Ասում է քանդակագործ Նունե Թումանյանը
– Ինչպե՞ս եք գնահատում Երեւան քաղաքի արտաքին տեսքը, մի առիթով նշել էիք, որ կան քանդակներ, մասնավորապես, նվեր քանդակը` Ռոդենը, ճիշտ տեղում չի տեղադրված, ի՞նչը նկատի ունեիք:
– Նվերների փոխանակումը բարեկամ երկրների միջեւ նոր երեւույթ չէ, եւ շատ հայտնի դեպքեր գիտենք դեռեւս շատ հին ժամանակներից: Եվ հենց Երեւանում էլ ունենք նվեր ստացած արձաններ, որոնք շատ սիրելի են ու դարձել են քաղաքային միջավայրի անքակտելի մասը: Դրա վառ օրինակն է Իտալիայից ստացած՝ հայտնի «Ձեռքեր» քանդակը, որը տեղադրված է Երեւանի օղակաձեւ պուրակում: Անցյալում, կարծում եմ, շատ լուրջ էին վերաբերվում, թե ինչ են ընդունում եւ թե որքանով ստացած նվերը չի հակասում մեր աշխարհընկալմանը, գաղափարախոսությանը, եւ արժեքներին: Նվեր ընդունելը հաճելի է, բայց եւ` պարտավորեցնող: Վերջին շրջանում Երեւանն ավելի հաճախ է նվեր-քանդակներ ստանում, որը լինելով լավ երեւույթ, երբեմն զայրույթ, իսկ երբեմն էլ հարց է առաջ բերում, իսկ մեզ պե՞տք էր էդ նվերը: Արդեն տեղադրված նվերների շատ օրինակներ կան, որոնց չեմ ուզում անվանական նշել: Ինչ վերաբերում է Ռոդենի ստեղծագործության մասին իմ հայտնած տեսակետին, ապա կարող եմ ասել, որ այո, քանդակը բարձրարժեք նվերների շարքից է, բայց իր տեղում չի: Տեղանքի համար փոքր է, իսկ մոտենալու համար՝ անհարմար: Բայց արածը արած է, քանդակը տեղադրել են, հրապարակն էլ անվանակոչել…
– Այս օրերին շարունակվում է առցանց քննարկումները՝ Հնդկաստանի կողմից Երեւան քաղաքին նվիրվելիք Մահաթմա Գանդիի քանդակի շուրջ: Առհասարակ, ինչպե՞ս է կարգավորվում նվերի տեղադրման հարցը, ինչպե՞ս է տրվում համաձայնությունը քաղաքի որեւէ հատվածում քանդակի, արձանի, հուշարձանի տեղադրման համար:
– Երբ խոսքը վերաբերում է հայտնի կերպար մարմնավորող արձանի տեղադրմանը, լինի հայ, թե այլազգի, շատ ավելի խորը պիտի ուսումնասիրվի այդ կերպարի անցած ճանապարհը, ավանդն ու գաղափարախոսությունը: Արդյոք այդ ամենը ընդունելի՞ են մեզ համար, եւ արդյոք չե՞ն հակասում մեր արժեքներին: Թե՞ մենք դրանցից չունենք… Համոզված եմ՝ ունենք, ու մի օր, երբ պարզվի, որ նվերը մեր սրտով չէ, հանելը շատ ավելի բարդ խնդիրների առաջ կկանգնեցնի:
– Նունե, որքան տեղյակ եմ, դուք զբաղվում եք քաղաքի դիմագծի խնդիրներով՝ լինելով ՀՀ նկարիչների միության քանդակի բաժնի համակարգողը: Երբեմն մրցույթներ, ցուցահանդեսներ եք կազմակերպում: Արդյոք հաշվի՞ են առնվում այդ մրցույթները, արդյոք քաղաքը «պարտք» չի՞ մնում հաղթողին՝ չտեղադրելով հաղթած քանդակը:
– Քաղաքի քանդակային դիմագծի շուրջ մտքերը վաղուց հանգիստ չեն տալիս: Հինգ տարի առաջ հասկացա, որ միայն երազելով չի լինի: Երազանքը սկսվեց համացանցում իմ քանդակները քաղաքային միջավայրում ներկայացնելուց եւ վերածվեց լուրջ պրոյեկտի, որի մասնակիցը դարձան մեր քանդակագործներից շատերը: Ունեցանք երկու ցուցահանդես, որոնք, իհարկե, ինքնանպատակ չէին: Առաջին խնդիրը մեր հնարավորությունները հանրությանը ներկայացնելն էր եւ այն, թե ինչ միջավայր կարող ենք ունենալ… Էստեղ էլ է պետք զգույշ լինել, քանի որ լավ տիրապետում ենք ծայրահեղությունների մեջ ընկնելու նուրբ արվեստին: Նոր քանդակային դիմագիծ ունեցող միջավայրի համար պայքարի ուժ տալիս է այն, որ վաղուց անհրաժեշտ էր փոխել քանդակը միայն հուշարձան ընկալելու կարծրատիպը: Հուշարձանների ընտրության եւ մրցույթների կազմակերպման գործում (հեռու անցյալում) մեծ էր ՀՆՄ-ի եւ Գեղարվեստական խորհրդի դերը, որը չնայած ստեղծագործողների դժգոհությանը, ուներ իր տեսանելի դրական կողմը: Բանավեճերն ու դիտողությունները, կարծես, ստեղծագործողին ստիպում էին ավելի լուրջ ու մեծ պատասխանատվությամբ մոտենալ գործին: Ասածս միայն հուշարձաններին է վերաբերում: Ազատ, թեմատիկ քանդակի դեպքում քանդակագործի ազատությունը սահմանափակելու կարիք չկա: Ինչքան ազատ լինի ստեղծագործողը, այնքան լավ կբացահայտի իր ասելիքը:
– Դուք ունեք քանդակներ`«Քայլ», «Վալս», «Երկնքից երեք խնձոր ընկավ», «Կորած մանկություն», որոնք երազում եք տեղադրել քաղաքի պուրակներում, այգիներում: Ի՞նչն է խանգարել, որ մինչ օրս դրանք չեն տեղադրվել, կա՞ն էլի քանդակներ, որոնք սպասում են «ինքնամեկուսացումից» դուրս գալուն:
– Քաղաքային քանդակը միայն որպես հուշարձան ընդունելու մոտեցումը վաղուց արդեն կորցրել է իր արդիականությունը, իր տեղը զիջելով թեմատիկ քանդակագործությանը: Ես, իհարկե, դեմ չեմ հուշարձաններին, բայց դրանք պիտի առավել մանրակրկիտ եւ զգուշությամբ ընտրված լինեն, քանի որ շատ ավելի պատասխանատվություն են ենթադրում: Հուշարձանների մրցույթների երբեք չեմ մասնակցել, հավատ չի ներշնչել դրանց անաչառությունը, թեկուզ մի հանգամանք հաշվի առնելով: Բացատրեմ միտքս. կոնկրետ կերպար ներկայացնող քանդակ ստեղծելու համար, շատ քիչ ժամանակ էր տրվում, մինչդեռ, իսկապես լուրջ գործ ստեղծելու համար քանդակագործը պիտի ծանոթանա տվյալ կերպարի կյանքին, աշխարհընկալմանը, սովորություններին: Մի խոսքով, պիտի որոշ ժամանակով մտնի դերի մեջ, նույնանա այդ կերպարի հետ: Հակառակ դեպքում ստեղծագործությունը ստացվում է մակերեսային ու շինծու: Նախկինում մրցույթների համար տրվում էր ծիծաղելի կարճ ժամանակ եւ բոլորին էլ պարզ էր՝ կար քանդակագործ, որը պիտի ստանար պատվերը: Մնացածը՝ մրցույթի տպավորություն թողնելու համար էր: Հայտարարված վերջին մրցույթը, որը կազմակերպվեց, եկավ ապացուցելու, որ իսկապես դրական փոփոխության հույս կա: Բայց, հնից եկած, ստեղծագործական մասին շատ քիչ ժամանակ տրամադրելու սովորույթը չի փոխվել: Կարծում եմ՝ այդ հարցն էլ կարելի է շտկել: Ուղղակի «ասողին լսող է պետք»:
Հարցազրույցը`
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
08.05.2020