Արմեն Վարդանյանը համամիտ է Նիկոլ Փաշինյանի հետ դեսպանների աշխատանքի գնահատականի հարցում. նա փոփոխություններ է ակնկալում դիվանագիտական ոլորտում:
«Առավոտը» Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ Արմեն Վարդանյանի հետ զրուցեց մեկ օր առաջ ԱԺ-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման, արտաքին քաղաքականության վերաբերյալ արված հայտարարությունների եւ վարչապետի վարած կադրային քաղաքականության մասին:
– Ինչպե՞ս կգնահատեք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը ԱԺ-ում: Օրինակ՝ այն, որ նա հայտարարեց՝ չնայած կոնկրետ արդյունքներ չկան, բայց ժողովրդին հորդորեց համոզված լինել, որ բոլոր կոռուպցիոներները կկանգնեն պատասխանատվության առաջ, եւ ՀՀ ժողովրդից գողացվածը կվերադարձվի, որքանո՞վ է այս հայտարարությունը հավատ ներշնչում այն ֆոնին, որ կոռուպցիոն խոշոր հնչեղություն ունեցող գործերով մեղադրյալներ լքել են Հայաստանը եւ չեն վերադարձել:
– Չգիտեմ, թե ինչի վրա է հիմնված Նիկոլ Փաշինյանի այն լավատեսությունը, որ տարիներ շարունակ մեզ մոտ եղած բոլոր կոռուպցիոն սխեմաները եւ կոռուպցիայի մեջ թաթախված մարդիկ պետք է բացահայտվեն եւ պատժվեն, բայց դատելով այն բանից, որ այսօր բազմաթիվ կոռուպցիոներներ փախել են ՀՀ-ից, եւ իրավապահ մարմինները նրանց՝ Հայաստան հետ վերադարձնելու եւ երկրից կոռուպցիոն ճանապարհներով դուրս եկած գումարները վերադարձնելու առումով խնդիրներ ունեն, ես այդ լավատեսությունը չեմ կիսում: Վերջիվերջո, Նիկոլ Փաշինյանն ինքն այս տարվա փետրվարին բեռլինյան հանդիպումներից մեկի ժամանակ հայտարարեց, որ մինչեւ այժմ 105 միլիոն դոլար է վերականգնվել պետական բյուջե կոռուպցիոն համակարգերի բացահայտման միջոցով: Հեղափոխությունից արդեն երկու տարի է անցել, եւ այդքան գումար հավաքելը ու բյուջե վերադարձնելն ակնհայտորեն չի արդարացնում այն սպասելիքները, որ կար հանրության ու նաեւ իշխանության շրջանում: Նիկոլ Փաշինյանը նույնպես ժամանակին հայտարարել է, որ հինգ տարվա ընթացքում նախատեսում են մոտ երկուսուկես միլիարդ դոլարի գումար ուղղել պաշտպանական բյուջե, որից մեկուկես միլիարդ դոլարը նախատեսում է, որ պետք է հավաքվի այդ կոռուպցիոն սխեմաները բացահայտելու միջոցով: Այնինչ, մենք տեսնում ենք, որ իրավապահ համակարգը սաբոտաժ է անում, նույնը նաեւ դատական համակարգը: Տեսնում ենք՝ բազմաթիվ կոռուպցիոներներ ՀՀ-ից փախել են եւ մտադիր էլ չեն գալ Հայաստան ու բացատրություն տալ, ավելին, նրանք դրսից հաթաթա են տալիս ՀՀ իշխանություններին, նույնիսկ սպառնալիքներ հնչեցնում: Ուստի, նրանց Հայաստան բերելու եւ կոռուպցիոն սխեմաներով գողացված գումարները պետական բյուջե մտցնելու համար իրավապահները պետք է շատ մեծ աշխատանք կատարեն: Այնպես որ, մի քիչ կասկածելի է, որ բոլոր այդ սխեմաները բացահայտվելու են, եւ Նիկոլ Փաշինյանի լավատեսությունն այդքան էլ հույս չի ներշնչում անձամբ ինձ մոտ:
Կարդացեք նաև
– Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարեց, թե Ադրբեջանի նախագահի հետ շփումներից զգում է, որ նա տրամադրված է եւ ուզում է հարցի լուծում: Դուք է՞լ ունեք նման տպավորություն, կամ արդյոք վերջին շրջանում Ադրբեջանի պահվածքը, սահմանային իրավիճակը վկայո՞ւմ է այդ տրամադրվածության մասին:
– Որպես փորձագետ չեմ կիսում նաեւ այդ լավատեսությունը, որ Ադրբեջանի նախագահը ցանկություն ունի այդ կոնֆլիկտը լուծել կամ էլ հնարավոր է՝ նա այդպիսի ցանկություն ունի, բայց իրեն ձեռնտու պայմաններով, այլ ոչ թե մեզ: Այնպես որ, մոտ ապագայում կոնֆլիկտի լուծում կամ լուրջ տեղաշարժեր այդ ուղղությամբ չեմ տեսնում: Թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի իշխանություններն այժմ փակուղային իրավիճակում են հայտնվել եւ կարծես թե երկու կողմերին էլ ձեռնտու է գործող ստատուս քվոն:
– ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարության առնչությամբ ՀՀ վարչապետը խորհրդարանում հայտարարեց, որ հարյուր անգամ հանգստացրել է այդ թեմայով անհանգստացողներին, բայց կարծես հստակ չպատասխանեց, որ ոչ, նման փաստաթղթի շուրջ բանակցություն չի եղել: Ի վերջո, Ձեզ համար ի՞նչ պարզ դարձավ վարչապետի պատասխանից:
– ՌԴ ԱԳ նախարարը փորձառու դիվանագետ է: Ամենայն հավանականությամբ, նա այսպիսի հայտարարություն է արել, որպեսզի Նիկոլ Փաշինյանի վրա հավելյալ ճնշումներ լինեն երկրի ներսում՝ ներքաղաքական ճակատում: Բայց ես վստահ եմ, որ ՀՀ որեւէ իշխանություն չի գնալու արցախյան հակամարտության փուլային կարգավորման տարբերակին, քանի որ դա ուղղակի քաղաքական ինքնասպանություն կլինի ցանկացած ղեկավարի համար: ՀՀ-ն կարող է դիտարկել կոնֆլիկտի լուծումը միայն փաթեթային լուծման շրջանակներում: Որեւէ փուլային կարգավորման մասին խոսք չի կարող լինել: Իհարկե, վարչապետը չէր կարող շատ կոպիտ պատասխանել ՌԴ ԱԳ նախարար Լավրովին՝ հաշվի առնելով, որ առանց այն էլ երկու երկրների հարաբերություններում որոշակի լարվածություն է նկատվում, եւ ինքն ուղղակի դիվանագիտական լեզվով հասկացնել տվեց, որ Լավրովի պնդումները, մեղմ ասած, ճիշտ չեն եւ չեն համապատասխանում իրականությանը:
– Նիկոլ Փաշինյանը, խոսելով դիվանագիտական կորպուսի աշխատանքի մասին, քննադատեց շատ դիվանագետների, թե հին ձեւով են աշխատում` վիզը ծռել, կռացած, խեղճացած գնալ ու բոլորից որեւէ բան աղերսել, երջանիկ լինել որեւէ փշրանք ստանալիս: Դիվանագիտական կորպուսում կադրային փոփոխություններ ակնկալե՞նք:
– Այն, ինչ ասաց Նիկոլ Փաշինյանը դիվանագիտական կորպուսի մասին, լիովին համամիտ եմ: Իրոք, կան դեսպաններ, որոնք ուղղակի ծանոթ-բարեկամ՝ ԽԾԲ համակարգի միջոցով են հայտնվել իրենց պաշտոններին, կան նաեւ այնպիսիք, որոնք դեսպաններ են նշանակվել՝ որոշակի ծառայություններ մատուցելով նախկին իշխանություններին եւ ակնհայտորեն չեն համապատասխանում այդ պաշտոնին: Դիվանագետի աշխատանքը բարդ աշխատանք է, բայց մենք տեսնում ենք, որ շատ դեսպաններ ուղղակի տարիներ շարունակ կարծես հյուրախաղերի են մեկնել տվյալ երկիր եւ իրենց առաքելությունը պատշաճ չեն կատարել: Որոշները նշանակվել են դեսպանի պաշտոնում իրենց բիզնեսներն առաջ տանելու համար: Այո, պետք է դեսպանների, դիվանագետների մի որոշ մաս ազատվի աշխատանքից, եւ նրանց փոխարինելու գան հմուտ դիվանագետները: Այս առումով իշխանությունն ինչ-որ առումով նաեւ ուշացել է: Իշխանափոխությունից անմիջապես հետո պետք է դիվանագիտական կորպուսում լուրջ զտումներ լինեին: Հուսանք, որ այստեղ էլ արմատական փոփոխություններ կլինեն:
– Նիկոլ Փաշինյանի ընդդիմախոսները քննադատում են, թե նա տապալում է բանակցությունները ՀՀ-ԵՄ հարաբերությունների մասով: Հիշեցնում են՝ խոստացել էր, որ ԵՄ-ՀՀ համաձայնագիրն արագորեն կսկսի գործել, բայց դեռ չի վավարեցվել, եւ դա կարող է լինել լավագույնը այս տարվա վերջին՝ հեղափոխությունից երեք տարի անց, նաեւ քննդատում են, թե վիզաների ազատականացման հարցով ոչինչ չի արվում: Դուք ի՞նչ տեղաշարժեր եք տեսնում:
– ՀՀ- ԵՄ հարաբերությունները դինամիկ զարգանում են, որեւէ ակնառու խնդիր չկա: Չնայած համաձայնագիրը դեռեւս հինգ երկրներ չեն վավերացրել, բայց այն արդեն 80%-ով գործում է: Իսկ թե ինչու չեն վավերացրել այդ երկրները, դժվար է ասել: Դրա մասին ավելի լավ կիմանան կառավարության՝ արտաքին բլոկի ներկայացուցիչները: Այն, որ հարաբերությունները բավականին դինամիկ զարգանում են, նաեւ դրա մասին է խոսում այն փաստը, որ ԵՄ-ն Հայաստանի համար այս դժվարին օրերին կորոնավիրուսի հետ կապված մոտ հարյուր միլիոն դոլարի ֆինանսական աջակցություն ցույց տվեց: Ե՚վ Երեւանից, ե՛ւ Բրյուսելից արվում են գոհացուցիչ հայտարարություններ, որ այդ հարաբերությունները բարձր մակարդակի վրա են: ՀՀ-ն որոշակի քայլեր, տնային առաջադրանքներ պիտի կատարի, որ սկսվի երկխոսությունը վիզաների ազատականացման շուրջ, բայց դա շուտ չի լինի, մանավանդ այժմ կորոնավիրուսի պայմաններում ԵՄ-ն լրացուցիչ խնդիրներ չի ուզի իր վրա վերցնել: Այժմ եվրոպական երկրները զբաղված են կորոնավիրուսի խնդրով, եւ կարծես թե այս պահին վիզաների ազատականացման հարցը երկրորդ պլան է մղվել:
– Վերջին օրերի՝ Նիկոլ Փաշինյանի կադրային քաղաքականությունը շատերի քննադատությանն արժանացավ, մասնավորապես՝ ԱԱԾ պետի տեղակալի նշանակումը: Հետաքրքիր է Ձեր կարծիքը:
– Նիկոլ Փաշինյանի վարած կադրային քաղաքականությունը, կարծում եմ, նրա կառավարության ամենաթույլ կետերից մեկն է: Մշտապես լուրջ խնդիրներ են առաջանում կադրային առումով, եւ իշխանության ներկայացուցիչներն էլ դա չեն հերքում, անընդհատ ստիպված են լինում արմատական փոփոխությունների, կտրուկ որոշումների գնալ, բայց մենք տեսնում ենք, որ դա էլ շատ հաճախ չի օգնում: Ակնհայտ է՝ իշխանությունը խնդիրներ ունի իր կադրային բանկի հետ կապված: ԱԱԾ պետի տեղակալի պաշտոնում Արգիշտի Քյարամյանի նշանակման մասին հարցին այս պահին դժվար է պատասխանելը, քանի որ դեռ պարզ չէ, թե կոնկրետ որ ոլորտն է համակարգելու: Եթե ԱԱԾ-ում զբաղվելու է կոռուպցիոն սխեմաների բացահայտմամբ, հնարավոր է՝ այս որոշումը ճիշտ է, եթե հաշվի առնենք, որ նա արդեն լավ փորձ ունի կոռուպցիայի դեմ պայքարում, եւ մի շարք աղմկահարույց բացահայտումներ են եղել նրա՝ ՊՎԾ պետի պաշտոնակատար եղած ժամանակահատվածում: Այս առումով միգուցե նշանակումն արդարացված լինի: Իսկ եթե նա պետք է զբաղվի անվտանգային խնդիրներով, ապա այս որոշումն իրոք անհասկանալի կհամարեմ, քանի որ նա նախկինում նման աշխատանքով չի զբաղվել, աշխատել է իրավապահ մարմիններում՝ դատախազական, նաեւ կոռուպցիոն բնույթի բացահայտումներ արել, բայց անվտանգային հարցերով չի զբաղվել: Կարծում եմ՝ նա ավելի շատ կզբաղվի կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտմամբ:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
08.05.2020