Լրահոս
Օրվա լրահոսը

Մաեստրոն չի ցանկանում «Բոլշոյ» թատրոնի դեպքը կրկնվի Երեւանի օպերայում եւ ԱՄՆ-ում սպասում է ՀՀ կառավարության որոշմանը

Մայիս 09,2020 13:00

Հեռավար զրույց Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի հետ:

– Մաեստրո, կորոնավիրուսով թելադրված  ինքնամեկուսացման շրջանը, ինչը դեռ հայտնի չէ ինչքան կձգվի, դուք անցկացնում եք ձեր ծննդավայրում՝ Սան Ֆրանցիսկոյում։ Կարելի է ենթադրել, որ շփվում եք  հեղինակավոր թատրոնների ձեր կոլեգաների հետ՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքեր փնտրելու հարցով։ ԿԳՄՍ նախարարությունը այս օրերին խորհրդակցություններ է անցկացնում թատերահամերգային կազմակերպությունների աշխատանքը վերսկսելու ուղղությամբ, բայց դեռեւս կոնկրետ հրահանգ չկա։ Լա Սկալա թատրոնի տնօրինությունը վերջերս հաղորդել է, որ թատրոնի վարագույրը կբացվի սեպտեմբերին, ինչպես իրենք են հայտարարել՝ խորհրդանշական համերգով։ Հասկանալի է, որ օպերային թատրոնը բարդ կառույց է եւ ունի մի քանի կոլեկտիվներ (նվագախումբ, երգչախումբ, բալետային խումբ, մեներգիչներ, մենապարողներ եւ այլն) եւ համավարակի օրերին խաղալ ներկայացում, պարզապես անհնար է։ Բայց համաշխարհային օպերային գրականությունից հայտնի են կամերային ստեղծագործություններ, որոնք կարելի է բեմադրել կարճ ժամանակահատվածում, փոքրաթիվ մեներգիչների եւ կամերային կազմով նվագախմբի մասնակցությամբ։ Ի դեպ, հայ մեկ-երկու կոմպոզիտորներ էլ ունեն գրված մոնոօպերաներ։ Ցանկության դեպքում բալետային որոշ ներկայացումներ էլ կարելի է բեմադրել պարողների փոքր կազմով, դարձյալ կամերային նվագախմբով։ Հավելենք, որ նման ստեղծագործություններ բեմադրելու համար երկար ժամանակ չի պահանջվի։ Կուզեինք լսել ձեր խոսքը այդ մասին։

– Յուրաքանչյուր թատրոն եւ համերգասրահ գործունեությունը վերսկսելու իր առանձնահատուկ խնդիրները կունենա։  Ամեն ինչ կախված է նրանից, թե թատրոնում աշխատանքները ինչպես կվերսկսեն։ Նկատի ունեմ նվագախմբի, երգչախմբի, բալետային խմբի փորձերը։ Այս պահին աշխարհում ոչ մի նվագախումբ չի գտել «սոցիալական հեռավորության վրա» աշխատելու խնդրի լուծումը։ Անհնար է նվագախմբի փորձերը իրականացնել դիմակներով եւ իրարից երկու մետր հեռավորության վրա։ Արտիստները չեն կարող երգչախմբում երգել դիմակներով,  էլ չեմ խոսում բալետի արտիստների փորձերի մասին: Ուստի, բոլոր այն երկրները, որտեղ դադարեցվել են  բոլոր խոշոր համերգային, օպերային եւ սպորտային համալիրների (բոլոր երկրների` բացառությամբ Բելառուսի եւ Շվեդիայի) գործունեությունը, չեղյալ է հայտարարվել ամեն ինչ` համերգները, երաժշտական փառատոները, արվեստի փառատոները, ներկայացումները եւ մարզական միջոցառումները: Օրինակ, Մետրոպոլիտեն օպերան մինչեւ աշուն չեղյալ է հայտարարել բոլոր ներկայացումները, իսկ Կարնեգի Հոլլը՝ մինչեւ հոկտեմբերի 7-ը: Հիմա, երբ աշխարհում չկա  կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ եւ բուժման  որեւէ դեղամիջոց,   շատ դժվար է մեր մասնագիտություններով աշխատանքը վերսկսել։ Իմ բոլոր գործընկերները, ինչպես եւ մենք, սպասողական վիճակում  ենք: Այս պահին ամենակարեւոր խնդիրը անվտանգ կերպով  փորձերի անցկացումն է: Երբ լինի  կորոնավիրուսի բուժման հուսալի միջոց   եւ դրա դեմ պատվաստանյութ, իրավիճակը  կփոխվի, սակայն ինչպե՞ս պետք է համոզել մարդկանց, որ նրանք սկսեն կրկին թատրոն հաճախել եւ նստել այլ մարդկանց անմիջապես կողքին։  Արդյո՞ք կստիպեն բոլորին  դիմակներ կրել, ինչպես ավիաընկերությունների թռիչքների ժամանակ է արվում: Արդյո՞ք թատրոն մտնելուց առաջ կպարտադրվի չափել բոլորի ջերմությունը, պարզելու համար՝ նրանք առողջ են, թե վարակված։ Արդյո՞ք կկազմակերպվի թատրոնների բոլոր աշխատողների կորոնավիրուսի հայտնաբերման նպատակով թեստերի հանձնման գործընթաց՝ նախքան նրանց աշխատանքի վերադառնալը: Շատ հարցեր կան, որոնք դեռ անպատասխան են:

Ինչպես արդեն նշեցի,  Մետրոպոլիտեն օպերային  թատրոնը մարտի կեսերից մինչեւ թատերաշրջանի  ավարտը չեղյալ է հայտարարել բոլոր ներկայացումները եւ  պլանավորում են աշնանային  թատերաշրջանում վերսկսել թատրոնի գործունեությունը  (դեռեւս հաստատված ամսաթիվ չկա), երբ  համեմատաբար անվտանգ կլինի: Մենք չենք ցանկանում, որ մեր գործունեության պատճառով վարակված մարդկանց թիվն ավելանա։ Մենք խստորեն հետեւելու ենք առողջապահության նախարարության վարակի հետագա տարածումը թույլ չտալու վերաբերյալ ցուցումներին։

– ԱՄՆ-ն, եթե չենք սխալվում, սկսել է Covid-19-ի դեմ դեղամիջոցի ստեղծման փորձեր…

– Այժմ ԱՄՆ-ում փորձարկվում է մի դեղամիջոց՝  ռեմդեսիվիր, որն  օգնելու է մարդկանց հեշտությամբ շնչել։  Եթե փորձարկումները հաջողությամբ պսակվեն, ապա կարող ենք ասել, որ գոյություն ունի կորոնավիրուսի բուժման որոշ չափով կենսունակ եղանակ։ «Moderna Therapeutics» կենսատեխնոլոգիական ընկերությունում, որի սեփականատերը մեր հայրենակից Նուբար Աֆեյանն է,  կորոնավիրուսի  դեմ պատվաստանյութ են մշակում։  Հուսով ենք, որ այդ մշակումները դրական արդյունք կտան եւ այդ ժամանակ, անշուշտ, կյանքը կսկսի ինչ-որ չափով բնականոն հունի մեջ մտնել։

– Վերադառնանք թատրոնների ճակատագրին…

– Ես կապի մեջ եմ իմ գործընկերների հետ, ովքեր տարբեր թատրոնների գլխավոր եւ երաժշտական տնօրեններ են, եւ մենք  քննարկում ենք, թե  ինչպես վերսկսենք մեր աշխատանքը, որ մարդկանց առողջությանը վտանգ չսպառնա, որ դա ժամանակից շուտ չանենք եւ վտանգենք թատրոնի աշխատակիցների կյանքը։ Երբ աշխարհում թեկուզ մեկ թատրոն կգտնի անվտանգ աշխատելու մոդելը, մենք բոլորս կհետեւենք  նրա օրինակին: Առայժմ ոչ ոք լուծում չի գտել, թե ինչպես  կարող է, օրինակ, երգչախումբը անցկացնել  փորձերը. դիմակներով փորձեր չեն կարող անցկացվել։  Ինչպե՞ս կարող են փողային գործիքներ նվագողները աշխատել նվագախմբում՝ հաշվի առնելով դրանց առանձնահատկությունները: Ինչպե՞ս կարող ենք գտնել այս հարցերի լուծումները։ Շատ ու շատ հարցեր կան, որոնք աշխարհի մասշտաբով դեռ չունեն պատասխաններ։ Հուսով եմ, որ հաջորդ շաբաթների եւ ամիսների ընթացքում իրավիճակը կմեղմանա, ինչը մեզ թույլ կտա վերադառնալ աշխատանքի: Երջանիկ է այն երաժիշտը, ով անընդհատ զբաղված է, ուստի մեզ համար շատ կարեւոր է շուտափույթ աշխատանքը վերսկսել եւ կրկին հանդիպել մեր հանդիսատեսին։

– Մաեստրո, թեեւ կրկնվում ենք, բայց ի վերջո գալու է օրը, եւ ի՞նչ ձեւաչափով են սկսելու աշխատանքները։

– Հնարավոր է գալա համերգներ կազմակերպել: Այստեղ հարցն այն է, թե ինչպես են անցկացվելու համերգները՝ նվագախմբի մասնակցությամբ, թե դաշնամուրի նվագակցությամբ։ Հեշտությամբ կարելի է կազմակերպել համերգ դաշնամուրի նվագակցությամբ եւ ուղիղ միացմամբ հեռարձակել մեր ֆեյսբուքյան պաշտոնական էջով։ Իհարկե, անհրաժեշտ կլինի, որ  ՀՀ կառավարությունը պաշտոնապես թույլ տա նման միջոցառումների իրականացումը, քանի որ Հայաստանում կան շատ թատրոններ, եւ բոլորս պետք է հետեւենք նույն հրահանգներին: Բոլորս ականատես եղանք, թե ինչպես «Բոլշոյ» թատրոնում կայացած համերգից հետո երեսուն հոգի վարակվեց  կորոնավիրուսով։ Մենք չենք ցանկանում, որ նման  բան  տեղի ունենա մեր թատրոններում: Երբ կառավարությունը որոշի, որ վտանգն անցել է եւ կարելի է վերսկսել թատրոնների, համերգասրահների, կինոթատրոնների  գործունեությունը, մենք նույնպես կվերսկսենք մեր թատրոնի գործունեությունը, իհարկե՝ հետեւելով  առողջապահության եւ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունների  հրահանգներին:

Զրուցեց Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
08.05.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031