Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ատամներով փորձում են պահպանել բիզնեսն ու աշխատատեղերը»

Մայիս 09,2020 14:00

Մեխակ Ապրեսյանը՝ տուրընկերությունների կրած դժվարությունների եւ կառավարության անելիքների մասին

Զբոսաշրջային որոշ ընկերություններ, որոնք տարիներ ի վեր արտագնա տուրիզմի բիզնեսով են զբաղվել, կորոնավիրուսի առաջացրած տնտեսական հետեւանքների պատճառով փորձում են ուղղությունը փոխել եւ ներքին տուրիզմով եկամուտներ ապահովել: Այս օրերին տուրընկերության աշխատակիցները շուկան ու տեղական մրցակիցներին են ուսումնասիրում, Հայաստանի եւ Արցախի գեղատեսիլ վայրերը:

«Տուրիզմի հայկական ֆեդերացիայի» նախագահ, զբոսաշրջության ոլորտի մասնագետ Մեխակ Ապրեսյանը կարծում է, որ ստեղծված իրավիճակը հնարավորություն եւ անհրաժեշտություն է ներքին տուրիզմը զարգացնելու:

«Այսօր, այո, մեծ խնդիր է ստեղծել կորոնավիրուսը այդ թվում եւ զբոսաշրջության ոլորտի համար եւ վարչապետից սկսած՝ ոլորտի մասնագետներով վերջացրած նշում ենք, որ սա հնարավորություն է ներքին տուրիզմի համար, որից պետք է օգտվել: Հնարավորություն այն իմաստով, որ, քանի դեռ միջազգային տուրիզմը սկսելու համար նախ՝ պետք  է սահմանները բացեն եւ միջազգային տրանսպորտը վերականգնվի, այդ ժամանակահատվածում մարդիկ ցանկություն են ունենալու տնից դուրս գալ, տեղ գնալ, եւ ի՞նչ պետք է առաջարկենք զբոսաշրջիկին, եթե ոչ ներքին տուրիզմ»,-«Առավոտի» հետ զրույցում ասում է Մեխակ Ապրեսյանը: Նա չի բացառում, որ ներքին զբոսաշրջության ու միջազգայինի արանքում հարեւան երկրներն էլ փորձեն օգուտներ քաղել եւ նաեւ շահեն՝ դեպի իրենց երկրներ մեր զբոսաշրջիկներին տանելով, բայց, Մեխակ Ապրեսյանի խոսքով, մենք էլ պետք է  շատ արագ միջոցներ ձեռնարկենք եւ ներգնայի ուղղությամբ գովազդային լուրջ արշավ տանենք. «Ներքին տուրիզմի բոլոր մեր հնարավորությունները պետք է շատ արագ մեր հանրությանը ներկայացնենք իսկ դրա համար պետք է արագ գործենք: Համաշխարհային մակարդակով արդեն հայտարարել են, որ մենք պետք է այդ վիրուսի հետ ապրենք: Եվ, քանի որ արդեն սահմանափակումներն աստիճանաբար վերանում են, սահմանները քիչ թե շատ բացվում են, չպետք է վախենանք նաեւ մասսայական միջոցառումներից: Իհարկե, հնարավոր անվտանգության կանոնները պահպանելով նաեւ հանրային բարձր գիտակցության պայմաններում»:

Մեխակ Ապրեսյանն առաջարկում է աշխարհի մասշտաբով կազմակերպվող ամենամյա «Ինտուրէքսպո» զբոսաշրջային միջոցառումն այս տարի տեղայնացնել. «Պետությունը պետք է աջակցություն ցուցաբերի կազմակերպչին եւ կազմակերպի Հայաստանի բոլոր մարզերի եւ Արցախի մասնակցությամբ, որտեղ կներկայացվեն մեր տուրիզմի բոլոր հնարավորությունները: Երկրի բոլոր գողտրիկ անկյունները, անունն էլ դնենք՝ ճանաչիր Հայաստանը կամ նման մի բան»:

Տուրիզմի ոլորտի մեր զրուցակիցը գտնում է, որ ներքին տուրիզմով պետք է սկսենք քայլերը՝ տուրիզմն ամբողջությամբ վերականգնելու համար. «Մենք չպետք է դիտենք ներքին տուրիզմը ամբողջ տուրիզմին փոխարինող: Ներքին տուրիզմն իր տեղն ու դերն ունի եւ միշտ ունեցել է եւ գերակա է եղել, բայց հիմա բացի իր տեղը զբաղեցնելուց, պետք է օգտվի հնարավորությունից եւ ծառայի որպես անհրաժեշտություն՝ առաջին քայլերն անելու եւ ամբողջ տուրիզմը վերականգնելու»:

Պարոն Ապրեսյանը կոչ է անում չվախենալ եւ ավանդական դարձած փառատոներն էլ կազմակերպել, հատկապես՝ այն փառատոները, որոնք ներկայացնում են ազգային խոհանոցը, գինոգործությունն ու ազգային մշակույթը: Նրա խոսքով, տնտեսական այս ճգնաժամի եւ գնողունակության անկման այս պայմաններում, հայկական խոհանոցը ինքնարժեքով ավելի մատչելի է, բազմազան, վիտամիններով հարուստ ու համեղ. «Հայկական խոհանոցի դերը բարձրացնելու շատ կարեւոր հնարավորություն է եւ անհրաժեշտություն»:

Թե կորոնավիրուսի հետեւանքներին չդիմանալով, քանի տուրընկերություն է փակվել, Մեխակ Ապրեսյանի խոսքով, հստակ տեղեկություններ չունեն, քանի որ  չունեն վարչական ռեգիստր, որտեղ արտացոլված կլինեն այդ տվյալները: Նրա խոսքով, սա համակարգի լուրջ խնդիրներից մեկն է, որը համակարգային բարեփոխումներ է պահանջում եւ մինչեւ կորոնավիրուսն էլ վտանգել է զբոսաշրջության ոլորտում մրցակցային միջավայրը. «Զբոսաշրջության ոլորտում գործունեության շատ տեսակներ անպայման պետք է լիցենզավորվեն: Եթե այսօր մենք այդ վարչական ռեգիստրն ունենայինք, կարող էինք պատասխանել՝ ունենք զբոսաշրջային այսքան օպերատոր, այսքան գործակալ, այսքան հյուրանոցային տնտեսության օբեյկտ՝ այս-այս տեսակների, այսքանը փակվել են եւ այլն, բայց, ցավոք, չունենք այդ տվյալները»:

Մեր զրուցակցի խոսքով, տարբեր շրջանակներից լսել է տուրիստական որոշ ընկերությունների բիզնեսի փակման մասին, բայց ֆեդերացիայի կազմում ընդգրկված ընկերություններից որեւէ մեկն, ըստ նրա, չի փակվել. «Ատամներով փորձում են պահպանել բիզնեսն ու աշխատատեղերը»,-ասաց պարոն Ապրեսյանը: Նրա կարծիքով, ներգնա տուրիզմը զարգացնելու համար կառավարությունը պետք է աջակցության ծրագրեր առաջարկի՝ ինչպես որ խոստացել է, բացի այդ պետական մակարդակով լուրջ գովազդային արշավ նախաձեռնի, ներքին եւ արտաքին շուկաներում, ինչպես,  օրինակ՝ հարեւան Վրաստանն է անում հայկական շուկայում. «Միջազգային զբոսաշրջային վերականգնման առաջին քայլերը հենց հարեւանների շրջանակներից սկսել»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
08.05.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031