Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ինչ էր պատահում Բուլգակովի հերոսներին մարմնավորած դերասանների հետ

Մայիս 09,2020 12:00

Միստիկա՞, թե՞ զուգադիպություն

Կարծիք կա, որ Միխայիլ Բուլգակովի «Վարպետը եւ Մարգարիտան» գործի էկրանավորումը ճակատագրական է դարձել ռեժիսորների եւ արտիստների համար: Իհարկե, այս մոտեցման մեջ սնահավատություն կա, բայց ոմանց ճակատագիրն իսկապես այլ կերպ է դասավորվել՝ ըստ Բուլգակովի գործի ստեղծված ֆիլերից հետո: Որոշներն արդեն իսկ բարդ ճակատագիր են ունեցել մինչեւ ֆիլմում նկարահանվելը:

kulturologia.ru-ն առանձնացրել է մի քանի զուգադիպություն: «Վարպետը եւ Մարգարիտան» վեպի առաջին կինոմտահղացումը Ալեքսանդր Պետրովիչի ֆիլմն էր, այն իտալա-հարավսլավական արտադրություն էր:


Մարգարիտային մարմնավորել էր ամերիկացի դերասանուհի Միմսի Ֆարմերը: Թեեւ ֆիլմը մի շարք մրցանակների արժանացավ, սակայն այն բավականին հեռու էր գրական հիմքից, իսկ դերասանուհին այդպես էլ համաշխարհային փառքի չարժանացավ:

Հաջորդ Մարգարիտան լեհ դերասանուհի Աննա Դիմնան էր, որը  նկարահանվեց Մացեյ Վոյտիշկոյի  «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմում (1988): Ռեժիսորը գրական գործը համարյա նույնությամբ փոխանցել էր էկրան, սակայն, ըստ քննադատների, ֆիլմն առանձնապես փայլուն չէր: Փոխարենը՝ բավականին տպավորիչ էր Աննայի վհուկայնությունը: Դիմնայի կյանքը լավ չի դասավորվել: Ամուսնությունից հինգ տարի անց նրա ամուսինը ողբերգական վախճան է ունեցել, դերասանուհին կորցրել է ապրելու իմաստը: Նա երկրորդ անգամ էլ է ամուսնացել, սակայն կրկին անհաջող: Այս ամենը կատարվել է մինչեւ «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմում նկարվելը: Ֆիլմից հետո նա երրորդ անգամ ամուսնացավ ու իսկապես երջանիկ կյանք ունեցավ: Ռեժիսոր Քշիշտոֆ Օրժեխովսկին նրա գաղափարակիցն էր եւ ամեն ինչում աջակցում էր կնոջը:

Խորհրդային ռեժիսորներից Յուրի Կարան երազում էր իր ֆիլմում պատկերել Բուլգակովի հերոսներին: Նրա ֆիլմում Մարգարիտա խաղաց Անաստասիա Վերտինսկայան: Նույնպիսի ցանկություն ունեին Նաումովը, Կլիմովը, Ռոլան Բիկովն ու Էլդար Ռյազանովը, սակայն տարբեր պատճառներով նրանք չկարողացան իրականություն դարձնել ըստ Բուլգակովի՝ ֆիլմ նկարելու  իրենց մտահղացումը: Բազմաթիվ խոչընդոտներ հաղթահարելու գնով Յուրի Կարան 1994թ. սկսեց ֆիլմի նկարահանման աշխատանքները, սակայն ֆիլմը էկրան դուրս եկավ 2011թ.: Պրոդյուսերի եւ Բուլգակովի ժառանգների միջեւ եղած տարաձայնությունների պատճառով ֆիլմը տարիներով չէր ցուցադրվում: Ֆիլմի վերաբերյալ էլ հակասական կարծիքներ էին հնչում, ինչը հիասթափեցնում էր ռեժիսորին:

«Վարպետը եւ Մարգարիտան»  ֆիլմից հետո Վերտինսկայան կինոյում հայտնվեց միայն վեց տարի անց, մինչ այդ նրա ստեղծագործական կյանքում անորոշ դադար էր: Դերասանուհու անձնական կյանքն էլ առանձնապես լավ չդասավորվեց: Նա իր միակ ամուսինը համարում էր Նիկիտա Միխալկովին, որի հետ ամուսնացել էր երիտասարդ տարիքում: Նա ռոմանտիկ հարաբերություններ է ունեցել Ալեքսանդր Գրադսկու, Օլեգ Եֆրեմովի հետ, սակայն նրանց հետ նոր ընտանիք չի կազմել:

2005-ին էկրան դուրս եկավ Վլադիմիր Բորտկոյի տասը մասից բաղկացած «Վարպետը եւ Մարգարիտան», որտեղ Մարգարիտային մարմնավորել է Աննա Կովալչուկը: Այդ դերը նրան բավականին հայտնի դարձրեց: Ֆիլմի նկարահանումների ընթացքում Կովալչուկը հասցրեց բաժանվել ամուսնուց:  Ի դեպ, ֆիլմի էկրան դուրս գալուց հետո մահացան այնտեղ նկարահանված մի քանի դերասաններ՝ Ալեքսանդր Աբդուլովը, Կիրիլ Լավրովը, Իլյա Օլեյնիկովը, Անդրեյ Տոլուբեեւը, Վլադիսլավ Գալկինը, Վալերի Զոլոտուխինը, իսկ Վոլանդին մարմնավորած Օլեգ Բասիլաշվիլու մոտ արյան զեղում եղավ:

Հարցին՝ ինչու հենց Աննա Կովալչուկին ընտրեց գլխավոր դերի համար,  Վլադիմիր Բորտկոն պատասխանել է. «Նա իսկական վհուկ է… Իսկ եթե ավելի լուրջ՝ տաղանդավոր դերասանուհի է, խելացի եւ գեղեցիկ: Նաեւ արտաքնապես շատ նման է Բուլգակովի կնոջը՝ Ելենա Սերգեեւնային»:

Պատրաստեց

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
08.05
.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031