Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես ՀՀ եւ Ղարաբաղի նախագահն եմ, եւ ամենից մեծ զսպող հանգամանքը հենց սա է». Ռոբերտ Քոչարյան

Մայիս 08,2020 21:40

Սեդա Սաֆարյանը կարծում է, որ Կարեն Կարապետյանը, Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը եւ Անուշավան Դանիելյանն այն հեղինակությունները չեն, որոնք ազդեցություն ունեն Ռոբերտ Քոչարյանի վարքի վրա

«Ես ՀՀ եւ Ղարաբաղի նախագահն եմ, եւ ամենից մեծ զսպող հանգամանքը հենց սա է, որ ինձ՝ Արցախի հերոսիս եւ երկու հանրապետությունների նախագահիս երաշխավորում են մարդիկ, եւ հանկարծ ես մի քայլ եմ անում, որը իմ հեղինակությունը զրոյի է իջեցնում»,- այսօր դատարանում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Հիշեցնենք, այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, տեւական դադարից հետո շարունակվող ՀՀ երկրորդ նախագահ «Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների» գործով, դատարան ներկայացան ՀՀ նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը: Նրանք ներկայացան`հաստատելու իրենց երաշխավորությունը`Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխելու համար:

Պաշտպանական կողմը դեմ արտահայտվեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդություններին: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը, մասնավորաբար, ասաց, որ պետք է ուսումնասիրել`իրենք կամովի՞ն են եկել, թե Ռոբերտ Քոչարյանի հետ ունեն «այլ հարաբերություններ, մտերմություններ»:

«2004, 2008 թվականներին`Քոչարյանի իշխանության ժամանակ, ժողովրդի վրա կրակել են: Այդ ժամանակ ո՞ւր էին այդ հեղինակավոր մարդիկ: Եթե նրանք ունակ էին Ռոբերտ Քոչարյանի վարքը կանխել, թույլ չտալ, որպեսզի նա նմանատիպ արարքներ կատարի`ապա դա կանեին: Ավելին ասեմ`այդ դեպքերից հետո նրանցից որեւէ մեկը որեւէ հայտարարությամբ հանդես չի եղել»,- ասաց Սեդա Սաֆարյանը:

Նա համամիտ է Տիգրան Եգորյանի հետ`այսօր չկա մի անձնավորության, որը կարող է Ռոբերտ Քոչարյանի վրա ազդեցություն ունենալ. «Կյանքը եւ իրադարձությունները ցույց են տվել, որ այս տարիների ընթացքում Ռոբերտ Քոչարյանի վրա ազդող մարդ չի եղել»:

Հետեւաբար, Սեդա Սաֆարյանի կարծիքով, այդ չորս անձը`նախկին վարչապետները, չեն կարող Ռոբերտ Քոչարյանի «վարքի հսկողը լինել»: Սեդա Սաֆարյանն ասաց, որ Կարեն Կարապետյանը Ռոբերտ Քոչարյանի եւ նրա կնոջ բարեկամն է, նա քավորն է Ռոբերտ Քոչարյանի մամուլի խոսնակի`Վիկտոր Սողոմոնյանի, Կարեն Կարապետյանի մոտ Արամ Վարդեւանյանը խորհրդական է աշխատել: Նա վկայակոչեց նաեւ այն հանգամանքը, թե ինչպե՞ս է Կարեն Կարապետյանը նշանակվել «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի տնօրեն: Ասաց, որ Կարեն Կարապետյանը նաեւ ՀՀԿ-ի անդամ է, անցած խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ն չորս տոկոս ձայն է հավաքել. սա բավարար է, որ Սեդա Սաֆարյանը Կարեն Կարապետյանին հեղինակավոր մարդ չհամարի: Այս իրողություններից հետո Սեդա Սաֆարյանը ճնշվածություն է տեսել Կարեն Կարապետյանի մոտ եւ կարծում է, որ այս կապերը պարտադրել են նրան ներկայանալ դատարան:

Վազգեն Մանուկյանը «Վերնատուն» ակումբի անդամ է, ըստ Սեդա Սաֆարյանի տարիներ շարունակ հարգված մարդ է եղել, բայց «այն հեղինակությունը չէ»:

Անուշավան Դանիելյանի մասով էլ տարբեր անուններ եւ իրադարձություններ հիշատակեց`այդ թվում նաեւ «27»-ի գործի, տարբեր քրեական հեղինակություն գործարարների եւ Ռոբերտ Քոչարյանի փոխկապակցվածությունների հետ կապված 2000-ականների մամուլից մեջբերումներ արեց` նկատելով, որ այդ հրապարակումների հերքումները չեն եղել:

Իր երաշխավորներին վարկաբեկելու փորձի մասին Ռոբերտ Քոչարյանն ասաց. «Պատկերացրեք՝ 10-15 րոպե խոսում են ինչ-որ մեկի մասին, որ ես անգամ չգիտեմ, թե ո՞վ է, ինչ-որ մի դեղին մամուլից տպած հոդված բերում, ներկայացնում են հիմք եւ փորձում վարկաբեկել մի մարդու, որը տասը տարի եղել է Ղարաբաղի վարչապետ: Այս աստիճանի ցինիզմի հասնել ուղղակի չի կարելի, միայն նրա համար, որ ինձ վնաս հասցնեն, փորձում են վարկաբեկել մարդկանց, ովքեր մեծ ավանդ ունեն ՀՀ կառուցման գործում, նման վարքագիծ իմ պատկերացման մեջ չի տեղավորվում»:

Ռոբերտ Քոչարյանը ցավալի է համարում այն, որ մեր դատախազները չեն հասկանում, որ ամենազսպող հանգամանքը հենց դա է. «Քեզ համար երաշխավորություն են ներկայացնում, եւ դու խաչ ես քաշում քո կենսագրության վրա, այն հանգամանքի վրա, որ ճանապարհ ես անցել, առաջին դեմք ես եղել, եւ այդ պատճառով դու պիտի կորցնես քո բոլոր ընկերներին, միայն երաշխավորների հարցը չէ, առաջին հերթին քո հարցն է: Կոպիտ ասած՝ դու նրանց «подставка» անո՞ղ մարդ ես, թե՞ դու այն մարդն ես, որ խոսք ես տալիս եւ խոսքիդ տեր կանգնում: Նույնիսկ իմ պարագայում իմ կենսագրությունը հաշվի առնելով, տիկին Դանիբեկյան, ես սպասում եմ, որ Դուք ինձ պիտի հարցնեք՝ Դուք խո՞սք եք տալիս, որ նման երեւույթներ չեն լինի, եւ եթե ես ասեմ՝ այո, Դուք հանգիստ կարող եք որոշում կայացնել առանց որեւէ երաշխավորագրի, առանց գրավի՝ վստահ լինելով, որ ես հրապարակային տված խոսքս երբեք չեմ խախտի»:

«Ինձ փորձեցին մեղադրել, որ նույնիսկ կալանավորված վիճակում ես սենյակից դուրս եմ հանում ՔԿՀ աշխատակցի, սա այն նույն դեպքն է, երբ չհասկանալով մեղադրանքներ են հնչեցնում: Ես երբեք սրա մասին չէի խոսի, բայց ստիպված եմ»,- շարունակեց Ռոբերտ Քոչարյանը`պարզաբանելով, որ ինքը բժիշկների հետ նստած քննարկել է, թե վիրահատությունը ինչպես պետք է արվի. «ՔԿՀ-ի մի բարձրաստիճան սպա նստել`ասում է՝ ես էլ եմ մասնակցում: Հարցնում եմ՝ Դուք բժի՞շկ եք: Ասում է՝ ոչ: Հարցնում եմ՝ որպես ո՞վ եք մասնակցում: Ասում է՝ չէ, ես պիտի մասնակցեմ, ես հրաման ունեմ այստեղ լինելու: Ասում եմ՝ զանգեք ՄԻՊ-ին, ասում է՝ չեմ զանգում: Վերջը այլ ելք չկար, ես կանգնեցի, ասացի, որ հրաժարվում եմ այս բուժումից, ինձ տարեք ՔԿՀ, որովհետեւ Դուք իրավունք չունեք ներկա լինել այս խոսակցությանը»:

Այս հայտարարությունից հետո ՔԿՀ աշխատակիցը դուրս է գալիս, զանգահարում իր պետին. ի վերջո ասում են, որ հասկացան եւ քննարկմանը չեն մասնակցի. «Եվ դրանից հետո ես պնդում էի, որ որեւէ հանդիպում բժշկի հետ ուրիշ մեկի ներկայությամբ չլիներ, իմ իրավունքներն էին ոտնահարվում շատ կոպիտ, գռեհիկ ձեւով, եւ ես ուղղակի հասել եմ նրան, որ դրանք պաշտպանել եմ, թեպետ դա պետք է աներ դատախազությունը, ոչ թե ես»:

Ի դեպ, մինչ այդ Սեդա Սաֆարյանը հայտարարել էր, որ Ռոբերտ Քոչարյանն օգտվում է դատարանի կողմից «լայնարձակ, լայն իրավունքի պաշտպանությունից», օգտվում է ՔԿՀ-ում արտոնություններից. «Արտոնյալ է այնքանով, որ երբ ուզում է տարբեր հիվանդանոցներ է շրջագայում: Ես այսքան պրակտիկա ունեմ, այսպիսի բան չեմ տեսել»:

2008-ի`իր մասնակցած գործերով, երբ Ռոբերտ Քոչարյանն էր իշխանության պատասխանատուն, Սեդա Սաֆարյանն ասում է չի կարողացել որեւէ կալանավորված անձի որեւէ հիվանդանոց տեղափոխել, թեեւ նրանք դրա կարիքն ունեին: Այսքանից հետո նա չի հասկանում, թե պաշտպանական կողմը ի՞նչ խտրական դրսեւորման մասին է խոսում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031