Ինստագրամի ուղիղ միացմամբ պատասխանելով իր հետեւորդների հարցին, թե համաձա՞յն է այն կարծիքին, որ հայերը թիմային մարզաձեւերում թույլ են, Հայաստանի ազգային հավաքականի ավագ եւ «Ռոմայի» կիսպաշտպան Հենրիխ Մխիթարյանն ասաց. «Ոչ: Խնդիրը թիմային սպորտը չէ, խնդիրն ինչ-որ տեղ մենթալիտետն է: Պետք է աշխատենք միմյանց օգնել թե դաշտում, թե դաշտից դուրս: Եվ դրանից հետո կարելի է ասել ուժե՞ղ ենք թիմային խաղում, թե ոչ, որովհետեւ բոլորն էլ տեսել են, թե Հայաստանի հավաքականը ինչպիսի հաղթանակներ է տոնել թիմային խաղում: Դա պատահականություն չէ, այլ իրականություն է, որովհետեւ եթե մենք թիմային խաղով ծույլ լինեինք ու չկարողանայինք խաղալ, չեմ կարծում, որ կկարողանայինք այդպիսի հաղթանակներ տանել»:
Վերջում Մխիթարյանը դիմեց հատկապես պատանի ֆուտբոլիստներին, որոնք նոր են սկսում իրենց կարիերան. «Չեմ առանձնացնի քաղաքում եւ գյուղում ապրողներին, որովհետեւ բոլորս էլ ունենք նպատակներ, երազանքներ: Եթե ունես ցանկություն եվ երազանք, կարող ես հասնել՝ ինքդ քեզ հավատալով: Իմ օրինակով ասեմ. ոչ ոք երեւի չէր հավատա, որ Հայաստանից կարող եմ հասնել ու խաղալ Գերմանիայում, Անգլիայում, թեկուզ՝ Իտալիայում: Ես ունեցել եմ նպատակ եւ նույնը ասում եմ ձեզ: Դուք նույնպես կարող եք հասնել: Ճանապարհը երբեք ուղիղ չի լինելու: Լինելու են դժվարություններ, անանցանելի տեղեր, բայց դուք պետք է հաղթահարեք: Ոչինչ հեշտ չի լինում: Եթե ինչ-որ բանի հեշտությամբ ես հասնում, դա գին չունի, եւ գին ունի այն, ինչին հասնում ես դժվարությամբ»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ