«Ամենաազատ մարդը ռազմիկն է…»
Ֆ.Նիցշե
Այսպես մոլորակի վրա գոյություն ունեցող ամենաֆանտաստիկ պետության մեջ լուսավորվում է նկուղ-ապաստարան-զորանոցը։ Այսպես կենցաղային մանրուքները վերաճում են մասունքների, և կենցաղային առարկաները, թևավորվելով, «աղավնակերպ իջմամբ» թառում են խորհրդանիշների պատվանդանին։ Այսպես իրերը (ձեթ, արյուն, վիրակապ), այսաշխարհիկ պայմանականությունների վարագույրը պատռելով, ներկայացնում են ճրագի արարողությունը, և զորանոցում քնած կամավորների դեմքերին տարածվում է միստերիալ ճշմարտությունների լույսը։ Այսպես բացվում են իրերի «անդրկուլիսյան» զուգիմաստները, որտեղ ձեթը հավատն է, որ պիտի չսպառվի, և արյունը պայքարն է, որ պիտի չորանա։ Պիտի չորանա, որովհետև հաղթանակն է վիրակապ։
Ճրագ է։ Ընդամենը հերթապահի վառած ճրագ գիշերվա 3-անց 20 րոպեին։ Բոլորը քնած են, և բացառապես բոլոր քնածները երազի մեջ խոսում են բարձրաձայն, և բացառապես բոլորի երազներում կռիվ է։ Հերթապահը ենթադրեց, որ ինքն էլ քնի մեջ խոսում է, որովհետև այսքան տարբեր մարդկանց մեջ ինքը չէր կարող բացառություն լինել։
Եվ այդ միակ հանդիսականի առաջ այսպես խոսեց քնած զորանոցը. «Կրա՜կ», «աջի՜ց մտեք, աջի՜ց», «սպասե՜ք, չկրակե՜ք. թող մոտիկանան», «էդ ո՞ւր, հե՜տ արի, հե՜տ արի, անասուն», «գլխիս Հունան Ավետիսյան են դառել», «պրիկռիվատ արեք, ես մտա», «ի՞նչ ադբոյ, ո՞նց թե ադբոյ, բարձունքների կեսը վերցրել ենք նո՞ր են ադբոյ տալիս… շտաբի կռիսներ… էլ ո՛նց կըլներ, Եվրոպայից մարդ ա էկել, վրե՜ն թե չի էկել», «շալակեք, իջացրեք», «չէ, բան չկա. կապի ստուգում», «Էդ պուլիմյուտչիկին ասեք, թող ռեմբոյություն չանի»…
Կարդացեք նաև
Հերթապահն առաջ էլ լսել էր իր քնած ընկերների «մենախոսություններից» հատվածներ, բայց այսպիսի բազմաձայն «երգչախումբ» առաջին անգամ էր լսում։ Նա չէր ուզենա ընդհատել այս «համերգը», թեև արդեն ծիծաղից թուլացել էր, բայց կար հրաման։ Վերջապես սկսվում էր այնքան սպասված գործողությունը.
–Ձրիակերնե՜ր, պադյո՛ո՛մ։
Նախանձե՜ք նրանց, ովքեր աշխարհիս հզորներին խանգարում են վերասերել ու վերստեղծել աշխարհը «ըստ իրենց պատկերի»։
Նախանձե՜ք նրանց, ովքեր միջազգային դահլիճներում պարբերաբար բեմադրվող քաղաքական պոռնո-շոուներից հեռու, բերդերն ու ամրոցներն իրենց գլխին որպես թագ կրող լեռներում, բորենիներ կերակրող գիշերների միջով աշխարհի քարտեզ են փոխում ըստ մեր պատկերի։
Նախանձե՜ք նրանց, ովքեր ազատասերներ չեն, այլ ազատաբերներ, ում մեջքի և պարանոցի շուրջ աղջիկների փոխարեն բաղեղվում են գնդացիրների լիցքավորված ժապավեններ։
Նախանձե՜ք նրանց, հայրենասերներ, որովհետև Հայրենիքը սիրելու համար չէ, այլ կրելու։
Նախանձե՜ք նրանց, ովքեր կրում են Հայրենիքն իրենց ոտքերի տակ, որպես պայթյունից ցնցվող հող, որպես ձյուն, որպես ջրափոս, որպես զառիթափ, որպես զառիվեր, որպես ողբերգական պատահականությամբ տրորված ական։
Նախանձե՜ք նրանց, ովքեր կրում են Հայրենիքն իրենց ոտքերի մեջ, որպես տնքացող մկան, որպես փամփուշտի բացած անցք, որպես ուռած երակ, ովքեր կրում են հայրենիքն իրենց մաշկի տակ ու մսերի մեջ, որպես արկերի ու նռնակների բեկորներ։
Նախանձե՜ք նրանց, ովքեր կրում են Հայրենիքն իրենց կրծքի վրա, որպես քրքրված փամփշտակալ, որպես մեռած ընկերների և անմեռ դրոշների առաջ պատվի առնողի ինքնաձիգ։
Նախանձե՜ք նրանց, ովքեր կրում են Հայրենքն իրենց ափերի մեջ, որպես հրասայլերի ու զրահամեքենաների լծակներ, որպես պատգարակների բռնակներ, որպես պատանդ վերցվող գաղութարարների և մարտի դաշտում անձնատուր լինող թշնամիների վզակոթեր։
Նախանձե՜ք նրանց, ովքեր կրում են Հայրենիքն իրենց աչքերի մեջ, որպես «գրադի» հարվածից հալվող ՈՒԱԶ, որպես հարվածային ալիքի ուժով խանութի հսկայական ցուցափեղկից պոկված սավառնող ապակի, որպես թունավոր գազերի ու ծխերի առաջացրած ծակոցներ ու մրմուռ։
Նախանձե՜ք նրանց, ովքեր կրում են Հայրենիքն իրենց քունքի վրա, որպես տրոփ, որպես СВД-ի խոշորացույց, որպես ժամապահի հեռադիտակ։
Նախանձե՜ք նրանց, ովքեր կրում են Հայրենքին իրենց շուրթերի վրա, որպես անվարժ փաթաթված «մախորկայի թութուն», որպես կախված սառցաշիթեր, որպես երդման պահին մոտեցվող դրոշ, որպես հայոց լեզու, լեզու և երգ.
«Թրքաց մայրեր թող լան, և դուն
Ուրախ լուրեր տար ի Զեյթուն»։
Նախանձե՜ք նրանց, ովքեր կրում են Հայրենիքն իրենց ականջներում, որպես հրետակոծության դղրդյուն, որպես վիրավորի հառաչ, որպես ռացիայի մեջ մտած թուրքերեն հայհոյանք, որպես գլխարկը տանող փամփուշտների վըստվըստոց, որպես պատվո համազարկը բազմապատկող արձագանք՝ ձորերում։
Նախանձե՜ք նրանց, ովքեր կրում են Հայրենքին իրենց դեմքերի վրա, որպես մուր, որպես ուժեղ ցավից առաջացած ծամածռություն, որպես առավոտյան լվացվելու ձյուն, որպես լեռներ մտրակող քամիներից պաշտպանվելու դիմակ, որպես գիշերային մարտի գնացող գրոհայինների (այս բառը ՏԱՍՍ-ի գրած և ԱՐՄԵՆՊՐԵՍ-ի սխալ թարգմանած «բոյեվիկ»-ի հետ կապ չունի. «գրոհային-ի ռուսերենը «շտուրմովիկ»-ն է) սև գրիմ (հիշեք թուրքերի հայտարարությունը. «Հայերի կողմից նեգրեր են կռվում»)։
Նախանձե՜ք նրանց, ովքեր կրում են Հայրենիքն իրենց ճակատներին, որպես քրտինք, որպես սպի, որպես գլխարկին ամրացված զինանշան, որպես ահավոր աղմուկի մեջ գլխացավը մեղմող ձիգ գլխակապ։
Նախանձե՜ք նրանց, ովքեր կրում են Հայրենքին իրենց արմունկների վրա, որպես ցեխ՝ սողալու պահին, ովքեր կրում են Հայրենիքը նույնիսկ իրենց շորերի ու մազերի մեջ, որպես վառոդի հոտ։Նրանք ոտից-գլուխ քայլող հայրենիքներ են փոքրիկ և փոքրիկ Հայրենիք քայլեցնողներ։
Նախանձե՜ք նրանց, ովքեր դռան աննշան ճռռոցից վեր են թռչում, որովհետև Հայրենիքը կրում են քրքրված ջղերի մեջ և կանտուզիա ստացած ուղեղներում, որպես չընդհատվող դը՛ժժժժժժժ…
Նախանձե՜ք նրանց, ովքեր կրում են Հայրենիքն իրենց ուսերի վրա, որպես ալյուրի պարկ, որպես խղճի լուծ, որպես РПГ, որպես «ստինգեր», որպես ընկերոջ դագաղ, ովքեր կրում ենք Հայրենիքն իրենց ուսերի վրա, որպես թևեր-«Կամավոր բանակ տորմիղ հրաթև»:
Թշնամու ատելությամբ չափեք ձեր գործերի լրջությունը, և քաղաքական դեմքերի ու կազմակերպությունների մի հսկա քանակություն ծիծաղելի կդառնա։ Ուրեմն՝ նախանձե՜ք նրանց, ովքեր արժանի եղան ամենամեծ ատելությանը։
Նախանձե՜ք նրանց, քրիստոնյանե՜ր, որովհետև նրանք վկաների ու մարտիրոսների պես հոժար գնում են ինքնազոհաբերման՝ կատակը շուրթերին և ծիծաղն աչքերի մեջ («և զոհաբերումն այսպես խնդագին»), թեև ոչ մի կապ չունեն մեկ նախադասության մեջ վեց անգամ Աստծո անունը հոլովողների հետ։ Նրա՜նք են այսօրվա ամենահավատավոր քրիստոնյաները։
Նախանձե՜ք նրանց, հեթանոսնե՜ր, որովհետև ամենահեթանոս կեցվածքը երգելով արյան հանդես մտնելն է, հաղթանակով, ռազմավարով ու գերիներով վերադառնալը։ Նաև այդ առթիվ գինարբուք սարքելը։ Բոլոր ժամանակների ամենաթանկ ավարը եղել է թշնամու դրոշը, զենքն ու զինամթերքը։ Նրանք ո՜չ թե ձեր սուտ քրմերի նման հորինում-սարքում-բեմադրում են իբր հայկական հեթանոսական ծեսեր, այլ իբրև ապրելու կերպ, պարբերաբար (հերթական գործողությունից հետո) կատարում են աշխահի հնագույն ու հեթանոս ծեսերից մեկը՝ թշնամուց առգրավված դրոշը ոտքերի տակ նետելով։ Նրա՜նք են այսօրվա ամենակյանքոտ հեթանոսները։
Նախանձե՜ք նրանց, ժողովրդավարնե՜ր, որովհետև նրանց շնորհիվ է գալիս քաղաքական ազատությունը, իսկ «քաղաքական ազատությունը հիմքն և անհրաժեշտ նախապայմանը բոլոր մյուս ազատությունների» (Հ.Քաջազնունի)։ Ուստի նրա՜նք են այսօվա ամենասկզբունքային ժողովրդավարները։
Նախանձե՜ք նրանց, իրավապաշտպաննե՜ր, որովհետև իրավունք պաշտպանելու համար նրանք երկաթե երաշխիքներ ունեն և դրանով արդեն իրե՜նք են այսօրվա ամենահուսալի իրավապաշտպանները։
Նախանձե՜ք նրանց, այլախոհնե՜ր, որովհետև որևէ իշխանություն ձեզանից վախեցել է լոկ այնքանով, որքանով դուք կարող էիք ոտքի հանել ռազմիկների։ Այնպես, որ նույնիսկ ձեր սեփական արժեքի և նշանակության համար դուք պարտական եք նրանց գոյությանը։ Ուրեմն՝ նրա՜նք են այսօրվա ամենավտանգավոր այլախոհները։
Նախանձե՜ք նրանց նաև դուք անգրագետնե՜ր և մի՜ փառաբանեք։ Եթե դուք իմանայիք մեր այբուբենի բոլոր տառերը, ապա կկարողանայիք կարդալ այն մասին, որ փառքը չի պատկանում մարդկանց և այս աշխարհին։ Փառքն Աստծունն է, անգրագետնե՜ր։ Երբ չեք օգնում և փառաբանում եք, դառնում է սեփական ժողովրդին ուղղված շողոքորթություն, իսկ դրա կարիքը ոչ ոք չունի. առավե՜լ ևս՝ նրանք, ում անունները ենթակա են հրապարակման միայն «Գույժ» բառի տակ։
Նախանձե՜ք նրանց, ստրուկներ, որովհետև ձեզ այլևս ոչինչ չի մնում անել։ Ռուսական, թուրքական ու կոմունիստական կայսրությունները, նրանց բռնապետական վարչակարգերը ընդամենը արդարացումներ են եղել ձեզ համար, և այսօր դուք անդուլ որոնումների մեջ եք, որովհետև կորցրել եք ձեր վերջին թաքստոցները։ Եթե Հայաստանը լիներ ազատ, անկախ, միացյալ ու ծաղկուն, մե՜կ է, դուք նույն ստրուկներ էիք լինելու, որովհետև ձերը ներսի՜ց է, ի ծնե և ցմահ։ Ուրեմն սև նախանձով նախանձեք նրանց և թող նվաստացման ծծումբը քրքրի ձեր ներսը, որովհետև նրանց գոյությամբ դուք հարյուրապատիկ ու հազարապատիկ ավելի անտանելի եք դառնում, և նրանց ազնվական խորապատկերի վրա հարյուրապատիկ ու հազարապատիկ ավելի է ընդգծվում ձեր՝ ծախվելու պատրաստ և օրվա իշխանությունների մեջ գնորդներ փնտրող կերպարների թշվառությունը։
Լիբերալներին կուզեի հանգիստ թողնել, բայց այնուամենայնիվ հիշեցնեմ, որ քաղաքի որևէ թաղամաս ռմբակոծելուց առաջ թշնամին հարցաթերթիկներ չի բաժանում նրանց բնակարանների տեղը ճշտելու և պատուհանները չվնասելու մտահոգությամբ։
Նախանձե՜ք ազատամարտիկներին նաև դուք ազնիվ մարդիկ, ինչպես հերթապահ մնացողն է նախանձում մարտի գնացող ընկերներին։ Ես գիտեմ, որ ձեզ համար գնալ, կռվելն ավելի հեշտ է, քան մնալ և գործ անելը։ Դիմացե՜ք, երևի դա էլ ձեր կռիվն է։
Աշխարհը կառավարողները շատ կուզենային Ղարաբաղը դարձնել հավերժական մսաղաց և այնտեղ ոչնչացնել հայ գենոտիպի ամենավառ դրսևորումները, բայց դա չի լինելու ոչ միայն այն պատճառով, որ մեր գենոտիպից դեռ ոչ ոք գլուխ չի հանել, այլ որովհետև Ղարաբաղում լինելու է հաղթանակ և խաղաղություն՝ շնորհիվ աշխարհի ամենաազատ մարդու, որը է ռազմիկը։ Գերմարդու որևէ հավակնություն չունենալով հանդերձ, նա ինքն է օրենքը և իրավունքը, ինքն է դատավորը և դատավճիռ իրականացնողը, ինքն է պաշտպանը, ծառան ու տերը միաժամանակ։ Ազատամարտիկի վազած 100 մետրով ազատագրվում է ամբողջ 100 մետր պատմական Հայրենիք, նրա սողացած 10 մետրով (երանի նրան, ով առանց տեսնելու կհավատա) և՜ս 10 մետրով ամբողջանում է նախկին և ապագա Երկիր դրախտավայրը, որովհետև հենց ինքն է, իր մարմինն է ԼՂՀ պետական սահմանի քայլող նշանախեցը։
Հ.Գ. Ես չեմ հավատում, որ պարտվողականության միտող այս մթնոլորտում (Երևանում) որևէ հոդված կարող է օգնել գործին։ Սա ավելի շուտ զեղում է, քան հոդված, իսկ զեղումներն այդպես են կոչվում հենց այն պատճառով, որ ինքնաբերաբար են գալիս։ Ես պարզապես ուզում էի ասել, որ աշխարհը հարատև է, բայց և չի պատրաստվում ավելի լավը դառնալ։ Ուրեմն՝ հարատև կռիվը Դաշնակցության քմահաճույքը չէ, և ոչ էլ նրա «հեղափոխականության» ավելորդ ապացույցը։ Դա ապրելու մեզ պարտադրված միակ ու վերջին տարբերակն է, և մեզ մնում է, որ Հայ Դատը միմյանց փոխանցեն իրավատեր ծեր ու մանուկ, ինչպես Արցախում Վարդան Բախշյանի ինքնաձիգն է փոխանցվում նորեկին, որպես վրեժի պարտամուրհակ։
… և գրանցվում է մատյանի մեջ թիվ 119935 AKM։
Մնացյալը դերասանություն է։
5 մայիսի, երեքշաբթի, 1992 թ.
Արմեն ԴԱՎԹՅԱՆ
«ԵՐԿԻՐ»