Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես են «բեմադրվում» մեթոդական գիտափորձերն ու մնում առանց պատժի

Մայիս 09,2020 12:30

«Բեմադրիչները» հետագայում կարողանում են նաև հաջողությամբ պաշտպանել իրենց թեկնածուական ատենախոսությունները՝ լեգիտիմացնելով արդյունքներ ու տվյալներ, որոնք չեն համապատասխանում իրականությանը։

Այսօր գիտական համայնքի ուշադրության կենտրոնում հաճախ ենք տեսնում այն թեզի շրջանառումը, թե ասպիրանտական ատենախոսությունների որակը տարեցտարի ընկնում է։ Չնայած որակական արագընթաց գահավիժմանը՝ այս խնդրի պատճառների լիարժեք ուսումնասիրությունը հասանելի չէ։ Եթե անգամ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կամ վերջինիս ենթակա մարմինները հստակ միջոցառումներ են ձեռնարկել նախորդ տարիներին (երբ չկար ճգնաժամ, համավարակ, ու կարելի էր պնդել, որ նպատակային պետական կառույցը պետք է քայլեր ձեռնարկեր), ապա այդ ամենի մասին հայտարարություններ հրապարակված չեն։

Տարվա սկզբին ներկայացվեց, որ 2019-ին նախորդ՝ 2018-ի համեմատ գիտական աստիճան ստանալու համար ավելի քիչ ատենախոսություն է պաշտպանության ներկայացվել: Թիվը նախորդ տարվա համեմատ այնքան էր պակասել, որ առիթ է տվել երևույթին անդրադառնալու նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Հունվարին Կապանում կայացած հերթական մեծ մամուլի ասուլիսի ժամանակ առանձնահատուկ կերպով նշել է, թե 2019-ին ԲՈԿ-ի կողմից հաստատվել է թվով 6 դոկտորական և 216 թեկնածուական գիտական աստիճան. «Գիտական աստիճաններ պաշտպանողների թիվը նախորդ տարիների համեմատությամբ էականորեն կրճատվել է, մասնավորապես՝ 2018-ին պաշտպանվել էր 42 դոկտորական և 317 թեկնածուական աստիճան, իսկ 2017-ին՝ 41 դոկտորական և 353 թեկնածուական աստիճան»։

Արդեն մի քանի տարի է, ինչ գոյություն ունի Հայաստանի ատենախոսությունների բաց մատչելիության պահոց, որը թույլ է տալիս լիարժեքորեն ծանոթանալ վերջին տարիներին պաշտպանված թեկնածուական և դոկտորական ատենախոսություններին։ Իհարկե, կան բազում հեղինակներ, որոնք նախընտրում են իրենց հեղինակային աշխատանքները հանել համակարգից, սակայն փորձը ցույց է տալիս, որ ատենախոսությունների զգալի մասն առկա է, հասանելի բոլորի համար։ Պահոցի տրամադրած տվյալները թույլ տվեցին լրագրողական կարճ հետաքննություն իրականացնել և լավագույնս հասկանալ կամ գոնե փորձ կատարել հասկանալու, թե ինչպիսին է գիտական «արտադրանքը» Հայաստանում։

Պատահականության սկզբունքով ընտրեցինք մի քանի աշխատանք, որտեղ հեղինակը տվել է գիտափորձի իրականացման մասին տվյալներ։ Օրինակները ներկայացնում եք մեր ընթերցողների դատին՝ որպես ապացույց, թե ինչպես են հաճախ «բեմադրվում» գիտափորձերը։

2017-ին ԲՈԿ-ը հաստատել է «Ուսանողների պրոֆեսիոնալ պատրաստության կատարելագործման ուղիները մանկավարժական պրակտիկայի ընթացքում» թեմայով ատենախոսությունը։ Հեղինակը հայցել և ստացել է ԺԳ. 00.02 «Դասավանդման և դաստիարակության մեթոդիկա» (Ֆիզիկական կուլտուրա) մասնագիտությամբ մանկավարժական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ Աշխատանքում հեղինակը պնդում է, որ «մանկավարժական պրակտիկայի լրամշակված ծրագիրը ներդրվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի երրորդ կուրսի ուսումնական գործընթացում: Մանկավարժական պրակտիկան իրականացվել է` համաձայն ծրագրի պահանջների», իսկ «գիտափորձն անցկացվել է 2011-2012թթ. ուսումնական տարում»:

Հետաքննության ընթացքում մեծ բարդություն չի ներկայացրել վերոնշյալ գիտափորձի իսկությունը ստուգելը։ Հեղինակի «իրականացված» գիտափորձի մասին անհրաժեշտ տվյալներ ենք խնդրել բուհից, սակայն բուհի արխիվում այսօրինակ «գիտափորձի» մասին տվյալներ չեն պահպանվել, ավելին՝ աշխատանքում հեղինակը նշում է, թե «վերլուծվել և ամփոփվել են մարզաառողջարարական ֆակուլտետի 120 ուսանողների կողմից մանկավարժական պրակտիկայի ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները»: Վերոնշյալ ուսումնական տարում հեղինակի կողմից մատնանշված ֆակուլտետում այդ քանակի ուսանողներ մանկավարժական պրակտիկա չեն իրականացրել։

Առավել հետաքրքիր է, որ ատենախոսության հեղինակը պնդում է, թե «պրակտիկայի ընթացքում կազմակերպվել և իրականացվել են հանրակրթական դպրոցում դասավանդվող տարբեր առարկաներից 324 դասալսումներ, որոշվել և գնահատվել են շուրջ 650 աշակերտների ֆիզիկական պատրաստության և զարգացման ցուցանիշները, անցկացվել են 48 զրույցներ՝ նվիրված ինքնուրույն պարապմունքների անցկացման մեթոդիկային, կատարվել է 85 դասի մանկավարժական վերլուծություն և բեռնվածության որոշում, անցկացվել է 910 և կազմվել են 942 գործնական և տեսական դասերի կոնսպեկտներ և դասեր, 178 ժամացանց, տարեկան պլան-գրաֆիկ և թեմատիկ պլան»: Թե կոնկրետ որ հանրակրթական դպրոցներում են իրականացվել վերոնշյալ դասալսումները, հեղինակը չի մատնանշում իր հետազոտությունում, ինչը թույլ է տալիս հիմնավոր կասկածների, որ հանրակրթական դպրոցներում իրականացված դասալսումների մասին տեղեկությունները ևս մտացածին են։ Անշուշտ, այս մասին կարող էինք փորձել ճշգրտում կատարել նաև հեղինակից, սակայն հետաքննության հաջողության համար նպատակահարմար չենք գտել նախապես կապ հաստատել նրա հետ, փոխարենը՝ պատրաստ ենք պատասխանի հարթակ տրամադրել նրան սեփական ապացույցները բերելու համար։

Բերենք մեկ այլ խնդրահարույց օրինակ, որը ԲՈԿ-ի կողմից հաստատվել է արդեն 2016-ին։ Աշխատանքը վերնագրված է «Իրադրային քերականության ուսուցումը անգլերենի մասնագիտական դասընթացում», իսկ հեղինակը հայցել ու ստացել է ԺԳ. 00.02 – «Դասավանդման և դաստիարակության մեթոդիկա» (անգլերեն  լեզու) մասնագիտությամբ մանկավարժական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։

Հեղինակը պնդում է, որ փորձարարական ուսուցումն իրականացվել է երկու փուլով՝ 2014-2015 ուստարվա մայիսին և հոկտեմբերին ու 2015-2016 ուստարում՝ մարտին և ապրիլին: Փորձարարական ուսուցման վայր է ընտրվել ՀՊՄՀ օտար լեզուների ֆակուլտետի Անգլերեն լեզու և գրականություն բաժինը: Անցած տարիներին բուհում կառուցվածքային փոփոխություններ են տեղի ունեցել, նմանօրինակ անվանմամբ կառուցվածքային միավոր գոյություն չունի, փոխարենը պարզել ենք, որ աշխատանքի հեղինակն այժմ աշխատում է նույն ֆակուլտետի Ռոմանագերմանական լեզուների ամբիոնում, ինչը որոշակի բարդություն է ներկայացրել նրա ներկայացրած տվյալները բուհի արխիվներում ստուգելիս. ֆակուլտետի ղեկավարությունը խնդրել է որոշակի ժամանակ տրամադրել (շուրջ մեկ ամիս) նախորդ տարիների արխիվից տվյալների մշակում իրականացնելու և մեզ տրամադրելու համար։ Նոր տեսակի կորոնավիրուսով պայմանավորված բուհերում դասերի և աշխատանքի դադարեցման արդյունքում՝ մինչև այսօր պատասխան չունենք։

Համեմատաբար վերջերս՝ 2018-ին, ԲՈԿ-ի կողմից հաստատված ատենախոսություն է «Անգլերենի ակադեմիական գրագրության ուսուցման տեխնոլոգիաները լեզվական մասնագիտությունների համար» աշխատանքը։ Հեղինակն իր փորձարարական հիմնավորման մեջ նշում է. «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետի չորրորդ կուրսում իրականացվել է փորձարարական ուսուցում: Փորձարարական խմբի ուսանողների քանակը 34 է, իսկ ստուգողական խմբի ուսանողների քանակը՝ 35: Ուսանողների կարողությունները գնահատվել են 100 բալանոց սանդղակով»։

Ուսումնական տարվա մասին տվյալներ հեղինակը չի նշել, ինչը բավականին բարդացրել է մեր հետաքննությունը։ Չնայած հեղինակի մասին անձնական տվյալներ պահպանվել են բուհի օտար լեզուների ֆակուլտետում, սակայն անհայտ է նրա՝ փորձարարական խումբ ստեղծելու «փաստը»։

Կիրառելիության առումով բավականին հետաքրքիր ատենախոսություն է 2017-ին պաշտպանված «Պատանի ֆուտբոլիստների առաջատար շարժողական ընդունակությունների մշակման մեթոդիկան» աշխատանքը։ Առաջին հայացքից խիստ կիրառական ատենախոսությունը պետք է որ «ձեռքից ձեռք» խլեին Հայաստանի առաջատար ֆուտբոլային ակումբները՝ պատանի ֆուտբոլիստներին զարգացնելու համար։ Աշխատանքի մասին տեղեկացված չեն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում։

Հեղինակի մասին տեղեկացված չեն մանկապատանեկան ֆուտբոլի զարգացմամբ զբաղվող հայկական ֆուտբոլային ակումբներում, մասնավորապես՝ «Փյունիկ», «Բանանց» (ներկայում՝ «Ուրարտու»), «Ալաշկերտ», «Լոռի» և «Շիրակ»։ Ավանի ֆուտբոլի ակադեմիայում ևս չկարողացան տվյալներ տրամադրել հեղինակի կողմից երբևէ իրենց սաների շրջանում իրականացված գիտափորձի մասին։ Մինչդեռ, հեղինակը աշխատանքում որևէ հստակ նշում չի արել, թե կոնկրետ որ ակումբներում կամ մարզադպրոցներում է իրականացվել գիտափորձ. «13 և 14 տարեկան ֆուտբոլիստների ստուգողական ֆուտբոլային թիմերը պարապել էին ֆուտբոլային մարզադպրոցներում` գոյություն ունեցող մարզական ծրագրին համապատասխան: Ձևավորող մանկավարժական գիտափորձն անցկացվել է երկու ուսումնական տարվա ընթացքում` 2011-2012 և 2012-2013թթ: Այս շրջանում փորձարարական երկու խմբերում (թիմերում) անցկացվել են 340 ուսումնամարզական պարապմունքներ»։

Չնայած ԿԳՄՍՆ-ին վերոնշյալ հարցի առումով ենթակա մարմին է Բարձրագույն որակական կոմիտեն (ԲՈԿ), սակայն վերջինիս վերապահված է ատենախոսությունների հաստատումը։ Կառույցի առցանց հասանելի կանոնադրությունից կարելի է ենթադրել, որ ԲՈԿ-ը չունի լիազորություններ պարզելու, թե արդյոք ատենախոսություններում հեղինակների կողմից ներկայացված, օրինակ, գիտափորձերը եղել են իրակա՞ն, թե՞ դրանք լիարժեք չեն իրականացվել կամ, ինչպես ասում են՝ «օդում կախված լուրեր» կան, թե մտացածին են, «բեմադրված»։

Հեղինակ՝ Հարություն ԾԱՏՐՅԱՆ

Հեղինակը փաստերի ստուգման մասնագետ է, լրագրող։ Ներկայում զբաղվում է արդեն իսկ պաշտպանված ատենախոսություններում առկա մանկավարժական գիտափորձերի «կեղծման» օրինակների ուսումնասիրմամբ։

«Առավոտ» օրաթերթ
08.05
.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031