժանապետություն չի դառնալու»:
Էդմոն Մարուքյանը նաեւ ասաց, որ ունեն բավարար ռեսուրս պաշտպանվելու, իսկ ինչ-որ «հեղափոխության պահապանների» կիսազինված, զինվորական հագուստով խմբերն ուղղակի խայտառակություն են, եւ նրանց զինվորական հագուստ կրելը անարգանք է զինվորական հագուստի հանդեպ:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Կուսակցական ավտոկրատները օգտագործում են covid-19- ը ՝ որպես արդարացում ՝ ավելի շատ իշխանություն գրավելու համար